Փոխարժեքներ
12 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.35 |
EUR | ⚊ | € 413.87 |
RUB | ⚊ | ₽ 3.8 |
GBP | ⚊ | £ 501.73 |
GEL | ⚊ | ₾ 139.79 |
Այսօր լրագրողների հետ զրույցում իրավապաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ-ի նախագահ Լարիսա Ալավերդյանն անդրադարձել է ԵԽԽՎ-ում ընդունված՝ Ռոբերտ Ուոլթերի հակահայկական զեկույցին:
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստում ձայների՝ 24 կողմ, 16 դեմ հարաբերակցությամբ հավանության է արժանացել բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի՝ «Բռնության էսկալացիան Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» հակահայ զեկույցը: Հայկական պատվիրակությունն առաջարկ է ներկայացրել, որ քննարկումը դադարեցվի և նոր զեկուցող նշանակվի, ով կլինի ավելի օբյեկտիվ և իրականության հետ աղերս ունեցող զեկույց կներկայացնի, այլ ոչ թե կլինի Ադրբեջանի կամակատարն ու պատվերների կատարողը, ինչը, սակայն, մերժվել է:
Լարիսա Ալավերդյանի համոզմամբ՝ հայկական կողմը վաղուց պետք է ունենար այնպիսի մի ինստիտուտ, որը կնախապատրաստեր հայկական պատվիրակության պատգամավորներին ԵԽԽՎ-ում աշխատելու համար: Դրանք պետք է լինեին փորձագետներ: Մինչդեռ՝ Ադրբեջանը, այդ առումով, կիրառում է բոլոր գործիքները, աշխատում սիստեմատիկ և կարողանում է իր անարդար սուտն առաջ տանել, որը, ի դեպ, քաղաքականության մեջ կարող է աշխատել անգամ տասնյակ տարիներ:
«Հայկական պատվիրակությունը այդպես էլ չգտավ աշխատելու ձևը այն ոլորտում, որը կոչվում է պառլամենտական դիվանագիտություն: Պետք է ոչ թե վերջում զարմանալ, այլ նախապես աշխատել»,- ասաց Լարիսա Ալավերդյանը` հավելելով, որ հայաստանյան լոբբին առհասարակ բացակայում է Եվրոպայում: Ըստ նրա՝ հայկական պատվիրակության ոչ մի օղակը պատշաճ չի աշխատել Եվրոպայի խորհրդում` հերթական անգամ ցույց տալով իր անօգնական վիճակը:
Միաժամանակ, Լարիսա Ալավերդյանը ուրախություն հայտնեց, որ Ուոլթերն ավարտում է իր գործունեությունը ԵԽԽՎ-ում, և այդ հակահայ զեկույցը ոչ թե նրա կարապի երգն էր, այլ ագռավի կռռոցը: Խոսելով, իր ձևակերպմամբ, «պիղծ մադրիդյան սկզբունքների մասին»՝ Լարիսա Ալավերդյանը հավելեց, որ Ուոլթերի զեկույցն էլ պատկանում է այդ պիղծ զեկույցների շարքին:
Նրա կարծիքով՝ հայկական կողմն այդպես էլ չկարողացավ 21 տարիների ընթացքում ինչ-որ բան փոխել ԼՂ հարցի մոտեցման մեջ, առ այն, որ ոչ թե Հայաստանն է զբաղեցրել իրեն չպատկանող տարածքները, ընդհակառակը՝ վեճը սկսել է Ադրբեջանը և այդ վեճի մեջ տանուլ է տվել այն տարածքները, որոնք վիճելի է համարել: Եվ այդ պարզ բանաձևը հայկական պատվիրակությունը չի կարողացել անգամ շրջանառության մեջ դնել: Ըստ Լարիսա Ալավերդյանի՝ դրա վրա չի աշխատել ո\'չ պետական, ո\'չ քաղաքական, ո\'չ դիվանագիտական միտքը:
Հարցին, թե ի՞նչ կարծիք ունի հայկական պատվիրակության կազմի մասին, որի աշխատանքը անբավարար է համարում, Լարիսա Ալավերդյանը չցանկացավ պատասխանել՝ ասելով, որ չի ցանկանում անձերի վրա կենտրոնանալ, այլ` պատվիրակության մոտեցման, որովհետև եթե մոտեցումը ճիշտ լիներ, հայկական կողմը կունենար ավելի լավ արդյունք:
Հարցին, թե ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ այդ հակահայ զեկույցը, նա պատասխանեց. «Ինչպես ղարաբաղցիներն են ասում` տլական չըմ, չենք տալու, դա տեղի չի ունենալու, բայց քաղաքականության մեջ ամեն մի փաստաթուղթ կարող է գործընթացի համար ծանրակշիռ փաստարկ դառնալ Ադրբեջանի ձեռքին: Մենք չենք կարողանում Եվրոպային ներկայացնել կոնֆլիկտի ճշմարիտ պատկերը: Մարդիկ իրապես այլ կերպով են պատկերացնում այս վեճը: Մինչդեռ՝ հայկական պատվիրակությունը որդեգրել է շատ սխալ մի ռազմավարություն, որ ԵԽԽՎ-ում հայկական կողմը թող սուր ելույթներ չունենա, թող սպասի, միևնույն է` Ադրբեջանի սուտը չի անցնելու: Պետք է հակազդել ու ամենօրյա ռեժիմով աշխատել, ոչ թե աշխատել նստաշրջանից նստաշրջան: Պետք է աշխատենք, որ ստանանք արդյունք, այլ ոչ թե սպասենք, որ մի օր սրբերի ժողով է լինելու Եվրոպայում, որտեղ կհաղթանակի մեր արդարարությունը: Դա չի լինելու»: