կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-26 16:49
Հասարակություն

DJ Վակցինան «վարակիչ շղթայի» մեջ է` հաջողեցրել է 14 օրում 6-7 մասնագիտությամբ աշխատել ու ամբողջ հոնորարն ուղղել բարեգործությանը

DJ Վակցինան «վարակիչ շղթայի» մեջ է` հաջողեցրել է 14 օրում  6-7 մասնագիտությամբ աշխատել ու ամբողջ հոնորարն ուղղել բարեգործությանը

Սոցիալական պատասխանատվության դրսեւորում․ ահա մոտիվացիան, որը մղել է DJ Վակցինային (Արուսիկ Մկրտչյան)՝ օրը մեկ մասնագիտություն փոխել, աշխատել եւ ստացած հասույթը փոխանցել  բարեգործական հիմնադրամի։

Արդեն երկու շաբաթ է, ինչ մեկնարկել է «Ի գործ» բարեգործական արշավը, որի շրջանակում DJ Վակցինան աշխատանքի է անցնում տարբեր կազմակերպություններում եւ ստացած աշխատավարձը ամբողջությամբ փոխանցում  Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամ - HFC Armenia-ին։ Այսպես արդեն մոտ 592 հազար դրամ է կուտակվել։ Մոտ 50 գործատու էլ դեռ սպասում է։

«Հաշվի առնելով այն, թե քանի գործատուից եմ աշխատանքի նոր հրավեր ստացել, վստահ եմ՝ գումարը դեռ մեծանալու է եւ ամբողջությամբ փոխանցվի հիմնադրամին։ Արդյունքում՝ կունենանք եւս մեկ առողջացած երեխա: Սոցիալական պատասխանատվության դրսեւորում է, երբ մարդը գիտակցում է, որ կարող է ինչ-որ բան փոխել սոցիումի մեջ։ Այդ պատասխանատվության զգացումն է, որ հնարավորություններ է տալիս բարեգործական ոլորտում մեծ փոփոխություններ անել»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասում է DJ Վակցինան։

Նա ընդգծում է՝ արշավով կարողանում է ոչ միայն գումար հավաքել եւ ուղղել երեխաների բուժմանը, այլ նաեւ խթան հանդիսանալ այն կազմակերպությունների եւ անհատների համար, որոնք ցանկանում են բարեգործություն անել եւ չեն կողմնորոշվել, թե ինչպես:

«Այս տարբերակը նրանց շատ հարմար է, քանի որ գովազդվում է ամբողջ ընթացքը: Իհարկե, չեմ ընդունում, որ բարեգործությունը միշտ պետք է գովազդել, գրեթե չի կարելի գովազդել, բայց եթե չբարձրաձայնվի, ինչ-որ մեկը օրինակ չծառայի, գուցե մյուսներն այդ քայլը չանեն: Լավ իմաստով՝ սա նաեւ «վարակիչ շղթա» է, եւ դրա արդյունքն այս պահին ես տեսնում եմ»,- նշում է DJ Վակցինան:

Արշավը մեկնարկել է հունվարի 14-ից եւ կավարտվի մարտի կեսերին: DJ Վակցինան շեշտում է՝ եթե գործատուներ լինեն, կանգ չի առնելու, որովհետեւ նպատակը՝ որքան հնարավոր է հիմնադրամին ֆինանսական մեծ օգնություն փոխանցելն է։

«Հիմնադրամը հիմնականում զբաղվում է առողջական ծայրաստիճան բարդ խնդիրներ ունեցող երեխաներով, որոնք աջակցության կարիք ունեն, եւ պետությունը պետպատվեր չի իրականացնում, օրինակ՝ ոսկրածուծի փոխպատվաստման կամ արտասահմանում քաղցկեղի ու այլ խնդիրների բուժման դեպքում։ Գործատուների թիվն այս պահի դրությամբ 50-ը գերազանցում է: Օրեր կա՝ն երկու տեղ եմ աշխատելու, կազմակերպույուններ կան, որոնց հետ կարճաժամկետ աշխատանքի պայմանավորվածություն ունեմ: Հիմնադրամի տնօրենի հետ դեռ պետք է հասկանանք, թե ինչպես է գումարը ծախսվելու՝ կոնկրետ մե՞կ երեխայի բուժման համար, թե՞ այլ կերպ: Ամեն ինչի մասին պետք է հաշվետու լինեմ»,- մանրամասնում է նա:

Ամենանվազագույն աշխատավարձը որ ստացել է, 35 հազար է եղել՝ 5 ժամվա համար, առավելագույն աշխատավարձը՝ 80 հազար: Մոտակա օրերին ավելի ծանր աշխատանք է իրականացնելու, բնականաբար, վճարվելու է ավելի շատ․ արեւային պանելներ պետք է պատրաստի ու տեղադրի։

DJ Վակցինան ասում է՝ տպավորված է հատկապես լրագրողի աշխատանքով,երբեք իրեն այս ոլորտում չի պատկերացրել։ Լրագրողի դերում հայտվել է «Armenpress» լրատվական գործակալություն «Փոդքաստ»-ի տաղավարում։

«Տպավորիչ էր, որովհետեւ թեման, որի մասին խոսում էինք, բարեգործությունն էր եւ դրա մեխանիզմները։ Հյուրընկալել էի «Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամ»-ի հիմնադիր-տնօրեն, «ReArmenia» համագործակցության հարթակի առողջապահության խորհրդատվական խմբի առաջատար փորձագետ Արմեն Արմոս Մարտիրոսյանին եւ ՀՕՖ-ի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի տնօրեն, «ReArmenia»-ի սոցիալական աջակցության խորհրդատվական խմբի առաջատար փորձագետ Միրա Անտոնյանին»,- աում է նա։

Լիանա Սարգսյան