կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-11-24 13:44
Հասարակություն

Զենքի գործադրմամբ խուլիգանություն` մայրաքաղաքի Մոլդովական փողոցում. հարուցվել է քրեական գործ

Զենքի գործադրմամբ խուլիգանություն` մայրաքաղաքի Մոլդովական փողոցում. հարուցվել է քրեական գործ

Նոյեմբերի 12-ին, կեսգիշերից քիչ անց, ոստիկանություն զանգած կինը հայտնել էր, որ Մոլդովական փողոցում կռիվ է, նաև լսվել են կրակոցներ: Այս մասին հայտնում են Ոստիկանությունից։

Շտապ դեպքի վայր էին մեկնել ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Նոր Նորքի բաժնի օպերատիվ խմբերը, պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ծառայողներ:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները, համատեղ իրացնելով օպերատիվ տեղեկությունները, պարզել են, որ համակարգչային խաղերի սրահում 24-ից 27 տարեկան երիտասարդներ վիճաբանել են, հարվածներ հասցրել իրար ու պատճառել մարմնական վնասվածքներ:

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` քրեական օրենսգրքի երկու հոդվածով` խուլիգանություն և զենք-զինամթերք ապօրինի պահելն ու կրելը:

Նախաքննության ընթացքում որոշում է կայացվել չորս անձի՝ որպես մեղադրյալ ներգրավելու և ձերբակալելու մասին: Նոր Նորքի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ նոյեմբերի 15-ին նրանցից երկուսը ներկայացել են բաժին ու ձերբակալվել: Հետագա միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 19-ին ևս մի երիտասարդ գնացել է բաժին և ներկայացրել ենթադրյալ հանցագործության գործիք ատրճանակը: Նա էլ քննչական բաժնում տվել է խոստովանական ցուցմունք ու կալանավորվել:

Նախաքննությունը շարունակվում է, հանգամանքները պարզվում են: