կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-19 19:17
Քաղաքական

Կիպրոսի ազգային գվարդիայի գլխավոր շտաբի պետի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է

Կիպրոսի ազգային գվարդիայի գլխավոր շտաբի պետի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է

Հունվարի 18-ին Հայաստան է ժամանել Կիպրոսի Հանրապետության ազգային գվարդիայի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Դեմոկրիտոս Զերվակիսի գլխավորած պատվիրակությունը:

ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ հունվարի 19-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում դիմավորելու պաշտոնական արարողությունից հետո կայացել է գեներալ-լեյտենանտ Դեմոկրիտոս Զերվակիսի եւ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի հանդիպումը: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը եւ ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր: Կիպրական կողմին են ներկայացվել 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակը եւ տարածաշրջանում առկա մարտահրավերները: Քննարկվել են նաեւ երկու երկրների զինված ուժերի մարտունակության ամրապնդմանը միտված համագործակցության ուղղությունները՝ առկա մարտահրավերներին արդյունավետ դիմակայելու նպատակով: Կարեւորվել է ինչպես երկկողմ, այնպես էլ 2019 թվականին նախաձեռնված Հայաստան-Կիպրոս-Հունաստան եռակողմ համագործակցությունը, որի շրջանակներում 2021թ․ արդեն իրականացվել են մի շարք միջոցառումներ:

Կիպրոսի Հանրապետության ազգային գվարդիայի գլխավոր շտաբի պետի գլխավորած պատվիրակությանն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել կիպրական կողմին Արցախի հարցում հստակ դիրքորոշման եւ միջազգային հարթակներում աջակցության համար, հաստատել հայկական կողմի դիրքորոշումները Կիպրոսի հիմնահարցի եւ Արեւելյան Միջերկրական տարածաշրջանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ ՀՀ պաշտպանության նախարարը նշել է երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության կարեւորությունը եւ հայտնել այս ուղղությամբ ստեղծված միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների վերսկսման վերաբերյալ հայկական կողմի պատրաստակամությունը։

Գեներալ-լեյտենանտ Դեմոկրիտոս Զերվակիսը հաստատել է բոլոր ուղղություններով համագործակցությունը զարգացնելու եւ նոր ոլորտներ նախաձեռնելու կիպրական կողմի պատրաստակամությունը: Հանդիպման ընթացքում ձեռք են բերվել հետագա փոխգործակցության վերաբերյալ մի շարք պայմանավորվածություններ, որոնք կյանքի կկոչվեն այս տարի: Գեներալ-լեյտենանտ Դեմոկրիտոս Զերվակիսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, եղել ՀՀ ՊՆ մի շարք զորամասերում: