կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-04 21:31
Տնտեսական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պարարտանյութը եռակի թանկացել է՝ գարնանացանի շեմին շատ լուրջ խնդիրների առջև ենք․ Գառնիկ Պետրոսյան

Եթե դրսից ներկրվող ապրանքների թանկացումը հասկանալի է, ապա տեղականը չպետք է այս պայմաններում գտնվեր՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը՝ խոսելով գյուղատնտեսական ապրանքների գնի ավելի ու ավելի բարձրացման մասին։

«Մենք այսօր շատ լուրջ խնդրի առջև ենք՝ գարնանացանի նախաշեմին առանց այդ էլ գյուղացին լուրջ խնդիրներ էր ունենում, բայց հիմա գումարվեցին նաև մի շարք այնպիսի խնդիրներ, որոնք անցյալում, համենայն դեպս, այդ սրությամբ չէին ծառանում։ Խոսքը պարարտանյութերի մատակարարումների և աննախադեպ բարձր գների մասին է․ այսօր կրկնակի, եռակի և ավելի անգամ պարարտանյութերի առանձին տեսակների գներ բարձրացել են՝ 6 500 դրամից հասնելով 22 000 դրամ։ Բարձրացել է թունաքիմիկատների գինը և անցյալ տարի, և այս տարի, աննախադեպ բարձր է դիզելային վառելանյութի գինը՝ այսօր 500 դրամի միջակայքում է։ Շատ լուրջ խնդիր կա սերմացուների մատակարարման գործում»,-արձանագրեց Գառնիկ Պետրոսյանը։

Այս խնդիրների շուրջ պետք էր վաղօրոք քննարկումներ կազմակերպել, ընդգծեց գյուղատնտեսը, ուսումնասիրություններ, վերլուծություններ անել, ծրագրեր մշակել և իրականացնել։ Ցավոք, ամեն ինչ ինքնահոսի է թողնվել, և հիմա, որ գյուղատնտեսական աշխատանքներն ավելի ակտիվ փուլ են մտնում, նոր-նոր սկսել են խոսել, որ ինչ-որ քայլեր պետք է անեն, բայց այդպես չեն զբաղվում։

«Ոլորտի առջև բավականին լուրջ խնդիրներ կան ծառացած․ գյուղատնտեսության ոլոտում շարունակաբար անկում է գնում և դա շատ ավելի ակնհայտ է դարձել․ շատ վատ է կառավարվում ոլորտը այն պահից սկսած, երբ գյուղատնտեսության նախարարությունը ընդհանրապես լուծարվեց և շատ փոքր մի աշխատախումբ է ընդամենը մնացել Էկոնոմիկայի նախարարության կազմում, ոլորտի խնդիրներով զբաղվողներ կա՛մ չկան, կա՛մ շատ մակերեսային են մոտեցումները»,-ասաց նա։

Պարարտանյութերի եռակի թանկացումը գյուղացուն կստիպի երեք անգամ ավելի քիչ պարարտանյութ գնել ու կիրառել, ինչը լուրջ ազդեցություն կունենա բերքատվության վրա՝ նշեց Գառնիկ Պետրոսյանը։ Եթե քիչ բերք ստանա, բարձրացնի գինը, հետագայում գյուղացիին ստիպված կլինի թողնել իր հողատարածքը։ Եվ եթե մենք այսօր խոսում ենք ավելի քան 50 տոկոս չօգտագործվող հողատարածքների վերաբերյալ, ապա այդ թիվը զգալի կմեծանա։ Նախկին փոխնախարարն ասում է՝ շատ կարևոր է, որ կառավարությունը հրատապ միջոցներ ձեռնարկի, որովհետև եթե գյուղացին հողագործությամբ կամ անասնապահությամբ չզբաղվի՝ կա՛մ մայրաքաղաքում կհամալրի գործազուրկների թիվը, կա՛մ կարտագաղթի։

Առաջիկայում ակնկալվում է նաև մսամթերքի դեֆիցիտ․ կա վտանգ, որ տեղական միսը աստիճանաբար կփոխարինվի ներկրված, որակական ավելի ցածր հատկանիշներով մսով։

«Շատ լավ է, որ մեր ժողովուրդը տեղական արտադրանքի, հատկապես սննդամթերքի հանդեպ առանձնահատուկ և բացառիկ վերաբերմունք ունի․ և՛ թռչնամիսը, և՛ խշոր եղջերավոր կենդանիների միսը, մրգի, բանջարեղենի ցանկացած տեսակի համար միանշանական կողմնորոշված ենք դեպի սեփական արտադրանք, քանի որ շատ լավ գիտենք՝ որակական և համային հատկանիշներն ուղղակի բացառիկ են։ Եվ եթե մենք սկսենք մտածել, որ՝ շատ լավ , թող դրսից էժանը բերեն, դա ընդամենը թվացյալ լոուծում է․ շատ կարճ ժամանակ այդպես կլինի, տեղական արտադրությունն ընդհանրապես կոչնչանա, և մեր հարևան-ոչ բարեկամ երկրները մեկ տարի հետո կբարձրացնեն ապրանքների գներն այն մակարդակի, որը շատ ծանր վիճակի մեջ կդնի մեր սպառողին»,-ասաց Գառնիկ Պետրոսյանը։

Կարտոֆիլը նույնպես խիստ թանկացել է․ գյուղատնտեսը մտահոգություն է հայտնում, որ պատճառն անցյալ տարվա երաշտն է, որի պայմաններում բերքը քիչ էր, այդ երաշտի պայմաններում մի շարք ծրագրեր էր պետք իրականացնել։

«Կարտոֆիլի մշակությամբ զբաղվող ֆերմերներին շատ օգտակար մասնագիտական խորհուրդներ կարելի էր տալ՝ խուսափելու կորուստներից։ Օրինակ, երկարատև տեղումների բացակայության պայմաններում մարդիկ կարտոֆիլի տունկ էին կատարել, սպասում էին ծլարձակի, բույսը ձևավորվի, որպեսզի սկսեն առաջին մշակության աշխատանքները։ Հողում խոնավության բացակայության պատճառով ձգձգվում է ծլարձակման պրոցեսը։ Ուրեմն այդ դեպքում պետք էր խորհուրդ տալ մարդուն ոռոգում կատարել, ծլաջուր պետք էր տալ, այսինքն ոչ ավանդական ագրոտեխնիկա պետք էր կիրառել»,-ասաց Գառնիկ Պետրոսյանը։

Բայց ո՞վ պետք է այդ մասնագիտական խորհուրդները տար, տարակուսեց նա, մեր Գյուղատնտեսության աջակցության կենտրոնները փակել են, և հիմա ամեն մարզի համար ընդամենը 3-ական խորհրդատու է մնացել՝ առանց աշխատելու պայմանների։

Աննա Բալյան

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով․