Փոխարժեքներ
12 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.35 |
EUR | ⚊ | € 413.87 |
RUB | ⚊ | ₽ 3.8 |
GBP | ⚊ | £ 501.73 |
GEL | ⚊ | ₾ 139.79 |
Երեկ հայտնի դարձավ, որ իշխող վարչախումբը բարձր տեխնոլոգիաների եւ արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանին դիտարկում է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում։
Ի դեմս Վահագն Խաչատուրյանի՝ նախագահի պաշտոնը զբաղեցնելու է քաղաքական կամակատար, որը սեփական կարծիք արտահայտելու իրավունք անգամ չի ունենալու․ Yerkir.am-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց Հայաստանի առաջին օմբուդսմեն, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը՝ շեշտելով՝ այս իշխանությունները վերադարձնում են Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմին։
«Մեկ չի՞, թե ով է նա, այս իշխանության ղեկավարման ներքո ոչ մի բան չի անելու: Նրա պարագայում ունենալու ենք մի նախագահ, որը բավականին գրագետ է, տնտեսական հարցերով խելացի մտքեր է արտահայտում, բայց քաղաքական դեմք չէ: ՔՊ-ն ինչ թելադրի, նա կատարելու է: Քաղաքական կամակատար է լինելու։ Բացարձակապես չենք իմանալու նրա՝ որպես քաղաքական գործչի մոտեցումները, որովհետեւ դրանք միշտ համընկնելու են գործող իշխանության տեսակետների հետ, ես համոզված եմ»,- նշեց Ալավերդյանը:
Որպես նախարար բնավ աչքի չընկած Խաչատուրյանի մասին մամուլը վերջին շրջանում սկսեց ակտիվորեն գրել, երբ հայտնի դարձավ, որ նա քաղաքապետ եղած տարիներին Արամի 3 հասցեի շենքը «ջրի գնով»՝ 5655 ԱՄՆ դոլարով, վաճառել էր «Սիլ կոնցեռնի» հիմնադիր Ալբերտ Սուքիասյանին՝ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հորը։
Ալավերդյանի խոսքով՝ այս իրողությունը ցուցիչ է, որ Վահագն Խաչատուրյանը իշխանությունների ձեռքին լինելու է կամակատար՝ փակելով աչքերը անօրինությունների վրա։
«Արամի 3 հասցեի շենքի վաճառքը եղել է առաջին նախագահի եւ նրա նախկին թիմի կամքը, ուստի վերջինս վաճառել է: Բնավ հետաքրքիր չէ՝ նա այդ անօրինական գործարքից ունեցե՞լ է օգուտ, թե՞ ոչ։ Ինձ հետաքրքրում է, թե ինչ վնաս է հասցվել պետությանը եւ քաղաքացուն: Սա ցուցիչ է, որ նա պատրաստ է լինելու աչքերը փակել անօրինությունների վրա: Հուսով եմ, որ նա այնպիսի նախաձեռնություններով հանդես չի գալու, որոնք ավելի մրցունակ կլինեն ՔՊ-ի հետ: Երբ ասում եք այդ բիզնեսմենի անունը, ես պիտի ասեմ, որ ոչ միայն հոր հանդեպ է այդ վերաբերմունքը եղել, այլեւ նաեւ Ղարաբաղյան հարցով «մասնագետ» Խաչատուր Սուքիասյանի»,- հավելեց նա՝ որպես իր խոսքի վկայություն մեջբերելով 1988թ․ ներքաղաքական վիճակից որոշակի դրվագներ։
«Այն փուլում երբ Հայաստանը պատերազմից եւ երկրաշարժից հետո վատ վիճակում էր, հայտնվեցին հետամնաց օլիգարխներ: Օլիգարխներ ասելով՝ նկատի ունեմ ոչ միայն նրանց հարստության չափերը, այլեւ ազդեցությունը՝ հետագա տարիներին օրենսդրական դաշտի, տնտեսական հարցերի վրա»,- ասաց Ալավերդյանը:
Հասարակական ընկալումներում Արմեն Սարգսյանը նույնպես իշխանության հետ աշխատելիս կամակատարի պատվանդանին էր, ի՞նչն էր կաշկանդում կառավարությանը կամ Արմեն Սարգսյանին, որ այս փուլում էլ շարունակեր պաշտոնավարել։
«Արմեն Սարգսյանը այս առումով ՔՊ-ի թիմից չէ եւ շատ մեղմ երագներով արտահայտվում էր գործող վարչախմբի գործողությունների մասին: Վահագն Խաչատուրյանը ընդանրապես չի ցուցաբերելու ինքնուրույնություն: Արմեն Սարգսյանը ուներ հեղինակություն աշխարհի տարբեր շրջանակներում, եւ դա կաշկանդում էր ՔՊ-ին: Այս անձնավորությունը այնքան անհայտ է միջազգային հանրությանը, ինչպես այսօրվա ընտրված քաղաքապետը եւ մարդու իրավունքների պաշտպանը: Այս իշխանությանը պետք են անդեմ, անհայտ անձինք»,- մեկնաբանեց իրավապաշտպանը:
Ալավերդյանը վստահ է՝ առաջիկա մեկ-երկու ամսում քաղաքական զարգացումներ են տեղի ունենալու: «Կարծում եմ, որ, ի տարբերություն առաջին նախագահի թիմի ներկայացուցիչների եւ այսօրվա իշխանությունների, Արմեն Սարգսյանն ուներ կարմիր գծեր: Սեղանին վաղուց դրված է «սեւ թուղթ», որը մեզ հայտնի չէ: Բայց որեւէ բան գաղտնի չի կարող մնալ: Ես չգիտեմ, թե ուրիշ էլ ինչի են սպասում․ հիմա Թուրքիայի հետ սահմանների ճանաչում է գնում, Ադրբեջանի հետ՝ խիստ կասկածելի գործարքներ, այդ թվում՝ տնտեսական եւ այլն: Նախագահ բերում են մեկին, որը ռիսկ էլ չի անելու մտածելու այլ ձեւ: 2018թ. մենք տեսել ենք իրադարձություններ, որոնք ամբողջովին արտահայտում էին ՀՀՇ-ական ազգադավ քաղաքականության տրամաբանությունը, եւ հիմա էլ դա շարունակվում է»,- ընդգծեց Ալավերդյանը:
Անդրադառնալով հայ-թուրք-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման փաշինյանական մոտեցումներին՝ իրապաշտպանը մատնանշեց ռիսկերն ու վտանգները։
«Ասում են՝ ի՞նչ վատ բան կա Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման մեջ: Այդ երկու պետությունները միջազգային իրավունքով արգելված մի խումբ հանցագործություններ են իրականացրել մեր դեմ: Հայաստանը, հանձին այս իշխանության, չի արել մի քայլ, որ պատժելիության սկզբունքը իրականացվի՝ լինի անօդաչու թռչող սարքերի կիրառումը խաղաղ բնակչության դեմ, վարձկանների բերելը տարածաշրջան եւ նրանց օգտագործելը զինված բախման ժամանակ: Սրանք հանցագործություններ են, որոնք չունեն վաղեմության ժամկետ: Այս իշխանությունները ուզում են հանցագործների հետ մտնել բանակցությունների մեջ, ինչը ինքնին նշանակում է հանցավոր համագործակցություն»,- շեշտեց Լարիսա Ալավերդյանը:
Լիանա Սարգսյան