կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-27 21:12
Հասարակություն

Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Լի Թաֆանելլիի գլխավորած պատվիրակությանը

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունեց ԱՄՆ Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի ադյուտանտ-գեներալ, ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Լի Թաֆանելլիի գլխավորած պատվիրակությանը:

Պատվիրակության կազմում էին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ռազմական կցորդ Սքոթ Մաքսվելը, այլ պաշտոնատար անձինք:

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, ողջունելով հյուրերին, կարևորեց արտակարգ իրավիճակների բնագավառում Կանզաս-Հայաստան համագործակցությունը:

Ոլորտում Հայ-Ամերիկյան գործակցության մեկնարկը տրվել է դեռևս 17 տարի առաջ. 2003 թվականից ի վեր՝ Կանզաս-Հայաստան համագործակցության շրջանակներում իրականացվել են շուրջ մեկ միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ հրշեջ-փրկարարական մի շարք ջոկատների, բազաների վերակառուցման, արդիականացման ու վերանորոգման աշխատանքներ, տրամադրվել է գույք, անցկացվել են մի շարք սեմինարներ և հրամանատարաշտաբային ուսումնավարժություններ, ուսուցողական դասընթացներ ու կոնֆերանսներ, կատարվել են փոխադարձ ճանաչողական այցեր:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ:

Օգտվելով առիթից՝ նախարար Ցոլակյանը շնորհակալություն հայտնեց 2018 թ. դեկտեմբերի 7-ին Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպված հիշատակի միջոցառմանը ամերիկյան կողմի մասնակցության համար և առաջարկեց Կանզաս նահանգի ազգային գվարդիայի հետ փոխհամագործակցության շրջանակներում 2020 թվականին անցկացնել համատեղ վարժանքներ:

Կանզաս նահանգի ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Լի Թաֆանելլին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և հավաստիացրեց, որ այս տարվա ամռանը Կանզասի ազգային գվարդիայի ներկայացուցիչները կգան Հայաստան և ԱԻՆ աշխատակիցների հետ կանցկացնեն դասընթացներ ու վարժանքներ՝ իրենց ուսանելի փորձը փոխանցելով հայ գործընկերներին:

Հանդիպման ավարտին կողմերը միմյանց փոխանցեցին խորհրդանշական նվերներ: