Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արշակ Կարապետյանի փոխարեն Սուրեն Պապիկյանին պաշտպանության նախարար նշանակելը բոլորովին կապ չունի սահմանների անվտանգության ամրացման կամ ադրբեջանցիներին դուրս քշելու՝ գոյություն չունեցող նպատակների հետ: Պարզ տրամաբանությունը հուշում է, որ, եթե իսկապես Արշակ Կարապետյանին պաշտոնից ազատել են ադրբեջանական ներխուժմանը հակազդել չկարողանալու համար, ապա պետք է, որ Կարապետյանին փոխարիներ կարծր դիրքորոշումներով հայտնի և չափազանց փորձառու մի զինվորական, որը հաշված ժամերի ընթացքում կշտկեր իրավիճակը:
Սուրեն Պապիկյանը, որը գումարտակը բրիգադից կարող է անգամ չտարբերել, այդ փորձառու զինվորականը չէ, և արևածաղիկ վաճառող տատիկներն անգամ դժվար հավատան, որ Պապիկյանը շուտով ՀՀ սահմանները կդարձնի անառիկ, իսկ բնակչության կյանքը՝ անվտանգ:
Փաշինյանի հրավիրած անվտանգության խորհրդի նիստը և տևական, ավելի ստույգ՝ ձևական քննարկումները վերոհիշյալ պնդման վառ ապացույցն են. թշնամին խուժել է երկիր (և այն էլ՝ ոչ առաջին անգամ), ամենաստորացուցիչ կերպով հայ դիրքապահներին քշել զբաղեցրած բնագծերից, անարգել դրոշը և այլն, փոխարենը Փաշինյանը «հույժ կարևոր» քննարկումներ է ծավալում:
Պարզորոշ է՝ գործ ունենք ՀՀ և հայ ժողովրդի դեմ ծրագրվող փաշինյանական հերթական արկածախնդրության հետ, և գայլի ականջներն արդեն երևում են:
Ի՞նչ է կատարվում իրականում:
Սուրեն Պապիկյանի նշանակումը խորքի մեջ լիովին տեղավորվում է Փաշինյանի, նրան շրջապատողների (հատկապես՝ Սիլաչու հայտնի օլիգարխի) ծրագրերի մեջ: Խոսքը շուրջ 1,5-2 տարվա ընթացքում ռուսներին Այսրկովկասից քշելու մասին է: Փաստենք՝ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը կից ռազմական կցորդ էր, ուներ ՌԴ ռազմաքաղաքական շրջանակների հետ լայն և ջերմ հարաբերություններ: Հետևաբար, Կարապետյանի՝ պաշտպանության նախարարի բարձր պաշտոնին մնալը կարող էր իսկական գլխացավանք դառնալ Փաշինյանի համար. նրան պետք է առավել վստահելի և կառավարելի ֆիգուր: Ավելին՝ նախարարի՝ Արցախ կատարած վերջին այցը, Ադրբեջանի բարձրացրած աղմուկն ու, ըստ տեղեկությունների, Փաշինյանի՝ այցին դեմ լինելու հանգամանքն արդեն իսկ ապացուցում են, որ Կարապետյանը Փաշինյանի դավադիր ծրագրերի համար արդեն իսկ վտանգավոր և անցանկալի անձ էր:
Ի՞նչ է սպասվում:
Այսրոպեական փոփոխություններն ու զարգացումները մեկ բանի մասին են հուշում. Սուրեն Պապիկյանի նշանակումը ոչ թե ռազմական հողի վրա է կատարվել, այլ աշխարհաքաղաքական և փաստում է ՀՀ արևելումի փոփոխման մեծ մեկնարկը:
Ռուսներին ՀՀ-ից հեռացնելու մեծ գործընթացի սկզբում Փաշինյանը ՀՀ սահմաններում տեղի ունեցող գործընթացների ողջ մեղքը շուտով կբարդի ՀԱՊԿ-ի վրա, և ՀՀ-ն կսկսի այդ ռազմական դաշինքից դուրս գալու գործընթաց: Դրան զուգահեռ՝ լայնածավալ հանրահավաքներ կսկսվեն ՀՀ-ում՝ ընդդեմ ռուսական ներկայության, զուգահեռաբար՝ ավելի ինտենսիվորեն առաջ կմղվի և հատուկ տեխնոլոգիաներով հասարակության լայն շրջանակների գլուխը կլցվի թուրք-ադրբեջանական տանդեմի հետ բարեկամության, էժան ապրանքներ ներկրելու, թուրքերի հետ երջանիկ ու կուշտ ապրելու գայթակղիչ (բնականաբար՝ խորքի մեջ կործանարար) հեռանկարը, արդեն ճարված «պիկապների» վրա լայն թափ կհավաքեն անգլոսաքսոնական-թուրքական կողմնորոշման զանազան «բևեռներ» և այլն:
Թե ռուսական «հրթիռներն» ինչպես կհակազդեն այս պլանին, ինչպիսի առճակատումների և աղետալի հետևանքների կհանգեցնի այն՝ Փաշինյանի խունտային հազիվ թե հուզի: Արցախը հանձնելն այս մեծ ծրագրի առաջին փուլն էր միայն, և այժմ ամեն ինչ առաջ է ընթանում՝ ըստ այդ կործանարար պլանի:
Վահե Սարգսյան