կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-23 21:32
Քաղաքական

Հետպատերազմյան շրջանում կառավարման համակարգում լուրջ խնդիրներ կան

Հետպատերազմյան շրջանում կառավարման համակարգում լուրջ խնդիրներ կան

Դեկտեմբերի 23-ին կայացած ԱՀ ԱԺ նիստում «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունը դեմ է քվեարկել 2022թ. բյուջեի նախագծին: Ստորև ներկայացնում ենք «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանի ելույթը՝ 2022թ. բյուջեի նախագծի վերաբերյալ.

«Հարգելի՛ գործընկերներ,

Պետական բյուջեի մասին օրենքը, լինելով երկրի զարգացման ֆինանսատնտեսական հիմնական փաստաթուղթը, արտացոլում է առաջիկա տարում երկրի զարգացման հիմնական առաջնահերթությունները երկրի առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերները և դրանց լուծման ուղիները, որոնք էլ, բնականաբար, պետք է իրենց արտացոլումը գտնեն պետական բյուջեի մասին օրենքի նախագծում:

Հետպատերազմյան շրջանում Արցախի Հանրապետության առջև ծառացած են բազմաթիվ ներքին և արտաքին մարատահրավերներ: Եթե առանձնացնելու լինենք հիմնականներն ու ամենակարևորները՝ դրանք մեր պատկերացմամբ 3 խմբի են բաժանվում.

  1. Անվտանգություն,
  2. ԱՀ միջազգայնորեն ճանաչման, կարգավիճակի հարց,
  3. Պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար աղետի հետևանքների վերացում:

Մյուս բոլոր մարտահրավերները, կարծում ենք, այն մարտահրավերների ածանցյալն են և գալիս են լրացնելու դրանց:

Չնայած անվտանգության և պաշտպանության հոդվածներով ավելացված գումարներին (համարյա կրկնակի)՝ և ընդունելով, որ պաշտպանությանն են ուղղվում ոչ միայն պետական բյուջեի միջոցները, այնուամենայնիվ պետք է փաստել, որ պաշտպանությանն ու անվտանգությանն ուղղվում է ամբողջ պետական բյուջեի ընդամենը 5%-ը (համեմատության համար ասենք, որ նախապատերազմյան ՀՀ-ի միայն պետական բյուջեում պաշտպանության ծախսերը կազմում էին 16%):

2022թ. մեր արտաքին քաղաքական գերատեսչության բյուջեն փաստացի մնացել է նույնը (ավելացվել է 40 մլն դրամ): Բյուջետային ուղերձում և բյուջեի կառուցվածքում որևէ փոփոխություն չկա: Արտաքին քաղաքական գերատեսչության բյուջեում ոչ մի խոսք չկա ծրագրերի, կատարվելիք աշխատանքների ուղղությունների մասին: Հետպատերազմյան իրողությունները պահանջում են, որ մեր արտաքին քաղաքական գերատեսչությունն ավելի ակտիվ լինի տարբեր ծրագրերի իրականացման գործում՝ լինի դա լոբբինգային, տեղեկատվական, թե քարոզչական աշխատանք: Ըստ էության՝ արտաքին քաղաքական գերատեսչության բյուջեն մնացել է նույնը և հիմնականում ուղղված է աշխատավարձերին  և օտարերկրյա մեր ներկայացուցչությունների պահպանմանը: Արդյո՞ք  սրանք համահունչ են նոր իրողություններին: Կարծում ենք՝ ոչ:

Երրորդ ամենամեծ խնդիրը պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար աղետի վերացումն է: Անշուշտ, 2022թ. պետական բյուջեով նախատեսված են մասշտաբային միջոցառումներ, որոնք ուղղված են բռնի տեղահանված մեր հայրենակիցների բնակարանների ապահովմանը, տարբեր սոցիալական ծրագրերին՝ մեր քաղաքացիների սոցիալական բեռը թեթևացնելու համար:

2022թ. պետական բյուջեով նախատեսված է աշխատավարձերի բարձրացում մոտ 20%-ով, նաև թոշակների բարձրացում: Դրանք, բնականաբար, ողջունելի են, բայց չպետք է մոռանալ, որ պարենային զամբյուղի գնաճը հիմնական պարենամթերքի մասով կազմում է 12,4%: Մինչպատերազմական շրջանում հայտնի էր, որ մեր և ՀՀ միջև աշխատավարձերի նույն դաշտն  է գործում և հնարավոր է՝ դա է պատճառը, որ այդ չափով է բարձրացվել:

Բայց պատերազմը նոր սրբագրումներ պետք է արած լինի, և ավելացված բյուջեի սահմաններում պետք է ավելի բարձր տոկոսով ավելացնեինք աշխատողների աշխատավարձը: Աշխատավարձերի բարձրացումը ևս նպաստելու է գների մակարդակի հետագա բարձրացմանը: Ակնհայտ է դառնում, որ աշխատավարձերի և թոշակների բարձրացումը պետք է լիներ ավելի բարձր: Մոռանում ենք նաև, որ խոսքը միայն պետական սեկտորում աշխատողների աշխատավարձի մասին է, սակայն աշխատողների մի զգալի հատված մասնավոր սեկտորում է: Մասնավոր սեկտորում աշխատավարձի բարձրացման գործադիրի գործիքակազմն աշխատավարձի նվազագույն շեմի բարձրացումն է, որն այս տարի տեղի չի ունեցել:

Դաշնակցությունը, ակտիվորեն մասնակցելով 2022թ. պետական բյուջեի նախագծի քննարկումններին, 3 տասնյակից ավելի առաջարկություններ է ներկայացրել: Հանուն ճշմարտության ասենք, որ առաջարկությունների մեծ մասն հարցադրումներ էին, որոնց նպատակը բյուջետային միջոցների արդյունավետ օգտագործմանը նպաստելն է, ինչպես նաև բյուջեի նախագծում տեղ գտած բացերի հնարավոր վերացումը:

Բյուջեի նախագծում կան օրենքի հետ կապված մի շարք խնդիրներ և կարծում ենք նաև օրենսդրական բաց: Այսպես, բյուջետային համակարգի մասին օրենքի 14-րդ հոդվածում կառավարությունը բյուջեի նախագծի հետ ներկայացնում է կապիտալ շինարարության տարեկան ծրագրերը, որում պետք է ընդգծված լինեն ծախսերի հիմնական տեխնիկա-տնտեսական չափանիշները, նախագծանախահաշվային փաստաթղթերը, ծախսերի կատարման փուլերը, ժամկետները, օբյեկտների ցանկի ներկայացման, քննարկման և հաստատման կարգը: Պետական բյուջեի միջոցների հաշվին 2022թ. կապիտալ ներդրումների պետական պատվերի ներկայացված ծրագիրը  օրենքի պահանջներին համահունչ չէ:

Հաշվետվությունից երևում է, որ պետական բյուջեի նախագծում պետական պարտքի սպասարկումը կազմում է մոտ 9%, որը բավական մեծ թիվ է: Մեր ընդհանուր պետական պարտքի չափը չգիտենք,  տարեցտարի ներկայացվում է տվյալ տարվա ցուցանիշը, բայց ընդհանուր կառուցվածքը մեզ հայտնի չէ: Սա օրենսդրական բաց է: Թե ՀՀ-ում, թե մնացած պետություններում գործում է պետական պարտքի մասին օրենքը և ներկայացվում են ընդհանուր պարտքը, մարման ժամկետները: Կառավարության, Ազգային Ժողովի կողմից պետք է ներկայացվի պետական պարտքի մասին օրենքը, որպեսզի խորհրդարանական վերահսկողությունը լինի թիրախային և հնարավորություն ունենանք պարտքի չափի, սպասարկման ծախսի մասին լիարժեք տեղեկությունները ստանալ:

Ինչքան էլ ավելացվեն պետական բյուջեի միջոցները, պետք է դրանք հնարավորինս արդյունավետ ծախսել, որը կախված է կառավարման համակարգի էֆեկտիվությունից: Վերջին մեկ տարվա փորձը ցույց է տալիս, որ հետպատերազմյան շրջանում կառավարման համակարգում կան լուրջ խնդիրներ, շատ հաճախ աջ ձեռքը տեղյակ չէ ձախ ձեռքի գործողությունների մասին: Օրինակի համար նշեմ, որ վերջին մեկ տարվա ընթացքում կառավարությունը ներկայացրել է հիփոթեքային վարկերի մարման, զանազան հարկատեսակների իջեցման ծրագրեր: Բայց մեկ այլ նախարարություն բերում է ծրագիր, որով ավելացվում է ինչ-որ հարկ: Այդ օրենքը Ազգային Ժողովը չընդունեց: Բայց ասածս այն է, որ հետպատերազմյան շրջանում կառավարման համակարգում պետք է առավելագույնս վերանա թափթփվածությունը: Պետական բյուջեի արդյունավետ կիրառումից է կախված դրանց թիրախային և արդյունավետ օգտագործումը:

Ելնելով վերոգրյալից՝ «Հայ հեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունը 2022թ. պետական բյուջեի նախագծին դեմ է քվեարկելու»: