կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2022-02-02 12:18
Քաղաքական

Ո՞վ է դատավոր Բորիս Բախշիյանի խափանման միջոցի հարցը քննող դատավորը

Ո՞վ է դատավոր Բորիս Բախշիյանի խափանման միջոցի հարցը քննող դատավորը

Երեւանի Աջափնյակի նստավայրում այսօր՝ փետրվարի 2-ին, դատավոր Դավիթ Արղամանյանը քննելու է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ ԱԱԾ քննիչի միջնորդությունը։

Այս միջնորդության քննությունը Դավիթ Արղամանյանին մակագրվելը փաստաբանական համայնքի մոտ քննադատությունների ալիք է բարձրացրել։

Դավիթ Արղամանյանը նոր ձեւավորված՝ մինչդատական վարույթի գործեր քննող դատարանի դատավոր է նշանակվել մի քանի ամիս առաջ։

Իսկ ո՞վ է Դավիթ Արղամանյանը։ Դավիթ Արղամանյանը 2018 թվականի «հեղափոխության» օրերին հայտնի դարձավ որպես թմբկահար։ Մեկ տարի անց նա նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի օգնական, այնուհետեւ՝ դատավոր։

Նախկինում Դավիթ Արղամանյանը ֆեյսբուքյան հարթակում պարբերաբար հանդես էր գալիս քաղաքական գրառումներով ու դատաիրավական համակարգի քննադատությամբ: Նա «Իմ քայլը» դաշինքի իրավախորհրդատուն էր, ինչպես նաեւ ակտիվ «իմքայլական»։

Ուշագրավ է, որ ներկայիս դատավորը 2019 թվականի սեպտեմբերի 17-ին ընդհանուր իրավասության դատարանի դիմաց մասնակցել է ընդդեմ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ կազմակերպած հանրահավաքին: Իսկ երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր դատարանների մուտքերը շրջափակելու մասին, Դավիթ Արղամանյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել էր բոլոր դատարանների հասցեները, որպեսզի շրջափակողները գտնեն նստավայրերը:

Դավիթ Արղամանյանը Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մհեր Արղամանյանի որդին է։ Մհեր Արղամանյանը դատական համակարգում է 1996 թվականից: Հանրային հնչեղություն ունեցող գործեր քննող Արղամանյանը նույնպես քննադատվում է, ինչպես մի շարք փաստաբաններ են ասում՝ իշխանահաճո որոշումներով։

News.am