կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-27 20:59
Հասարակություն

90-ամեայ «Ալիք»-ը՝ նոր մաքառումների սեմին. Yerkir.am-ի շնորհաւորական ուղերձը

90-ամեայ «Ալիք»-ը՝ նոր մաքառումների սեմին. Yerkir.am-ի շնորհաւորական ուղերձը

Այնպէս, ինչպէս Հ. Յ. Դաշնակցութեան անցած ուղին է համարւում Հայաստանի եւ հայ ժողովրդի պատմութեան մի մասնիկը, ճիշտ այդպէս էլ ՀՅԴ մամուլը, այն է՝ Դաշնակցութեան տարբեր մարմինների, անհատ դաշնակցականների եւ համակիրների կողմից ուղղակի եւ անուղղակի կերպով հրատարակւած մամուլը համարւում է հայ մամուլի պատմութեան կարեւորագոյն մասնիկը, ես կասէի՝ յենասիւներից մէկը:

Յարութիւն քհնյ. Շմաւոնեանի կողմից հայ լրագրութեան առաջնեկ «Ազդարար» ամսագրի (Մադրաս, 1794-1796 թթ.) հիմնադրումից շուրջ 100 տարի անց՝ հայ առաջին քաղաքական կուսակցութիւններից մէկը՝ Հ. Յ. Դաշնակցութիւնը, հայրենիքի ամենատարբեր հատւածներում, Սփիւռքի հեռաւոր եւ մօտ գաղթօջախներում սկզբնաւորելու էր տասնեակ, հետագայում՝ հարիւրաւոր պարբերականների ընթացքը, որոնք ՀՅԴ կազմակերպական կառոյցների, գաղափարական հնոցների հետ հայրենիքում եւ աշխարհի բազմաթիւ անկիւններում կռիւ էին տալու յանուն հայ ժողովրդի յարատեւման, հայկական շարունակականութեան ապահովման:

Հ. Յ. Դաշնակցութեան պաշտօնական եւ նրա հետ կապւող համակիր ու այլ տեսակի մամուլի թիւը հետագայում այնպիսի ահռելի չափեր ընդունեց, որ ուսումնասիրողներն ամենեւին ոչ պատահականօրէն յայտարարեցին՝ հայ մամուլի ամէն 8-րդը Հ. Յ. Դաշնակցութեան կամ նրան համակիր պարբերական է:

1931 թւականից՝ արդէն 90 տարի առանց ընդմիջման Թեհրանում հրատարակւող «Ալիք»-ը ոչ միայն հայ մամուլի, այլեւ Իրանի հայ համայնքի պատմութեան անբաժան մասնիկն է այլեւս, այն կարելի է դասել հայ մամուլի ամենաերկարակեացների շարքը:

90-ամեայ «Ալիք»-ը միաժամանակ ամենաերիտասարդն է. իր աւիւնով, եռանդով ու յարափոփոխ աշխարհին համընթաց շարժւող հեւքով ոչ միայն լուսաբանում է իրանահայոց կեանքն ու խնդիրները, այլեւ լաւագոյն կամուրջն է ինչպէս երկու հնագոյն քաղաքակրթութիւնների՝ երկու հնդարեան ժողովուրդների՝ հայերի ու պարսիկների միջեւ, այնպէս էլ ռազմավարական դաշնակից երկու պետութիւնների՝ ՀՀ-ի ու ԻԻՀ-ի միջեւ:

Ելնելով վերոյիշեալից՝ իրանահայ համայնքի, ինչպէս նաեւ այդ համայնքի զարկերակներից մէկի՝ «Ալիք»-ի համար սկսւել է նոր մաքառումի, նոր դժւարութիւնների ու նուրբ թելերով ագուցւած իրավիճակի մէջ ճիշտ ու արագ կողմնորոշւելու շրջան: Ես կասէի՝ արտակարգ մի շրջան, պատմափուլ, որից կախւած է ոչ միայն հայ-իրանական, ՀՀ-ԻԻՀ պետութիւնների ապագան, այլեւ երկու քաղաքակրթութիւնների երկխօսութեան, հորիզոնական առանցքին հակընդդէմ՝ ուղղահայեաց առանցքի ձեւաւորման ապագան:

Կասկած չունենք, որ 90-ամեայ «Ալիք»-ը՝ իր փորձառութեամբ, ամբարած ներուժով ու աւանդոյթներով, մէկդարեայ քննութիւն անցած ընթացքով, լրջախոհ պատասխանատուներով ու նւիրեալ աշխատակիցներով, ոչ միայն պատւով կը կատարի իր առաքելութիւնը՝ յաղթահարելով մամուլի առջեւ ծառացած խնդիրներն ու ժամանակաշրջանի թելադրած դժւարութիւնները, այլեւ վերոյիշեալ գործընթացների բովում կը շարունակի պայքարել նոյն ոգով, հաւատամքով ու վճռականութեամբ:

«Ալիք»-ն այլեւս ոչ միայն մամուլ է. այն պատմութիւն է, արժեհամակարգ ու գաղափարախօսութիւն:

Ջերմօրէն շնորհաւորում ենք «Ալիք»-ի խմբագրակազմին, աշխատակազմին, ընթերցողներին ու իրանահայոց համայնքին սիրելի պարբերականի տարեդարձի առիթով, մաղթում, որ, պարբերականի 100-ամեակին ընդառաջ, նրա էջերն աւետեն դժւարութիւններից դէպի լոյս, դէպի յաղթանակ ձգւող ճանապարհի օրաւուր կրճատման մասին:

Բարի ընթացք, սիրելի՛ ալիքցիներ:

ՎԱՀԷ ՍԱՐԳՍԵԱՆ

«Երկիր» պարբերականի խմբագիր

13.12.2021 թ.

քաղաքամայր Երեւան

Մասնակի յապաւումով (Խմբ.)