ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիր:
Արման Թաթոյանը ճեմարանի տնօրեն Աշոտ Ալիխանյանի ուղեկցությամբ շրջայց է իրականացրել ճեմարանում, հանդիպում է ունեցել տնօրինության հետ և ծանոթացել իրականացվող աշխատանքներին:
Պաշտպանը հետաքրքիր քննարկում է ունեցել նաև ճեմարանի սաների հետ:
Արման Թաթոյանը նրանց ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի դերն ու գործունեությունը երեխաների իրավունքների պաշտպանության ուղղությամբ, խոսել է համացանցում հնչող վիրավորանքների ծավալների ու աճի վտանգավոր միտումների թեմայի մասին:
Նա նշել է, որ չի կարելի վիրավորել մարդու արժանապատվությունը, դա տանում է լարվածության, առաջացնում է անհանդուրժողականություն: Պետք է մշտապես առաջնորդվել մարդու իրավունքների բարձր արժեքներով և հարգել յուրաքանչյուրի արժանապատվությունը:
Սովորողները հնարավորություն են ունեցել իրենց հուզող հարցերը ներկայացնել Մարդու իրավունքների պաշտպանին:
Հանդիպման վերջում Արման Թաթոյանը հորդորել է ճեմարանի սաներին լավ սովորել և կարևորել այն, որ երեխաներին անհրաժեշտ է իրազեկել իրենց իրավունքների և այդ իրավունքների իրականացման հնարավորությունների մասին: Պաշտպանը շեշտել է, որ որակյալ կրթությունն է երաշխավորում պիտանի քաղաքացիներ պետության համար:
Ճեմարանի անձնակազմը և Մարդու իրավունքների պաշտպանը մտքեր են փոխանակել երեխաների կրթության իրավունքի, ժամանակակից կյանքում կրթության դերի մասին: