Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեր մասնակցությունը Երեւանի արտահերթ ընտրություններին միանշանակ է, բայց թեկնածուի մասով դեռ քննարկումներ տեղի չեն ունեցել․ Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Ագնեսա Խամոյանը՝ շեշտելով, որ Երեւանում ՏԻՄ ընտրությունները հնարավորիս շուտ պետք է անցկացվեն՝ մինչեւ 2023թ․, եւ չվերածվեն հերթական ընտրության։
Պատգամավորի տեղեկություններով՝ Երեւանում ՏԻՄ ընտրություններ անցկացնելու հարցում ՔՊ-ականները ոչ միայն չեն շտապում, այլեւ չեն էլ մտածում դրա մասին։
«Միանշանակ, Երեւանում պետք է անցկացվեն արտահերթ ընտրություններ: Նիկոլ Փաշինյանի կողմից նշանակված այս քաղաքապետը լեգիտիմության եւ ճանաչվածության խնդիր ունի: Ինչո՞ւ եմ ասում՝ նշանակված եւ ոչ ընտրված, քանի որ որեւէ ընտրություն եւ օրինական քաղաքական գործընթաց տեղի չի ունեցել, ընդամենը կատարվել է Նիկոլ Փաշինյանի քմահաճույքը՝ ձերբազատվել Հայկ Մարությանից եւ բերել ավելի հլու-հնազանդ մեկին, որն ակնհայտորեն բավարարելու է նրա ցանկությունները»,- ընդգծեց պատգամավորը:
Խամոյանը հիշեցնում է՝ իշխանություններն անգամ չթաքցրեցին, որ Հայկ Մարությանից ձերբազատվում են այն բանի համար, որ նա դադարել էր լինել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ:
«Թեպետ այս քաղաքապետը, դժվարությամբ եմ անգամ անունը հիշում, նույնպես ասել է, որ ՔՊ-ական չէ, բայց ակնհայտ է, որ նրա հեռացման օրը եւս չի ուշանալու: Ամենեւին չեմ փորձում արդարացնել Հայկ Մարությանին, որովհետեւ նա դրեց «սեւ ու սպիտակների» սկիզբը, բայց հանուն արդարության չեմ կարող չընդգծել, որ, ի տարբերություն Փաշինյանի այլ թիմակիցների, հեռացավ այս իշխանությունից»,- հավելեց նա:
Խամոյանը վստահ է՝ ՏԻՄ ընտրություններում խայտառակ պատկեր արձանագրելուց հետո իշխանությունները վախենում են նոր ընտրություններ նշանակելուց։
«Ակնհայտ է, որ վարկանիշի լրջագույն անկում են արձանագրել եւ այս իրավիճակում Երեւանի ընտրություններում վարչական ռեսուրսով սեփական թեկնածուին անցկացնելը շատ բարդ է լինելու։ Ընտրություններ, միանշանակ, պետք է տեղի ունենան: Նախագահ Ռոբերտ Քոչարյանն էլ իր վերջին ասուլիսում հայտարարեց, որ «Հայաստան» դաշինքն անպայման ունենալու է իր թեկնածուն»,- ասաց պատգամավորը:
Լիանա Սարգսյան