Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վերջերս հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների հետևանքով ոլորտում նոր կանոններ են սահմանվել: Նախ՝ 2021թ. հունվարի 1-ից անշարժ գույքի համար հարկ վճարելը պարտադիր է բոլորի համար: Նախկինում գույքահարկ վճարում էին այն սեփականատերերը, որոնց գույքի կադաստրային արժեքը գերազանցում էր 3 մլն դրամը: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունից:
«Մենք հանրապետությունում ունեինք հարյուր հազարներով բնակարաններ, որոնց կադաստրային արժեքը 3 մլն-ից ցածր էր և վերջիններիս համար գույքահարկ չէին վճարում, օրինակ, Երևանում ավելի քան 100 հազար նման բնակարան կար: Հարկային օրենսգրքով և դրանից հետո ընդունվեց օրենք անշարժ գույքի կադաստրային գնահատման վերաբերյալ. արդեն այստեղ տրամաբանությունը փոխվեց: Հարկման հիմքը կադաստրային արժեքն է, իսկ դա մոտարկվում է շուկայական արժեքին»,- նշում է ՀՀ ՏԿԵՆ համայնքային տեղեկատվական հոսքերի կառավարման բաժնի պետ Գարեգին Մանուկյանը:
Վերջին անգամ կադաստրային գնահատման մեթոդաբանությունը մշակվել էր 2002թ.-ին՝ անշարժ գույքի շուկայի տվյալների հիման վրա, ինչը խիստ տարբերվում էր ներկայիս շուկայական արժեքներից: Միևնույն ժամանակ նախկին օրենսդրությամբ հողամասերը և շինությունները գնահատվում էին առանձին-առանձին. շինությունների համար՝ գույքահարկ, հողամասերի համար՝ հողի հարկ: Օրենքի փոփոխությամբ՝ 2021 թ. հունվարի 1-ից երկու հարկերը միավորվել են մեկում և կոչվում են «անշարժ գույքի հարկ»:
«Անշարժ գույքի կադաստրային արժեքը ներկայումս ձևավորվում է հողամասի և շինությունների կադաստրային արժեքների գումարից և հարկվում է ամբողջական՝ միասնական արժեքից: Այս մոտեցումը հնարավորություն տվեց պարզեցնել վարչարարությունը, ստանալ շուկայականին մոտարկված արժեքներ, որի համար հիմք հանդիսացան կատարված օրենսդրական փոփոխությունները: Այս ամենի հետևանքով կատարվեց նաև ՀՀ տարածագնահատման նոր գոտիականություն»,- ասում է ՀՀ կադաստրի կոմիտեի կադաստրային գնահատման բաժնի պետ Հակոբ Հովհաննիսյանը:
Նոր գոտիավորմամբ ՀՀ տարածքը բաժանվեց 20 տարածագնահատման հատվածների, որից 1-12 –րդ գոտիները Երևանում են:
«Ամենաբարձր գոտին առաջին գոտին է, որի գործակիցը մեկ է, և պրոգրեսիվ եղանակով հողամասերի համար 0,65 քայլով նվազում է մինչև 20-րդ գոտի, իսկ շինությունների համար 0,8 գործակցով է՝ էլի մինչև 20-րդ գոտի: Այսինքն՝ օրենքով սահմանվեցին նաև հողամասերի և շինությունների բազային արժեքները: 1քմ հողամասի բազային արժեքը սահմանվեց 330 հազար դրամ, որը առաջին գոտու` փոքր կենտրոնի կադաստրային արժեքն է և 12-րդ գոտին՝ 2888 դրամ»,- նշում է Հակոբ Հովհաննիսյանը:
Անշարժ գույքի հարկերի հավաքմամբ զբաղվում են տեղական ինքնակառավարման մարմինները: Որպեսզի փոփոխված օրենքով բնակիչները հարկային նոր բեռի տակ չընկնեն, վճարման փուլային տարբերակ է ընտրվել:
«Հարկման բազայից հետո նախատեսվում է քայլ առ քայլ գալ վերջնական փուլի: Առաջին տարում եղավ գնահատված արժեքի 25 %-ի չափով հարկի գանձումը, 2022թ. ևս 5% կավելանա և այդպես մինչև 2026թ. Կավարտվի՝ ամբողջ 100% գնահատման առումով: Այս պահին անշարժ գույքի հարկի վճարման վերջնաժամկետը տվյալ տարվա դեկտեմբերի 1-ն է: Օգտվելով առիթից՝ ուզում եմ մեր քաղաքացիներին խնդրել, որ սահմանված ժամկետում վճարեն իրենց գույքային միավորների հարկային պարտավորությունները՝ ավելորդ տույժերից խուսափելու համար, որովհետև դեկտեմբերի 1-ից հետո օրենքով նախատեսված դրույթով համայնքը հաշվարկելու է 0.04 % տուգանք 730 օր, ինչը նախատեսված է օրենքով»,- ընդգծում է Երևանի քաղաքապետարանի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետ Արմեն Հարությունյանը:
Գործընթացն առավել արյունավետ կազմակերպելու նպատակով ներդրվել է համայնքների եկամուտների կառավարման միասնական համակարգ: Գործարկվել է pay.e-community.am հարթակը: Այս գործիքն առավել թափանցիկ ու հեշտ է դարձնում ինչպես ՏԻՄ–ի աշխատանքը, այնպես էլ քաղաքացիների հարկերի վճարման գործընթացը:
«Էլեկտրոնային համակարգը բավականին արդյունավետ է, որովհետև այս դեպքում համայնքապետարանն արդեն առցանց է տեսնում նույն փոխադրամիջոցի կամ անշարժ գույքի տվյալները: Եթե նախկինում սեփականատիրոջ փոփոխություն կամ օտարում էր լինում, ապա դա տեսանելի էր դառնում մի քանի ամիս հետո, իսկ արդեն այս դեպքում առցանց եղանակով երևում է: Իսկ դա քաղաքացիներին հնարավորություն է տալիս առանց համայնքապետարան կամ բանկ գնալու ուղղակի սեփական համակարգչից կամ հեռախոսից կամ վճարահաշվարկային տերմինալներից կատարել իր հարկային պարտավորությունները՝ մի քանի րոպեի ընթացքում»,- ասում է Գարեգին Մանուկյանը:
«Մենք հավաքման գործընթացը կազմակերպում ենք թե՛ տեսուչների ուժերով, թե՛ էլեկտրոնային հարթակներով: Երևան համայնքը համագործակցում է վճարահաշվարկային կազմակերպությունների, ինչպես նաև բանկերի հետ, իրենց մեծ մասը ներառված են այս նոր ծրագրին, որը հնարավորություն է ընձեռում քաղաքացիներին էլեկտրոնային վճարումներ անելու, որոշ բանկեր էլ , կարծում, եմ, կներառվեն մինչև տարեվերջ: Տեսչական առումով վարչական շրջանների աշխատակազմում կան գանձող տեսուչներ, որոնք հասցեական գանձումներ են կատարում: Գանձման շարժն ընդհանուր առմամբ երևում է: Այս պահի դրությամբ 3 մլրդ 209 մլն դրամ անշարժ գույքի մասով ունենք մուտքեր, վճարումներ, գույքահարկի մասով՝ 1 մլրդ 630 մլն և 361 մլն՝ հողի հարկի մասով»,- նշում է Արմեն Հարությունյանը:
«Բնակչության շրջանում իրականացվում է իրազեկում, որպեսզի տեղեկացված լինեն իրենց հարկային պարտավորությունների կատարման մասին և մինչև հարկային տարվա դեկտեմբերի 1-ը իրենց սահմանված ժամկետի վճարումը կատարվում են ծանուցումներ: Օրենսդրական այս փոփոխությամբ Նոր Նորք վարչական շրջանում բավականին շատ է այն գույքը, որը ներառվել է նոր օրենսդրական փոփոխության մեջ և բավականին դրական արդյունք կա: Ես շնորհակալություն եմ հայտնում մեր բնակչությանը, որ ընկալելով, ինչու չէ, տեսնելով նաև աշխատանքը կատարում են իրենց պարտականությունները և վճարումներ են կատարում մեր համայնքի բյուջեին»,- նշում է Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Սուրեն Ղամբարյանը:
Տարեվերջին պարզ կլինի, թե որքան կավելանան համայնքի եկամուտներն անշարժ գույքի հարկման նոր մոտեցման կիրառումից հետո, երբ կամփոփվեն պլանային առաջադրանքի կատարման ցուցանիշները: Այն, որ հավաքված յուրաքանչյուր լուման ուղղվել և ուղղվելու է Երևանի զարգացմանն ու կուտակված խնդիրների լուծմանը, արդեն իսկ տեսանելի է երևանցիների համար՝ քաղաքային իշխանությունների իրագործած ծրագրերով: