Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայաստանից մարդիկ ուղղակի փախչում են ԱՄՆ: Այդ երկիր մեկնելու դժվարություններից ելնելով (հիշենք արտագաղթել ցանկացողների վերջին հանրահավաքը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան առջև)՝ մարդիկ փախուստի նոր, ԱՄՆ օրենքները շրջանցող և բավականին թանկ արժեցող, միաժամանակ՝ չափազանց վտանգավոր ուղի են գտել: «Ճանապարհային քարտեզը» հետևյալն է՝ մարդիկ զանգվածորեն մեկնում են Մեքսիկա, որտեղից էլ մեքսիկացի միջնորդները նրանց անօրինական ճանապարհով անցկացնում են ԱՄՆ:
Yerkir.am-ը պարզել է որոշ մանրամասներ: Այսպես՝ մեկնողներն ԱՄՆ-ում գտնվող իրենց հարազատների միջոցով կամ արդեն այդ ճանապարհով մեկնածների օգնությամբ վաղօրոք ճշտում են, թե Մեքսիկայում ինչ պետք է անեն, ուր գնան և ում դիմեն: Հաջորդ քայլը Մեքսիկա մեկնելն է, որտեղ, պայմանական ասված, «գաղթականների ճամբարում», որոշ ժամանակ էլ հենց Մեքսիկա-ԱՄՆ սահմանի մոտ անցկացնելուց հետո հայ ներգաղթյալները մեքսիկացի միջնորդների օգնությամբ ապօրինաբար հատում են ԱՄՆ պետական սահմանը:
Միջնորդական ծառայության դիմաց մեքսիկացիներին վճարում են՝ կախված հանգամանքներից և այլնից: Ավելին՝ վճարի չափը մեծապես ազդում է ԱՄՆ տարածք անցնելու և՛ ժամկետների, և՛ որակի վրա: ԱՄՆ տեղափոխված Աշխենը (անունը փոխված է), պատմել է, որ վճարի չափը տատանվում է՝ յուրաքանչյուր անձի համար կազմելով 25-40 հազար, լինում են դեպքեր՝ մինչև 50-60 հազար ԱՄՆ դոլար:
Նրանք, ովքեր շատ վճարելու հնարավորություն ունեն, անցնում են ավելի հեշտ տեղերով ու քիչ են սպասում, օրինակ՝ մի քանի օր: Իսկ նրանք, ովքեր հնարավորություն չունեն և, օրինակ, վճարում են 25 հազար դոլար, և՛ ստիպված են շաբաթներով, անգամ ամիսներով սպասել Մեքսիկայում, և՛ անցնել սարսափելի պայմաններում: Նման դեպքերում, օրինակ, մեքսիկացի միջնորդները ուղեկցում են հարմար մի վայր և առաջարկում անտառներով կամ մացառուտներով հատել ԱՄՆ սահմանը: Բնականաբար, նման դեպքերում հայ սահմանախախտների վրա անգամ կարող են կրակել, գրանցվել են նաև ձերբակալման դեպքեր, որոնց կապակցությամբ հարուցված քրեական գործերը քննվում են ԱՄՆ-ում: Բայց անգամ այդ ամենը չի կանգնեցնում մարդկանց, որոնք ուղղակի փախչում են Նիկոլի «ազատ և երջանիկ» Հայաստանից:
Մեքսիկայից ապօրինի ԱՄՆ ներթափանցելու ժամկետներն ու ուղիները կախված են նաև մեքսիկացի միջնորդների ճարպկությունից: Սրբուհին (անունը փոխված է), որն աշխատել է Երևանի գեղեցկության սրահներից մեկում, փաստել է՝ եթե բախտդ բերեց և լավ մեքսիկացու մոտ ընկար, լավ կանցնես և չես սպասի, իսկ եթե՝ ոչ, ապա ստիպված ես երկար սպասել: Լինում են նաև խաբեության դեպքեր, օրինակ՝ մեքսիկացիները մեծ փող են վերցնում՝ արագ և որակով անցկացնելու խոստման դիմաց, սակայն հետո պարզվում է, որ այդ դեպքում էլ ես երկար սպասելու և մեծ դժվարությամբ հատելու ԱՄՆ սահմանը, ինչպես քիչ վճարողները:
Բնականաբար, քչերը կարող են վճարել այդքան մեծ գումարներ, գումարած դրան՝ ճանապարհածախս, Մեքսիկայի այցագրի (վիզա) համար անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպում, Մեքսիկայում «սպասելավճարներ» և այլն, որոնց հանրագումարը բավականին մեծ թիվ է դառնում:
«Նման դեպքերում կա՛մ օգնության են շտապում ՀՀ-ից արտագաղթողների՝ ԱՄՆ-ում ապրող հարազատները, կա՛մ, որն ավելի հաճախ է պատահում, մարդիկ ուղղակի վաճառում են ամբողջ անշարժ գույքը, ունեցվածքը և գրեթե ամբողջ գումարը ներդնում այդ գործի մեջ»,- անդրադառնալով խնդրին՝ մեզ հետ զրույցում նշեց Հայաստանի տուրիստական ընկերություններից մեկի ներկայացուցիչը: Ոլորտի ներկայացուցիչների հետ մեր զրույցներից պարզվեց, որ ահագնացող չափերի է հասնում Մեքսիկայի վիզա ստանալու համար դիմող ՀՀ քաղաքացիների թիվը (նրանք վիզա ստանալու համար դիմում են ՀՀ-ում Մեքսիկայի դեսպանատուն, որը գտնվում է Մոսկվայում):
ԱՄՆ հասնելով կամ, ավելի ճիշտ, ԱՄՆ ներթափանցելով՝ Հայաստանից փախչողները, բնականաբար, որևէ կարգավիճակ չունեն, քանի որ պարզ սահմանախախտներ են, և իրավական առումով նրանց ներկայությունը որևէ կերպ չի ամրագրված ԱՄՆ-ում: Նրանք պետք է տարիներով ծպտյալ ապրեն և սպասեն, մինչև ինչ-ինչ ձևերով ստանան կացության իրավունք և այլն:
ԱՄՆ-ում ապօրինի հայ ներգաղթյալները հիմնականում աշխատանքի են անցնում հարազատների օգնությամբ: Սրբուհին, օրինակ, նշել է, որ ինքը արդեն աշխատում է իր մասնագիտությամբ: Ավելին՝ նա փաստել է, որ իր՝ ԱՄՆ արտագաղթելու պատճառներից մեկն էլ այն է, որ հիմնականում վերջին մեկ տարվա ընթացքում այդ ճանապարհով ԱՄՆ են տեղափոխվել իր լավագույն հաճախորդները, որոնք ևս հորդորել են Սրբուհուն՝ գալ ԱՄՆ՝ խոստանալով, որ այնտեղ ևս կշարունակեն օգտվել իր որակյալ ծառայություններից:
Ինչո՞ւ են մեկնում հայրենիքից, այն էլ՝ նման զարտուղի և վտանգավոր ճանապարհներով․ հարցին գրեթե բոլորը նույն պատասխանն են տալիս՝ Նիկոլի Հայաստանում ապագա չկա:
Վ. Սարգսյան