կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-29 12:35
Հասարակություն

Մեկ հարկի տակ գույքագրվելու է ամբողջ անշարժ գույքը` հողերը, անտառները

Մեկ հարկի տակ գույքագրվելու է ամբողջ անշարժ գույքը` հողերը, անտառները

Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց երկրատեղեկատվական համակարգերի տեղադրման վերաբերյալ: 2016-ին կառավարության կողմից նախաձեռնվեց տնտեսության տարբեր ոլորտներում երկրատեղեկատվական համակարգերի ներդրումը: Երևան քաղաքում արդեն իսկ ներդրվել է այդ համակարգը: Օգոստոս ամսից այն հասանելի կլինի Գյումրի քաղաքում, տարեվերջին` Վանաձորում:

Ելնելով կառավարության որդեգրած` թվային օրակարգի հրամայականից, այդ համակարգերի ինտեգրման և դրա միջոցով տնտեսության խթանման հնարավորություններից` հանձնարարվեց գործադիր մարմինների ղեկավարներին` եռաշաբաթ ժամկետում ուսումնասիրել և անշարժ գույքի պետական կադաստրի կոմիտեին ներկայացնել առկա թվային և քարտեզագրական նյութերի վերաբերյալ տեղեկատվություն, ՏԻՄ-երից տեղեկատվության հավաքագրում իրականացնել, այդ ամենն արտացոլել համապատասխան ինտերնետային պորտալում:

«Այսօր Երևան քաղաքում ֆիզիկական կամ իրավաբանական անձ ենթակառուցվածքներին միանալու դեպքում կարող է օգտվել երկրատեղեկատվական համակարգից և իմանալ` որևէ հասցեում ինքը որքան հնարավորություն ունի էլեկտրաէներգիա, գազ կամ ջուր ստանալու, այլ ծառայություններ` ինտերնետ կամ հեռախոսակապ ստանալու: Դա կբերի նրան, որ գործարար աշխարհը, մեր քաղաքացիները հասկանալու են, թե ինչ կանոններով է ամեն ինչ շարժվում»,- ասաց վարչապետը` հավելելով, որ մոտ ապագայում նման տեղեկատվական համակարգեր կներդրվեն անտառների ու հողերի վերաբերյալ:

Վարչապետը հավելեց, որ այժմ քննարկման փուլում են գույքահարկի ու հողահարկի փոփոխությունները, որոնք կհանգեցնեն չաշխատող գույքի ակտիվացմանը և աշխատող գույքի բեռի թեթևացմանը: Ներդրվող համակարգերը, վարչապետի հավաստիացմամբ, չեն հանգեցնի վարչարարության խնդիրների ու ռիսկերի ավելացմանը:

«Չափազանց կարևոր գործընթաց ենք սկսում, գույքագրելու ենք ամեն ինչ` մեկ հարկի տակ»,- ասաց Կարեն Կարապետյանը: