Այսպես, 1907թ. դեկտեմբերին Փարիզում տեղի է ունենում Օսմանյան կայսրության ընդդիմադիր ուժերի II համաժողովը, որին մասնակցող կուսակցությունները, եկան, մինչև 1909 թվականը համատեղ ջանքերով աբդուլհամիդյան վարչակարգը տապալելու և Օսմանյան կայսրությունում Սահմանադրական կարգեր հաստատելու հարցի շուրջ: Սակայն իրադարձությունները զարգացան գլխապտույտ արագությամբ և հեղաշրջումը տեղի ունեցավ նախապես ծրագրված ժամկետից շուտ:
1908թ-ի հուլիսի 10 (23)-ին Նիազի և Էնվեր բեյերի գլխավորությամբ Մակեդոնիայում թուրքական զորքերը ապստամբում են և շարժվում Կ.Պոլիս, սուլթանից պահանջելով վերականգնել 1876թ-ին ընդունված, բայց երբևիցէ չգործադրված, այսպես կոչված «Միտհատյան Սահմանադրությունը»: Կարճ ժամանակում տեղի է ունենում պետական հեղաշրջում և հաստատվում են սահմանադրական միապետական կարգեր, երկրում վճռական ազդեցութուն են ձեռք բերում երիտթուրքերը: Հուլիսի 24-ին սուլթանը համաձայնագիր ստորագրեց սահմանադրության և խորհրդարանի գործարկման մասին(այս հեղաշրջումը կատարեցին բացառապես երիտթուրքերը, օսմանյան կասյրության մակեդոնական բանակի սպաների օգնությամբ, և միամտություն կամ նենգամտություն է, ՀՅԴ-ի կամ որևէ այլ ուժի այս հեղաշրջաման իրականացմանը մասնակցելու մասին պնդումը):
Սուլթան Աբդուլ Համիդ II-ի տապալումը երկրի բոլոր ժողովուրդների շրջանում մեծ խանդավառություն առաջ բերեց, մանավանդ, երբ երիտթուրքական հեղաշրջումից հետո հայերը ևս հռչակվեցին Օսմանյան կայսրության «իրավահավասար» քաղաքացիներ, իսկ երիտթուրք պարագլուխները սկզբում հմտորեն թաքցնում էին, իրենց ազգայնամոլ բնույթը, ներկայանալով, որպես Օսմանյան կայսրությունում ապրող բոլոր ժողովուրդների իրավունքների պաշտպան: Հայերի մեծ մասը հավատաց երիտթուրքերի ոչնչով չերաշխավորված խոստումներին՝ կարծելով, որ վերջ կդրվի այն դարավոր հալածանքներին, որոնց ենթարկվել և ենթարկվում էր հայ ժողովուրդը: Հեղաշրջման սկզբնական շրջանում իրո՛ք կայսրությունում տեղի էին ունենում դրական տեղաշարժեր: Երիտթուրքական հեղաշրջումից հետո, բանտերից ազատ արձակվեցին մեծաթիվ քաղբանտարկյալներն ու մտավորականները: Ինչպես գրում է այդ օրերի մասին Ա. Ադոսիդեսը. «Թուրքական հեղափոխությանը» հաջորդած օրերին այդ անսպասելի իրադարձությունը փառաբանող տոների Կոստանդնուպոլսում Զմյուռնիայում, և Անատոլիայի մի շարք կենտրոններում տեղի ունեցած ցույցերի ժամանակ թուրքերն ու հայերն առանձնահատուկ սրտակցությամբ եղբայրացան: Նույնիսկ չլսված բաներ տեղի ունեցան:Տեսնողներ եղան, թե հայ քահանաներն ու մահմեդական փաթթոցավորները՝ մոլլաներն ու հոջաները ինչպես են ողջագուրվել և հաշտություն խորհրդանշող համբույր փոխանակել…»:
Օսմանյան կայսրությունը հայտարարվում էր այնտեղ բնակվող բոլոր ժողովուրդների՝ մահմեդական և ոչ մահմեդական «ընդհանուր հայրենիք»:
Երիտթուրքական հեղաշրջումը և դրան հաջորդած ժամանակաշրջանը իսկական փորձություն էր հայ ազգային քաղաքական ուժերի համար: Այս շրջանում քաղաքական ասպարեզ մտան նաև նոր կազմակերպություններ,դրանցից էր՝ 1908թ-ի հոկտեմբերի վերջին Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում հիմնադրված «Հայ Սահմանադրական Ռամկավար» կուսակցությունը,որն իր ծրագրում նշում էր,որ այլևս հեղափոխական կուսակցությունների կարիք չկար:Այն գործում էր գլխավորապես Վան-Վասպուրականում, որտեղ այս կուսակցությանն անդամագրվեցին նախկին արմենականների զգալի մասը:Իրենց ծրագերը նոր պայմաններին համապատասխան վերաձևակերպեցին նաև Հնչակյան Հեղափոխական (Հին Հնչակյան) և Վերակազմյալ Հնչակյան կուսակցությունները:Հնչակյան հեղափոխական կուսակցությունը վերանայեց նաև իր անունը՝ կոչվելով Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցություն (ՍԴՀԿ):
Այն, որ Դաշնակցությունը պաշտպանում էր Սահմանադրությունը անհերքելի փաստ է, բայց հարկ է նշել, որ Դաշնակցությունը նոր պայմաններում էլ շարունակեց իր պայքարը՝ թեև այլ մեթոդներով: «Խորհրդարանի բեմէն իր երեսփոխաններու բերնով, «Իթթիհատ»ին հետ ուղղակի խոսակցութիւններով թէ մամուլով, Դաշնակցութիւնը շարունակեց պահանջել օսմանեան կայսրութեան ծիրին մէջ ներքին ինքնավարութեամբ օժտված Հայաստան մը՝ համաձայն 1907ի իր ծրագրին եւ 4րդ եւ 5րդ Ընդհ. Ժողովներու բանաձեւումներուն(Տասնապետեան Հր., Հ.Յ.Դաշնակցութիւնը իր կազմութենեն մինչեւ Ժ ԸՆԴՀ. Ժողովը-էջ 93):
Դաշնակցությունն էլ, օսմանյան կայսրության մյուս կուսակցությունների նման իր պատգամավորներն ուներ օսմանյան խորհրդարանում, (Մեջլիս),այստեղ իր պատգամավորներն ուներ, նաև հայկական մեկ այն կուսակցություն Ս.Դ.Հ.Կ-ն, իրենից ազդեցիկ ուժ էր ներկայացնում վերաբացված Հայոց Ազգային Ժողովում,որի կենտրոնական դեմքերից էր Հարություն Շահրիկյանը:
Դաշնակցության առաջատար դիրքը, հայ հասարակության քաղաքական կյանքում, հայկական մյուս կուսակցությունների մոտ առաջ բերեց անզուսպ թշնամանք ՀՅԴ-ի նկատմամբ, որը առավել սրվեց հատկապես հետագայում՝ խորհրդային վարչակարգի տարիներին, թշնամանք, որից ծնված մեղադրանքները հաճախ անցնում էին բանականության բոլոր սահմանները և վերածվում զրպարտության:
Բնական է, որ ՀՅԴ-ի դեմ ուղղված այս կատաղի արշավը անհետևանք չանցավ,քանզի ամենաանհավանական թվացող մեղադրանքներն ու չափազանցված քննադատությունները իրենց ազդեցությունն էին թողնում առավել պարզունակ մտածողություն ունեցողների կամ դյուրահավատների վրա և համապատասխան տրամադրություններ ստեղծում.
«Տարածեցին մինչեւ անգամ-շինծու փաստաթուղթերով «հաստատեցին» հայանուն թերթերու մէջ-թէ իբր Սելանիկում կնքուած համաձայնութեամբ մերինները յանձնառու եղեր են Իթթիհատի առջեւ՝ յաջողցնելու հայութեան ձուլումը թուրք իշխող տարրին մէջ…
«Գործակցութիւն» բառը չարախօս հակառակորդներու բերնին մէջ դարձեր էր ձուլում…Ազատամարտի վճռական հերքումն անգամ անկարող եղեւ ջրել ի սպառ այդ անհեթեթ յերիւրանքը…»(Վարանդեան Մ., Հ.Յ. Դաշնակցութեան պատմութիւն- էջ 440 ):
Դաշնակցության դեմ ուղղված նմանատիպ մեղադրանքնեն ու քննադատութ յունները պարարտ հող ստեղծեցին՝ հատկապես խորհրդային շրջանում ՀՅԴ-ին «դավաճանի» պիտակով կնքելու համար մի երևույթ,որ դրսևորվեց նաև հետխորհրդային շրջանում առանձին անհատների մակարդակով: Ինչպես ցույց տվեցին հետագա իրադարձությունները,հաջորդ երեք-չորս տարիների ընթացքում Իթթիհատի օգնությամբ արևմտահայերին հուզող խնդիրներին հայանպաստ լուծում տալու Դաշնակցության ջանքերը ապարդյուն անցան: Բայց դեռևս շարունակվում էր Դաշնակցություն-Իթթիհատ արդեն զուտ սկզբունքային հարաբերությունները և ՀՅԴ-ի խորհրդարանական գործունեությունը: 1911թ-ի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Կ.Պոլսում գումարված ՀՅԴ 6-րդ Ընդհանուր Ժողովի օրակարգի հիմնական մասը կազմում էր Իթթիհատի հետ Դաշնակցության հարաբերությունների և համագործակցության հարցը: Ընդհանուր Ժողովը հայտարարում էր,որ. «Կառավարութեան եռամեայ քաղաքականութիւնը «ոչ միայն չէ նպաստած այլակրօն եւ այլացեղ ազգերու համերաշխ համակենցաղին, այլ ընդհանրապէս տեղի տուեր է անվստահութիւններու արծարծման եւ ազգային իրավունքներու ճնշումին» թէ տակաւին՝ «Իթթիհատ»ը միջոցներ ձեռք չառաւ պայքարելու եւ մաքրելու իր կազմը աջակողմեան խայտաբղէտ տարրերէ որոնք հետզհետէ բազմանալով իր կուսակցութեան մէջ՝ գերակշիռ ազդեցութիւն ձեռք բերին հոն…»(Տասնապետեան Հր., նշվ., աշխ., էջ 103):
Հաշվի առնելով,որ Օսմանյան Թուրքիայում հայերի դրությունը գնալով վատանում էր,և հավանական ինքնապաշտպանությունը անհրաժեշտություն էր դառնում, Ժողովը ընտրում է «Ինքնապաշտպանության Մարմին»,որը լիազորված էր վարելու զինամարտական ողջ գործը: Դաշնակցության 6-րդ Ընդհանուր Ժողովի կողմից ընդունված «հուշագիր-հայտարարագիրը» Իթթիհատին հանձնվեց 1912թ. սկզբին, երբ Օսմանյան խորհրդարանը ցրված էր և խորհրդարանական նոր ընտրություններ էին սկսվել: Իթթիհատը ոչ միայն ոչինչ չփոխեց իր քաղաքականության մեջ,այլև ընտրությունների արդյունքները դասավորեց իրեն ձեռնտու ձևով, կրճատելով հայ պատգա-մավորների թիվը, որոնց 1908թ-ի ընտրությունների արդյունքում տասներկուսն էին: 1912թ-ի սեպտեմբերին ստեղծված Դաշնակցության Արտակարգ Խորհրդի շրջաբերականը հայտնում է. «Աչքի առջեւ ունենալով երկրի անսովոր տագնապը որու հանդէպ հրամայական կը դառնայ մեր ժողովուրդի ինքնապաշտպանութեան գործը, նաեւ, ցանկանալով Կուսակցութեան աշխատանքի եւ միջոցներու գլխաւոր մասը ծառայեցնել ժողովուրդի պաշտպանութեան պետքերուն:Արտակարգ Ժողովը որոշեց յայտնել Կուսակցական բոլոր մարմիններուն,հետեւեալը իբր ընդհանոր հրահանգ առաջիկայ գործունեութեան:Ուշադրութեան առնելով երկրի եւ հայ ժողովուրդի տագնապալից կացութիւնը,ժողովը ղեկավարուելով 1909ի Ընդհ.Ժողովի գծած հրահանգներով,կ՝առաջարկէ մէր քաղաքական մարմիններուն այնպիսի դիրքի մէջ մտնել, որ կարողանան յաջողութեամբ ծառայել ինքնապաշտպանութեան եւ սահմանադրութեան գործին»( «Նիւթեր Հ.Յ.Դաշնակցութեան պատմութեան համար»,էջ 183):
Դաշնակցությունը քայլեր է ձեռնարկում հայության անվտանգությունն ապահովելու և ինքնապաշտպանության նախապատրաստման ուղղությամբ, կուսակցական կառույցներն առանձին վայրերում ինքնապաշտպանական նպատակներով ստեղծում էին ռազմամթերքի պահեստներ, զինավարժեցնում երիտասարդությանը, արտերկրից զենք ու զինամթերք գնում և գաղտնի տեղափոխում Արևմտյան Հայաստան,սակայն այդ քայլերը, ընդհատվեցին վերահաս պատերազմի պատճառով:Իսկ մինչ այս իրադարձությունները, ինչպես գիտենք ՀՅԴ-ն երիտթուրքական հեղափոխությունից հետո,այդ ողջ ընթացքում փորձում էր խորհրդարանական պայքարի ճանապարհով բարելավել Արևմտյան Հայաստանի դրությունը, սակայն կուսակցության այդ ջանքերն ապարդյուն անցան քանի-որ իթթիհատական կառավարությունը չէր ընդառաջում հայկական նահանգների ապակենտրոնացման պահանջներին: Իթթիհատական կառավարության այս դիրքորոշումից ելնելով էր,որ արևմտահայությունը և նրա քաղաքական շրջանակները վերստին իրենց հայացքն ուղղեցին արտաքին միջամտության կողմը,չնայած, որ Դաշնակցությունը պայքարի նախորդ շրջանի դառը փորձից ելնելով առանձնապես մեծ հույսեր չէր կապում օտար միջամտության հետ:
Կանխատեսվող մի նոր պատերազմի տագնապը ՀՅԴ-ն «ստիպում» է կառույցը հարմարեցնել պատերազմական պայմաններին և քայլեր ձեռնարկել ինքնապաշտպանության նախապատրաստման ուղղությամբ: Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին ՀՅԴ-ն Կարինում (Էրզրում) կայացած իր 7-րդ Ընդհանուր Ժողովի որոշմամբ Արեւմտյան Հայաստանը վերածեց առանձին կազմակերպական միավորի՝ Հայաստանի Բյուրոյի գլխավորությամբ, որի ենթակայության տակ էին դրվելու հայաբնակ վեց վիլայեթներում եւ Տրապիզոնի նահանգում առկա կառույցները: Հայաստանի Բյուրոյի նստվայրը Կարինն էր: ՀՅԴ-ն դարձավ Հայաստանակենտրոն,իսկ Արևելյան Բյուրոյի ենթակայության տակ մնացին միայն Ռուսաստանի և Իրանի կառույցները:
Նույն շրջանում Էրզրումում հաստատված Ռոստոմի անմիջական ղեկավարությամբ եւ Արամ Մանուկյանի, եւ Իշխանի (Վան),Դրոյի (Բայազետ), Ռուբենի եւ Կարո Սասունու (Մուշ, Սասուն), Փիլոս Սարգսյանի (Փիլոս Մարալ) (Էրզրում) ջանքերով արտակարգ միջոցառումներ ձեռնարկվեցին մոտեցող պատերազմի պայմաններում արեւմտահայության ինքնապաշտպանությունը կազմակերպելու համար: Մոտալուտ պատերազմի պայմաններում մտահոգիչ էր հատկապես այն հանգամանքը, որ հայության՝ հետևաբար նաև Դաշնակցության տարբեր հատվածներ իրենց կամքից անկախ կարող էին գտնվել հակադիր ճամբարներում, ուստի ՀՅԴ 7-րդ Ընդհանուր Ժողովը որոշում է. «Քաղաքական բարդութիւններու ատեն,համախորհուրդ ընկերվարական միւս կուսակցութիւններուն օրինական բոլոր հնարավոր միջոցներով կանխել զինուած ընդհարումները»: Այս որոշումը նախատեսում էր այն պատասխանը, որ մեկ տարի հետո՝ 1914թ-ի ամռանը Դաշնակցության 8-րդ Ընդհանուր Ժողովի պատգամավորները պետք է տային Իթթիհատի ներկայացուցիչներին:
Էրզրումում տեղի ունեցած ՀՅԴ 8-րդ Ընդհանուր Ժողովի նախօրյակին. «30 Յունիսի օրը,1914 թուականին պատմական նշանակութեամբ քաղաքական հանդիպում մը ունեցաւ Հ.Յ.Դաշնակցութեան ներկայացուցիչներուն եւ ատենի թրքական պետութեան ներքին գործոց նախարար Թալէաթ փաշայի միջեւ:Դաշնակցութիւնը կը ներկայացնէին Արշակ Վռամեան ու Արմէն Գարօ: Տեսակցութեան նախաձեռնած էր Թալէաթ որպէսզի Իթթիհատի անունով փորձէր տարհամոզել Դաշնակցութիւնը՝ ի նպաստ կառավարութեան հետ գործակցութեան վերահաստատման»(
www.oldarfd.info), սակայն ՀՅԴ-ն մտադիր չէր ետ կանգնել 1912թ-ի մայիսին կայացրած Իթթիհատի հետ հարաբերությունները խզելու իր որոշումից,քանզի շատ լավ գիտակցում էր,որ «…մեծ ջարդարարը՝ Թալէաթ ի գործ դրաւ Դաշնակցութեան միջոցաւ հայ ժողովուրդը խաբելու եւ կռնակէն դաշունահարելու ալա թուրքա ավանդական վարքագիծը…»(
www.oldarfd.info),բայց ՀՅԴ-ն այս հաշվի առնելով իր նախկին փորձը,այս անգամ հավատ չընծայեց Իթթիհատին: ՀՅԴ 8-րդ Ընդհանուր Ժողովն էր,որ պետք է հստակեցներ ՀՅԴ-ի դիրքորոշումը Իթթիհատի նկատմամբ պատերազմի նախաշեմին,ի վերջո վճռվում է.
«Մնալ անյողդողդ ընդդիմադիրի և անաչառ քննադատի դերին մէջ հանդեպ Իթթիհատի պայքարելով անոր ազգայնական և հակապետական քաղաքականութեան դէմ»(Տասնապետեան Հր., նշվ., աշխ., էջ 108):
«Յուլիս 1914-ին,երբ Դաշնակցութիւնը Կարնոյ մէջ կը գումարէր իր 8րդ Ընդհանուր Ժողովը, Իթթիհատ պաշտօնապէս իր բանագնացները ուղարկեց Դաշնակցութեան Ընդհանուր Ժողովին առաջարկելու համար, որ Արեւմտահայաստանի թէ Արեւելահայաստանի մէջ Իթթիհատի կողքին պատերազմի մէջ մտնելու պարագային, անխուսափելի պիտի ըլլար, իբր թէ,ազատագրուած ամբողջ Հայաստանի հետագայ անկախութիւնը» (
www.oldarfd.info):
Դաշնակցությունը,սակայն այլևս վստահություն չուներ Իթթիհատի խոստումների վերաբերյալ,բայց բացահայտ թշնամություն էլ անել չէր կարող: ՀՅԴ Կարինի 8-րդ Ընդհ. Ժողովում քննարկվեց Ռուսաստանի դեմ միասնաբար պատերազմելու Իթթիհատի առաջարկը, Դաշնակցությունը չեզոքության որոշում է կայացնում. «Կարելի է ասել,որ պատմական հիշյալ ժամանակահատվածում այդ որոշումը թերեւս,միակ հնարավոր իրատեսական որոշումն էր՝ պայմանավորված հայ ժողովրդի ու նրան առաջնորդող կազմակերպությունների իրական կացությամբ ու հնարավորությամբ,որը բացառում էր կողմնորոշումը դեպի Ռուսաստան կամ Թուրքիա»( Գևորգյան Հ., Դրո., էջ 85):
Իթթիհատականներն իհարկե դժգոհ մնացին Դաշնակցության դիրքորոշումից համարելով այն «դավաճանություն օսմանյան հայրենիքի» նկատմամբ: