կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-10 21:11
Քաղաքական

Նազելի Բաղդասարյանի ու Համբարձում Մաթևոսյանի՝ իրենց պաշտոններում մնալու պայմանը

Նազելի Բաղդասարյանի ու Համբարձում Մաթևոսյանի՝ իրենց պաշտոններում մնալու պայմանը

Դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններից հետո երկրում տոտալ բռնաճնշումների շրջան է սկսվել: Բոլոր այն համայնքներում, որտեղ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջին տեղում է եղել, սակայն միանձնյա կառավարում ստանձնել չի կարողացել ոչ բավարար քվեների պատճառով, 2-3-րդ տեղերը զբաղեցրած քաղաքական ուժերի հետ կոալիցիոն համաձայնագրեր պետք է կազմի:

Սակայն պարզվում է՝ այստեղ էլ ՔՊ-ն խնդիրներ ունի. մրցակիցները չեն ցանկանում կոալիցիա կազմել իշխող ուժի հետ, և մեկը մյուսի հետևից համայնքներում «Քաղպայմանագիրը» կորցնում է իր ազդեցությունը:

Նման իրավիճակ է մասնավորապես Թալին, Ամասիա, Վարդենիս, Ախուրյան խոշորացված համայնքներում:

Այն, որ համայնքների խոշորացումը, բացի տնտեսականից, իշխանությունների համար ուներ նաև քաղաքական նպատակահարմարություն, ակնհայտ է: Օրենքի կոպտագույն խախտմամբ, Սահմանադրական դատարանի որոշման առկայության պայմաններում անգամ այս իշխանությունը չխորշեց գնալ համայնքների խոշորացման՝ նպատակ ունենալով դրանք դարձնել հեշտ կառավարելի, գործ ունենալ մեկ՝ իրենց ենթակա անձի հետ:

Բայց տեղի ունեցավ հակառակը. տեղերում ժողովուրդը մերժեց ՔՊ-ական իշխանություններին, և հիմա նրանք փորձում են իրենց բնորոշ մեթոդներով՝ ճնշումներով, ձերբակալություններով, վախի մթնոլորտ տարածելով՝ կա՛մ ավելացնել իրենց մանդատների քանակը, կա՛մ ստիպել կոալիցիա կազմել իրենց հետ:

Երեկ՝ դեկտեմբերի 9-ին, նման բան տեղի ունեցավ Վարդենիս խոշորացված համայնքում: Վարդենիսում մինչ ուշ գիշեր լարված իրավիճակ էր: Քաղաքացիները փակել էին փողոցներ՝ ի նշան ՏԻՄ ընտրություններում իրենց ազատ կամարտահայտման վրա իշխանությունների կողմից բռնանալու փորձի: Այսօր իրավիճակը նույնպես շարունակում է մնալ լարված, քանի որ ձայնային առավելություն ստանալու նպատակով իշխանություններն ապօրինաբար ձերբակալել էին «Միասնական Վարդենիս» կուսակցությունների դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Հարությունյանին:

168.am-ի տեղեկություններով, կարծես նույն խայտառակ իրավիճակն է Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքում:

ՏԻՄ ընտրությունների արդյունքում ընդդիմադիր «Ախուրյան» դաշինքը ստացել է 3832 ձայն, «Հաղթանակ» դաշինքը՝ 2800, իսկ «ՔՊ»-ն՝ 6217 ձայն: Ըստ այդմ, երկու ընդդիմադիր դաշինքները միասին հավաքել են 6642 ձայն, ինչը 425 ձայնով ավել է ՔՊ-ի ձայներից: Իշխող կուսակցությանը բաժին է հասնում ավագանու 13 մանդատ, երկու ընդդիմադիր դաշինքներին միասին՝ 14:

Ըստ այդմ՝ հենց նրանք էլ պետք է ստանձնեին համայնքի կառավարումը, ինչի վերաբերյալ, ըստ էության, համաձայնություն կա:

Սա կանխելու համար այն, ինչ իշխանություններն արել են Վարդենիսում, փորձում են կրկնել Ախուրյանում, և, ըստ տեղացիների, է՛լ ավելի սանձարձակ եղանակներով:

Մեզ փոխանցեցին՝ քանի որ ՔՊ-ն մեկ մանդատի խնդիր ունի, Նիկոլ Փաշինյանը Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանին և փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանին, ով ծագումով գյումրեցի է, ուլտիմատում է տվել ու հրահանգել, որ եթե մինչև ավագանու առաջին նիստը, որի ժամանակ պետք է ձևավորվի իշխանություն, նրանք չկարողանան ավագանու մեկ մանդատ ձեռք բերել՝ ցանկացած գնով, ու ձևավորել միանձնյա իշխանություն, ուրեմն կզրկվեն պաշտոններից: Ըստ էության, խոսքն ընդդիմադիր դաշինքներից մեկ հոգու որևէ տարբերակով իրենց կողմ ներգրավելու մասին է:

Շիրակի մարզի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այս գերխնդիրն իրականություն դարձնելու համար Նազելի Բաղդասարյանի և Համբարձում Մաթևոսյանի հետ մեկտեղ գործին լծվել են նաև Ազգային անվտանգության ծառայությունն (ԱԱԾ) ու Ոստիկանությունը: Հատ առ հատ աշխատանք են տանում ավագանու ընդդիմադիր անդամների հետ, սպառնում քրեական գործերով, գումար առաջարկում, ընդհուպ՝ 50.000 ԱՄՆ դոլար:

Մեզ հետ կապ հաստատած ախուրյանցիները պատմում էին՝ կանանց հիմնականում հետապնդում են մեքենաներով: Մասնավորապես նշեցին նաև, որ Ախուրյան խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը գլխավորող թեկնածու Ալբերտ Այվազյանի վարորդը հետապնդել է մի աղջկա, որն ընդդիմադիր դաշինքների կազմում հաղթահարել է ավագանու անդամի անցողիկ շեմը:

«Ախուրյանը Երևան չէ: Այստեղ լուրերն արագ են տարածվում, ու այս դեպքի հետ կապված մեծ աղմուկ բարձրացավ քաղաքում: Ի՞նչ է, ուզում են արյունահեղությո՞ւն լինի: Մեր համայնքում խայտառակ իրավիճակ է: Իշխանություններն ամեն կերպ ուզում են ձեռք բերել այդ 1-2 մանդատը»,- վրդովված ասում էին 168.am-ի հետ կապ հաստատած ախուրյանցիները:

ՔՊ-ի ցուցակը գլխավորող Ալբերտ Այվազյանը Առափի գյուղի 31 տարվա գյուղապետն է:

Մեր տեղեկություններով՝ վերջինս այնքան էլ ոգևորված չի եղել ընտրությունների հեռանկարով, սակայն նրան առաջ է մղել փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի պապը՝ կրկին Համբարձում Մաթևոսյան անուն-ազգանունով: Ու հիմա իր պարտության մեջ Ալբերտ Այվազյանը մեղադրում է փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի ազգականներին, որովհետև նրանք են ամեն ինչ արել, որ վերջինս առաջադրվի:

Սրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ Նազելի Բաղդասարյանի հետ մեկտեղ՝ նաև Համբարձում Մաթևոսյանի ուսերին է դրվել ամեն գնով այդ 1-2 մանդատը ձեռք բերելու ծանր պարտականությունը:

Ըստ էության, սա Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի և ողջ իշխող ուժի պարտությունն է, քանի որ Շիրակի մարզում փաստացի ՔՊ-ն իշխանություն ունի միայն մարզի հյուսիսում գտնվող Աշոցք խոշորացված համայնքում:

Հասկանալի է, որ իր մեջ 35 համայնք միավորած Ախուրյան խոշորացված համայնքում իշխանություն ձևավորելը ՔՊ-ի համար կենաց-մահու խնդիր է: Այս նպատակին էր միտված նաև այն, որ իշխանություններն ամեն ինչ արեցին, որ Ախուրյանի կազմի մեջ մտնող Ազատան համայնքի՝ մեծ հարգանք ու ճանաչում վայելող ղեկավար Վարդան Իկիլիկյանը չկարողանա մասնակցել ՏԻՄ ընտրություններին:

Մեր տեղեկություններով՝ վախի մթնոլորտի հաստատմանն ու բռնաճնշումներ իրականացնելուն ներգրավված են նաև Ախուրյան խոշորացված համայնքի գործող գյուղապետեր (ում անուններն այս պահին չենք հրապարակում), ինչպես նաև ընտրատարածքային հանձնաժողովի պատասխանատու անձինք:

Աղբյուրը՝  168.am