կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-04 12:08
Հասարակություն

Դուրս բերվեց Աստվածամուխ Սուրբ Գեղարդը

Դուրս բերվեց Աստվածամուխ Սուրբ Գեղարդը

Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնը։ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կոնդակով այս տոնը հռչակվել է նաև Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր։ Գեղարդը, որով հռոմեացի զորականը խոցեց Հիսուսին, պահվում է Մայրավանքի թանգարանում և դուրս է բերվում բացառիկ դեպքերում միայն։

Այսօր Սուրբ մասունքն դուրս բերվեց առաքյալների տոնի պատարագի ընթացքում. տեղեկացնում է Yerkir.am-ը։

Աստվածամուխ Սուրբ  Գեղարդը համաքրիստոնեական սուրբ մասունքներից է, որով օծվում է սրբահյուս մյուռոնը։ Եկեղեցական ավանդույթով` Աստվածորդուն խոցած նիզակի սայրը Հայոց աշխարհ է բերել Թադեոս առաքյալը առաջին դարում։ Մինչև 18-րդ դարը այն պահվել է պատմական Հայաստանի տարբեր վանքերում։ Մայր Աթոռ է տեղափոխվել 18-րդ դարում, որտեղ էլ պահպանվում է մինչև այսօր։

Մասունքն, ըստ ավանդության, իր հրաշագործ զորությամբ փարատել է հոգեկան և մարմնական հիվանդություններ։ Սուրբ Գեղարդի բուժիչ ազդեցությանը շատերը հիմա էլ են հավատում։

Հոգեշնորհ  Հայր Ասողիկ Կիրակոսյանի խոսքով`մարդիկ հավատում են Աստծուն, եթե հավատում են Աստծուն, հետևաբար, կհավատան Տիրոջ հետ կապված որևէ հրաշքի, որևէ զորության ներգործությանը, այդ թվում` Սուրբ Գեղարդի։

«Սուրբ Գեղարդը մեզ համար պարզ  անշունչ առարկա չէ, Սուրբ Գեղարդը Քրիստոսի արյամբ ներկված և այդ արյամբ ոգեղենացված հավատքի առարկա է։ Ինչպես որ ցանկացած` տաճարից սկսյալ մինչև ամենափոքրիկ սրբագործված առարկան, որ գործածվում է եկեղեցական աստվածապաշտության ժամանակ,  այդպես էլ Սուրբ Գեղարդը մեզ համար այն աղբյուրն է, որից բխում է Աստծո օրհնությունը։ Եվ հավատքով մերձեցողներին պարգևում է ոչ միայն հոգևոր առողջություն, այլև մարմնական առողջություն»,- ասաց Հայր Ասողիկը։

Նրանք, ովքեր հավատում են Սուրբ Գեղարդի ամոքիչ ուժին, այսօր դրան հպվելու և համբուրելու բացառիկ հնարավորություն ունեն։ Սուրբ մասունքը մատուռ-մկրտարանում է մնալու մինչև ուշ երեկո։