Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մենք խնդիր չենք ունեցել որևէ գյուղացու կամ քաղաքացու հետ, որն իր կարիքների համար անտառափայտի հարց է ունեցել: Լրագրողներ հետ զրույցում նման կերպ արձագանքեց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը` անդրադառնալով ապօրինի ծառահատումների խնդրին:
Ըստ նախարարի` երբ իրենք փորձում են խստացնել ծառահատման ռեժիմը` բացառելով ապօրինի ծառահատումները, հայտնվում են մարդիկ, ովքեր պահանջում ու սկսում են քննադատել, թե` մեր ապրուստի միջոցն եք կտրում:
«Խոսքը գնում է այն մարդկանց մասին, ովքեր կազմակերպված կերպով գյուղացիներին հանում են փողոց` փորձելով իրենց անձնական բիզնես շահը ներկայացնել որպես մեր քաղաքացիների ապրելու բնական իրավունքի իրացում: Սա վկայում է այն մասին, որ այս անձինք փորձում են օգտագործել մյուսներին: Էկոմշակույթի բացակայության մասին է խոսում այն, որ որոշները մտածում են` ծառը հատելով, կարող են իրենց ապրուստը վաստակել, բայց չէ՞ որ ծառն իրենց երեխաների ապագան է: Հայաստանն անտառներով հարուստ չէ, սրանք այն անտառները չեն, որ կտրենք ու մտածենք` հետո լավ կլինի»,- ասաց Մինասյանը:
Ըստ նրա` պետք է հավասարակշռենք երկու շահ` տնտեսական ու բնապահպանական, բայց սա էլ չի արդարացնում խնդիրը, որ պետք է աչք փակենք անտառահատումների վրա:
Նախարարը տեղեկացրեց նաև, որ իրենք «Դիլիջան» ազգային պարկում 2014-ի օգոստոսից մինչև 2017-ի կեսերը 6000-ից ավելի ծառահատման դեպքեր են արձանագրել: Մինասյանի հավաստմամբ` չի բացառվում, որ ավելի մեծ քանակություն է եղել: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, հանգամանքները քննվում են:
«Անտառների պահպանման համակարգը թույլ չի տալիս անձնավորված կիսել ծառահատման պատասխանատվությունը, քանի որ ՀՀ-ն չունի ծառի հատման վաղեմությունը չափող համակարգ, ինչպես նաև արբանյակային տեղեկատվական համակարգեր, որոնք հնարավորություն կտան 24-ժամյա վերահսկողություն իրականացնել: Սակայն մենք փորձում ենք այդ խնդիրը լուծել և առաջիկայում ձեռք կբերենք ծառահատման վաղեմությունը չափող համակարգ»,- ասաց բնապահպանության նախարարը: