կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-06 11:06
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սուրբ Ծննդյան հայրապետական պատարագ. Երևանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցի

Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան եւ Աստվածահայտնության տոնը: Սուրբ Ծննդյան եւ Աստվածհայտնության տոնի առիթով հունվարի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Պատարագ է մատուցում Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում։ Տեղի կունենա նաեւ Ջրօրհնեքի կարգ:

Նշենք, որ պատարագին ներկա չեն պետական այրեր. ինչպես նախորդ տարի, այնպես էլ այս տարի ներկա չէ նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Մարդիկ այսօր միմյանց ողջունում են հետեւյալ խոսքերով. «Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ», որի պատասխանն է` «Օրհնյալ է Ծնունդը Քրիստոսի, մեզ եւ ձեզ մեծ ավետիս»:

Հունվարի 6-ի առավոտյան մատուցվում է տոնական Ս.Պատարագ, որից հետո` կատարվում է Ջրօրհնյաց կարգ` ի հիշատակ Հիսուսի մկրտության: Խաչը ջուրն են իջեցնում եւ օրհնում, ինչպես Հիսուս օրհնեց ջուրն իր մկրտությամբ: Պատարագիչ քահանան սրբալույս Մյուռոն է կաթեցնում ջրի մեջ եւ օրհնում այն: Ավանդության համաձայն`ժողովուրդն այդ ջրից տուն է տանում` որպես օրհնություն:

Ս. Ծննդյան տոնից հետո քահանաներն այցելում են հավատացյալների տներն` ավետելու Հիսուս Քրիստոսի Ծնունդը՝ կատարելով Տնօրհնեքի արարողություն:

Ըստ հայ առաքելական եկեղեցու՝ ծննդից 30 տարի հետո Քրիստոսը նույն օրը՝ հունվարի 6-ին, մկրտվեց Հորդանան գետում:

Հայ առաքելական եկեղեցում տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան, քանի որ եկեղեցական օրը փոխվում է երեկոյան ժամերգությունից` 17.00-ից հետո: Սուրբ Ծննդի տոնը սկսվում է ճրագալույցի Սուրբ պատարագով: Ճրագալույցը խորհրդանշում է բեթղեհեմյան աստղի լույսը, որը մոգերին առաջնորդեց դեպի Հիսուս: Ճրագալույցին վառվում են եկեղեցու ջահերն ու կանթեղները, եկեղեցի եկած մարդկանց վառվող մոմեր են բաժանվում, որից հետո մատուցվում է Սբ. Պատարագ:

Սուրբ Ծննդից առաջ մեկշաբաթյա պահքը լուծվում է այդ Ծննդյան պատարագով: Եկեղեցուց տուն բերված մոմերը վառում են ընթրիքի ժամանակ: Տոնական սեղանին դրվում է ձուկ: