կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-05 15:34
Իրավական

Գյումրու ցույցերի մասնակից` 21-ամյա տղան կասկածվում է զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեջ

Գյումրու ցույցերի մասնակից` 21-ամյա տղան կասկածվում է զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեջ

Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության կապակցությամբ Գյումրիում կազմակերպված բողոքի ցույցերին մասնակցած` 21-ամյա Մնացական Ալեքսանյանը երեկ, որպես վկա, կանչվել է ոստիկանության, այնուհետև` ձերբակալվել: 


Մնացական Ալեքսանյանի փաստաբան Հայկ Հարությունյանը Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց, որ, ձերբակալման արձանագրության համաձայն, Մնացականին ձերբակալել են 19:10-ին: Իսկ դրանից հետո` երեկոյան ժամը 22-ին, Մնացականի հոր կողմից ինքը կանչվել է Ախուրյանի ՁՊՎ (ձերբակալվածների պահման վայր), որպեսզի ներկա գտնվի քննչական գործողություններին, սակայն նրան ներս չեն թողել:


Մոտ մեկ ժամ սպասելուց հետո` ժամը 23:40-ին սահմաններում, միայն փաստաբանը կարողացել է տեսել իր պաշտպանյալին, զրուցել նրա հետ: Մնացական Ալեքսանյանը հրաժարվել է որևէ ցուցմունք տալ, իսկ մինչ փաստաբանի ներկա գտնվելը կազմվել է ձերբակալման արձանագրությունը, անձնական խուզարկություն է կատարվել:

Ի դեպ, ձերբակալման արձանագրության մեջ, որպես ձերբակալման ժամ, նշված է 19:10-ը, սակայն Գյումրու «Ասպարեզ» մամուլի ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը, ով բոլոր այս իրադարձություններին հետևել է, ֆեյսբուքյան իր էջում գրել է, թե ձերբակալությունը կատարվել է ժամը 17:00-ի սահմաններում:

Ի դեպ, հենց Լևոն Բարսեղյանն էլ ահազանգել է, որ Մնացականի մոտ չեն թողնում փաստաբանին:
Yerkir.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի անդամ Սուրեն Իսկանդարյանը պատմեց, որ ահազանգը ստանալուց հետո անձնապես կապվել է ոստիկանության համապատասխան բաժնի պետի հետ և միայն այդ միջամտությունից հետո է հնարավոր եղել փաստաբանի մուտքը ՁՊՎ:

Ս. Իսկանդարյանի խոսքով` խնդիրը ստեղծել են ոչ թե ոստիկանությունն ու ՁՊՎ ղեկավարությունը, այլ գործը քննող քննիչը, ով փաստաբանին գործում չներգրավելը պատճառաբել է այն բանով, թե ի սկզբանե Մնացականը հրաժարվել է փաստաբան ունենալուց: «Մենք արձանագրել ենք փաստը, որ քննիչներն ամեն ինչ անում են, որ անազատության մեջ գտնվող անձինք պաշտպանի իրավունքից չօգտվեն»,- ասաց մեր զրուցակիցը:

Հարցին, թե արդյո՞ք ձերբակալությունը կատարվել է օրինականորեն, փաստաբան Հայկ Հարությունյանը հայտնեց, որ դեռևս գործի նյութերին չի ծանոթացել, սակայն մի բան փաստ է՝ իր պաշտպանյալին ձերբակալման արձանագրությունը չեն հանձնել, չեն հայտնել, թե ինչ հիմքով են իրեն արգելանքի տակ պահում:

Նշենք նաև, որ, համաձայն ձերբակալման արձանագրության, Մնացական Ալեքսանյանը կասկածվում է Քրեական օրենգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի (զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանություն կատարելը) հատկանիշներով արարք կատարելու մեջ:

Մնացական Ալեքսանյանը հասարակությանը ճանաչելի դարձավ Գյումրու ցույցների ժամանակ Զարուհի Փոստանջյանի հետ երկխոսությունից հետո:

Աստղիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ