Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Օդանավակայանի տարածքում տաքսիների գործունեության հարցը կկարգավորվի: «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը:
Փոխնախարարը նախ նշեց՝ հանրապետության օդանավակայանների տարածքում առանձին կարգավորում չունի տաքսի ծառայությունների մատուցման գործընթացը, ինչի պատճառով ոլորտում առաջացել են խնդիրներ:
Այսպիսով՝ սահմանվում է, որ օդանավակայանի տաքսի ծառայության լիցենզիա տրվում է միայն այն կազմակերպություններին եւ անհատ ձեռնարկատերերին, որոնք ունեն մինչեւ 7 տարեկան, սպիտակ հիմնագույնի, գործարանային վառելիքային համակարգով շահագործվող, «Աերոտաքսի» գրառմամբ եւ տաքսու շախմատաձեւ տարբերանշան ունեցող ավտոմոբիլներ:
Լիցենզիաների սահմանափակ քանակ չի սահմանվելու:
ՔՊ-ից Վլադիմիր Վարդանյանը հետաքրքրվեց, թե արդյոք այդ կարգավորումներն ավելի չեն թանկացնելու ծառայությունները, որոնք քաղաքացիները վճարում են օդանավակայանից փոխադրվելիս:
Փոխնախարարն արձագանքեց. «Այդ օրենքի նախագիծը մշակվել է, որ բացառվի այն վիճակը, երբ զբոսաշրջիկը գալիս է ՀՀ և դեպի կենտրոն ուղևորվելիս հասկանում է, որ այդ ծառայությունն արժե շատ ավելի թանկ, քան եվրոպական ամենաթանկ երկրներում»:
Նախագծով նախատեսված չէ արգելք սահմանել տաքսիով դեպի օդանավակայան փոխադրումների համար: Խոսքը հենց օդանավակայանի տարածքից փոխադրումների մասին է, այն փոխադրումների, որոնք, այսօր, ըստ փոխնախարարի, մեծ մասամբ կարող են իրականացվել ապօրինի: «Խոսքն այդ մարդկանց օրինական դաշտ բերելու մասին է»,- ասաց Սիմոնյանը:
Նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ՝ ստանալով 58 կողմ ձայն: