կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-10 16:46
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀՀ իշխանությունների միանձնյա ինքնահավան որոշումները դժվարացնում են Հայ դատի գործը․ Կանադայի գրասենյակի պատասխանատու

Ադրբեջանից ու Թուրքիայից եկող վտանգը մեծ է, և դա հիմնականում Հայաստանի ու Արցախի ժողովուրդն է իր մաշկի վրա զգում՝ Սյունիքում Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՅԴ Կանադայի Հայ դատի գրասենյակի պատասխանատու Սևակ Բելյանը, որը աշխարհասփյուռ Հայ դատի հանձնախմբերի ավելի քան 50 ներկայացուցիչների հետ մասնակցում էր ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների 5-օրյա խորհրդաժողովին, որն անցկացվեց Երևանում, Գորիսում և Ստեփանակերտում։  

«Մենք էլ, որպես սփյուռքյան գաղութներ և որպես Հայ դատի հանձնախմբեր, մեծապես մտահոգված ենք, որովհետև հսկայական չափի անորոշություններ կան։ Եվ այդ ուղղությամբ փորձում ենք անել առավելագույնը՝ առնվազն իրազեկման, լոբբինգի աշխատանքներ տանելով արտաքին աշխարհին, մեր պարագայում՝ Կանադային, ներկայացնելու, թե ինչ է տեղի ունենում այսօր Հայաստանում։ Նաև այդ բոլոր փոփոխությունների մեջ փորձում ենք ճնշել իրենց, որ կարողանան պաշտպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, սուվերենությունը և շրջանի բնակչությանը նվազագույն վնասներով դուրս բերեն»,-ասաց Սևակ Բելյանը։

Կանադայից հայացքով՝ ՀՀ իշխանությունների սահմանազատման-սահմանագծման գործընթացի մեջ Սևակ Բելյանը որևէ դրական ազդակ չի տեսնում, քանի որ դա կատարվում է փակ դռների ետևում և անլուրջ ու ապիկար վերաբերմունքով։

«Երբեք վստահություն չի ներշնչում սահմանազատման այս գործընթացը, որովհետև նախ՝ որևէ մակարդակի թափանցիկություն չկա, և դա մեծապես մտահոգիչ է բոլորիս համար, մանավանդ սահմանամերձ գյուղերի բնակիչների համար, որովհետև իրենց ամբողջ ապագան, իրենց կյանքը վտանգի մեջ է։ Փակ դռների ետևում այս անլուրջ, ապիկար վերաբերմունք ունեցող իշխանությունները ինչ-ինչ պայմանավորվածությունների են գալիս ադրբեջանական կողմի հետ՝ ռուսական միջնորդությամբ կամ այլապես․ այդ ուղղությամբ է, որ մենք որևէ մեկ տեսակի դրական ազդակ չենք տեսնում այս գործընթացի մեջ»,-ասաց Սևակ Բելյանը։

Քաղաքական և դիվանագիտական իմաստով սահմանազատման և սահմանագծման պրոցեսները նաև ենթադրում են փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչում՝ ասաց նա․ սահմանագծումն առնվազն նախադրյալ է հետագայում տարածքային ամբողջականության ճանաչման համար, և դա բացարձակապես անընդունելի է Դաշնակցության Հայ դատի գրասենյակների համար, որովհետև իսկապես խաթարում է երկար տարիներ շարունակվող՝ Արցախյան հակամարտության կարգավորման ուղղությամբ իրենց աշխատանքը և իրենց սկզբունքները որպես ազգ և որպես կուսակցություն։

«Հայաստանի վարչապետը 2018-ի իշխանափոխությունից հետո շատ ինքնավստահ ձևով հայտարարեց, որ ինքը ոչ մի որոշում չի կայացնելու Արցախի ժողովրդի անունից, ամեն ինչ համադրված պիտի լինի և համաձայնեցված ժողովուրդների հետ, և ճիշտ հակառակն արեց։ Եվ այսօր տեսնում ենք, որ ամեն քայլափոխի նա հակասում է այդ պնդումին, որ արել է դեռ 2018 թ-ին»,-ասաց Սևակ Բելյանը։

Հայաստանի իշխանությունների միանձնյա ինքնահավան որոշումների պատճառով ՀՅԴ Հայ դատի գրասենյակներն անել կացության առջև են կանգնում, և դա մեծապես դժվարացնում է նրանց գործը՝ ասաց ՀՅԴ Կանադայի Հայ դատի գրասենյակի պատասխանատուն։

«Հայ դատի հանձնախմբերը տարբեր երկրներում որ աշխատում են, մեր պարագայում՝ Կանադայում, մենք այնտեղ ներկայանում ենք որպես կանադացիներ։ Եվ ընդհանրապես, երբեք չենք հիմնավորել մեր աշխատանքներն այնպիսի ձևով, որ ՀՀ իշխանությունների քայլերի կամ որոշումների արձագանքն է դա, այսինքն, մենք որպես կանադացի հայեր պահանջում ենք, որ՝ այսպես կուզենք, որ անի Կանադան, կամ այնպես կուզենք, որ անի այս կամ այն հարցի շուրջ։ Բայցևայնպես, համադրումի աշխատանք միշտ պետք է տեղի ունենա, և անցյալում միշտ տեղի էր ունենում Հայ դատի գրասենյակների, հանձնախմբերի և Հայաստանի Հանրապետության միջև, որպեսզի համադրված ձևով կարգավորենք քաղաքական ճնշում բանեցնելու աշխատանքը։ Այսօր դա չկա։ Այսինքն, մենք մեր սկզբունքներից չենք նահանջել, մեր սկզբունքները հստակ են ամբողջ աշխարհում, բայցևայնպես, այսօր հակասական արձագանքներ են գալիս Հայաստանի Հանրապետությունից, և այսպես միանձնյա ինքնահավան որոշումների պատճառով մենք անել կացության առջև ենք կանգնում»,-ասաց Սևակ Բելյանը։

Այդպիսի ձախողված համագործակցության մի օրինակ էր Բայրաքթարների՝ կանադական արտադրության մասերի վաճառքի արգելքը Թուրքիային ու Ադրբեջանին, որը կանադահայ համայնքը հաջողեց բացառապես միայնակ՝ առանց Հայաստանի իշխանությունների օժանդակության։ Անգամ Կանադայի արտգործանախարարության առաջարկը՝ համատեղ հետաքննություն անել այս ուղղությամբ, Հայաստանի արտգործանախարարությունը մերժել էր։

«Բնականաբար, վաճառքի այդ արգելքը լայնածավալ աշխատանքի արդյունք էր թե՛ ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի, թե՛ Կանադայի տարածքի տեղական հանձնախմբերի կողմից, և ընդհանրապես կանադահայ համայնքի շնորհիվ հնարավոր դարձավ հասնել այն արդյունքին, որ Բայրաքթարների՝ կանադական արտադրության թիրախավորման սարքավորումները, որոնք ամենակարևոր սարքավորումներն էին, կասեցվեն և այլևս Թուրքիային չփոխանցվեն։ Կանադան ուղղակիորեն Ադրբեջանին չէր վաճառել այդ սարքավորումները, այլ Թուրքիային, որն ապօրինի դրանք փոխանցել էր Ադրբեջանին։ Բայց ստեղծվել էր մի իրավիճակ, երբ Կանադան ուղղակիորեն մեղսակից էր։ Եվ մենք այդ ուղղությամբ ճիշտ ներկայացումները կատարեցինք, և ոչ հայկական նաև այլ կազմակերպությունների աջակցությունը ապահովելով՝ հստակ քաղաքական ճնշում բանեցրինք կառավարության բարձրագույն օղակների վրա և կարողացանք ապահովել այդ զենքի առուծախի կասեցումը»,-մանրամասներ հայտնեց Սևակ Բելյանը։

Նա ևս փաստեց, որ, որպես հետաքննության արդյունք, զեկուցագիր էր հարապարակվել Կանադայի ԱԳՆ կողմից, որտեղ նշվում էր, որ ՀՀ-ն այդպես էլ  չէր համագործակցել Կանադա պետության հետ, որովհետև փոխպետական համագործակցությունը շատ կարևոր է հետաքննական աշխատանքում։

«Մենք այդ արդյունքին հասանք զուտ մեր կուսակցական, կազմակերպական ճիգերով, և ոչ մի աջակցություն ցույց չտրվեց ՀՀ պետության կողմից։ Դա, բնականաբար, մենք ցավոտ ձևով ընդունեցինք, և պետք է ասել, որ դա հստակ արտացոլումն էր ներկա իշխանությունների վարած քաղաքականության, անլուրջ վերաբերմունքի և պասիվ մոտեցման ամբողջ կացության նկատմամբ»,-ասաց Սևակ Բելյանը։

Թուրքիայի ու Ադրբեջանի պահանջների դեմ բացարձակ զիջողական կեցվածքով խաղաղության հասնելուն նա չի հավատում։

«Եթե զիջումներով պետք է հավատանք, որ խաղաղության դարաշրջան պիտի բացվի՝ մենք մատնված ենք ամբողջական պարտության որպես ազգ։   Ուղղակի ծիծաղելի է հավատալը, որ զիջումների գնալով և կացությունները կանխելով՝ մենք խաղաղության դարաշրջան պիտի բանանք և տնտեսապես զարգացնենք պետությունը։ Մենք միշտ ասել ենք, որ Արցախը Հայաստան աշխարհ դարպասն է, և Արցախն է, որ ապահովել է Հայաստանի սահմանային անվտանգությունը․ ժամանակը ցույց տվեց, որ ճիշտ էինք»,-ասաց Սևակ Բելյանը։

Նա վստահեցրեց, որ Դաշնակցության և աշխարհասփյուռ Հայ դատի հանձնախմբերի հիմնական կեցվածքն այսօր ներկա կացության հետ չհաշտվելն է։

Աննա Բալյան

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով․