Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախյան երրորդ պատերազմի տարելիցը լրանալու պայմաններում անհրաժեշտություն է ծագում օբյեկտիվորեն և համակողմանիորեն վերլուծել նաև 2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթուղթը, առավել ևս, որ պարբերաբար լուրեր են շրջանառվում դրանից բխող նոր եռակողմ փաստաթուղթ ստորագրելու վերաբերյալ: Փաստաթղթի ստորագրումից հետո անցած մեկ տարվա ընթացքում նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի մասին, անշուշտ, շատ է խոսվել, տարբեր լրատվամիջոցներում նյութեր են հրատարկվել, սակայն դրանք գերազանցապես եղել են հրապարակախոսական բնույթի, ուստի առաջացել է այն գիտական քննարկման առարկա դարձնելու անհրաժեշտությունը:
2020 թ. նոյեմբերի 9-ին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավար-ների կողմից ստորագրված «Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման մասին եռակողմ հայտարա¬րության» (այսուհետ՝ եռակողմ հայտարարություն) բովանդակու-թյան համակողմանի ուսումնասիրությունը հիմք է տալիս պնդելու, որ այն իրենից ներկայացնում է ոչ միայն և ոչ այնքան «կրակի դադարեցման մասին հայտարարություն», այլև պարունակում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող որոշ էական դրույթներ, որոնք մինչ այդ տեղ են գտել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից մշակված և բանակցային գործընթացի կողմերին նախկինում ներկայացված փաստաթղթերում։ Ինչպես հայտնի է, 1994 թ. մայիսի 9-ից 11-ը Ռուսաստանի միջնորդությամբ ստորագրվեց «Հակամարտող կողմերի՝ Ադրբեջանի, Հայասատանի և Լեռնային Ղարաբաղի միջև ռազմական գործողությունների լիովին դադարեցման վերաբերյալ համաձայնագիր» , որով հաստատված երկարամյա հրադադարի ռեժիմը խախտվեց Ադրբեջանի կողմից սանձազերծված Արցախյան երկրորդ (2016 թ. ապրիլյան քառօրյա) պատերազմով, որը նույնպես դադարեցվեց Ռուսաստանի միջնորդությամբ։ Մինսկի խմբի ԵԱՀԿ համանախա¬գահ-ների հետ 2016 թ. մայիսի 16-ին Վիեննայում և նույն տարում, հունիսի 20-ին Պետերբուրգում, Ռուսաստանի նախա¬գահի հետ Հայասատանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումների ժամանակ ձեռք բերվեցին հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության մեխանիզմների ներդրման և ԵԱՀԿ մոնիթորինգային առաքելության ընդլայնման վերաբերյալ պայմանավորվածություններ, որոնք, սա-կայն, Ադրբեջանի ապակառուցողական դիքորոշման հետևանքով չիրականացվեցին:
Արդեն երրորդ Արցախյան պատերազմի ժամանակ, 2020 թ. հոկտեմբերի 10-ին, Մոսկվայում ստորագրվեց Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնա-խա¬րարների հայտարարությունը , սակայն Ադրբեջանը խախտեց ձեռք բերված պայմանավորվածությունները՝ շարունակելով Արցախի դեմ սանձազերծված ագրե-սիվ պատերազմը։ Հետագայում Ադրբեջանը խախտեց նաև հոկտեմբերի 26-ին Վաշինգ¬տոնում և հոկտեմբերի 30-ին Ժնևում՝ կրակի դադարեցման վերաբերյալ ձեռք բերված նոր պայմանավորվածությունները՝ կրկին շարունակելով ռազմական գործողությունները։ Շարունակելով ռազմական ագրեսիան ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի Հանրապետության դեմ՝ նոյեմբերի 9-ին ադրբեջանական հակաօդային պաշտպանության ուժերը Նախիջևանի կողմից Հայաստանի օդային տարածքում խոցեցին ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի ռազմական ուղղաթիռը, ինչից հետո Ադրբեջանի նախագահը ստիպված եղավ ներողություն խնդրել և հայտարարել պատճառված վնասի փոխհատուցման պատրաստակամության մասին: Դրանից անմիջապես հետո՝ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը, երեք պետությունների ղեկավարների բանակցությունների արդյուքնում ստորագրվեց «եռակողմ հայտարարությունը», որով ադրբեջանա-թուրքական ահաբեկչական տանդեմի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիան դադարեցվեց։
Պետք է արձանագրել, որ 2020 թ. նոյեմբերի 9-ին երկրների ղեկավարների կողմից ստորագրված «եռակողմ հայտարարությունն» ակնհայտորեն հակասում է ավելի վաղ՝ 2020 թ. հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև ստորագրված հայտարարությանը, որի 4-րդ կետով ամրագրվում էր Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի պահպանումը։ Հակառակ դրան՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու նպատակով համանախագահ երկրներից միայն Ռուսաստանի նախաձեռնությամբ՝ հայկական կողմին պարտադրվեց ստորագրել գերազանցապես ադրբեջանական կողմի շահերն արտահայտող մի փաստաթուղթ, որով, փաստորեն, շրջանցվեց շուրջ երեք տասնամյակ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջազգային ձևաչափը։
Ինչպես հայտնի է, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, այդ թվում Ռուսաստանը, ամենաբարձր մակարդակով պարբերաբար հայտարարել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում ունենալ չի կարող : «Եռակողմ հայտարարության» ստորագրումը նախաձեռնելով ու դրա ստորագրման կողմ հանդիսանալով, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, Ռուսաստանը փաստացի շրջանցեց 1975 թ. հելսինկյան «Եզրափակիչ ակտի» ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման արգելքի սկզբունքը, որն ամրագրված է նաև Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման՝ համանախագահների մշակած «Մադրիդյան սկզբունքներում» և, այդպիսով, ոչ միայն ճանաչեց, այլև օրինականացրեց Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքները՝ վերջինիս կողմից Հադրութի շրջանի և Շուշիի շրջանի մի մասի բռնազավթումը։
Ի տարբերություն 1994 թ. ռազմական գործողությունների դադարեցման համաձայնագրի և կրակի դադարեցման մասին երեք արտգործնախարարների հայտարարության, 2020 թ. նոյեմբերի 9-ի «Եռակողմ հայտարարության» 9-ը հոդվածներից, միայն 1-ին, 5-րդ և 8-րդ հոդվածներն են համապատասխանում կրակի դադարեցման ռեժիմի ապահովման չափանիշներին, իսկ տվյալ փաստաթղթի հիմնական մասը վերաբերվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հնարավոր կարգավորման խնդիրներին։
Հարկ է նշել, որ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ, նույն Ռուսաստանի միջնորդությամբ հակամարտող կողմերի միջև կրակի դադարեցման մասին 1994 թ.-ի համաձայնագիրն առանց ավելորդ շտապողականության ստորա-գրվեց երեք օրվա ընթացքում. մայիսի 9-ին Բաքվում՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարի, մայիսի 10-ին Երևանում Հայաստանի պաշտպանության նախարարի և մայիսի 11- ին Ստեփանակերտում՝ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հրամանատարի կողմից ։ Ի հակառակ դրա, նոյեմբերի 9-ի «եռակողմ հայտարարության» հապճեպ ստորագրումը պայմանավորված էր ոչ այնքան ռազմի դաշտում զինծառայողների և թիկունքում խաղաղ բնակչության կյանքերը փրկելու մտահոգությամբ, որքան անգամ հայկական կողմի համար ամենածանր պայմաններով ռուս խաղաղապահների մուտքն Արցախի տարածք հնարավորինս արագ ապահովելու հարցում Ադրբեջանի համաձայնությունը ստանալու ձգտումով։ «Եռակողմ հայտարարության» ստորագրմամբ Արցախի և Հայաստանի Հանրապետություններին պարտադրվեցին կրակի դադարեցման ծայրահեղ ծանր պայմաններ` գոյաբանական նոր սպառնալիքներ ստեղծելով Արցախի և Հայաստանի բնակչության համար, որոնք առաջացել էին թվաքանակով գերազանցող թուրք-ադրբեջանական տանդեմի և Թուրքիայի կողմից հակամարտության գոտի տեղափոխած ահաբեկչական խմբավորումների ագրեսիայի հետևանքով։
«Եռակողմ հայտարարությունը» ոչ միայն իր բովանդակությամբ և կարգավորող հարցերի շրջանակով, այլև իրավական տեսանկյունից, համապատսխանում է ոչ թե «հայտարարության», այլ միջազգային պայմանագրի կարգավիճակին։ 1969 թ. մայիսի 23-ի «Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին» Վիեննայի կոնվենցիայի (այսուհետև՝ Վիեննայի կոնվենցիա) 2-րդ հոդվածով «միջազգային պայմանագիր» հասկացությունը սահամանվում է որպես «պետությունների միջև գրավոր ձևով կնքված և միջազգային իրավունքով կարգավորվող միջազգային համաձայնություն, անկախ նրանից, թե այդ համաձայնությունը պարունակվում է մեկ կամ երկու, կամ միմյանց հետ փոխկապակցված մի քանի փաստաթղթերում, ինչպես նաև անկախ դրա կոնկրետ անվանումից» (ընդգծումը` Ա. Մ.): Ինչպես հայտնի է, «եռակողմ հայտարարությունը» կազմվել է գրավոր և ստորագրվել է երեք պետությունների ղեկավարների կողմից` տվյալ երկրների վրա դնելով հստակ պարտավորություններ, ուստի միջազգային իրավունքի տեսանկյունից տվյալ փաստաթուղթը հանդիսանում է միջազգային պայմանագիր, թեպետ փաստաթուղթը մշակող և ստորագրող անձինք այն միտումնավոր անվանել են «հայտարություն»` այդ կերպ փորձելով շրջանցել նման փաստաթղթերը օրինական ուժի մեջ մտցնելու համար պարտադիր վավերացման գործընթացը։ Այսպիսով` 2020 թ. նոյեմբերի 9-ին երեք երկրների ղեկավարներն, ըստ էության, ստորագրել են միջազգային պայմանագիր, որը չի վավերացվել այդ երկրների օրենսդրական մարմինների կողմից և հետևաբար չի մտել օրինական ուժի մեջ, սակայն, չնայած դրան, փաստաթղթի դրույթները սկսել են գործադրվել։
Արցախյան երրորդ պատերազմի ավարտի վերաբերյալ ցանկացած փաստաթուղթ՝ անկախ միջազգայնորեն ճանաչված լինել-չլինելու հանգամանքից, պետք է ստորագրվեր պատերազմի կողմ հանդիսացող Արցախի Հանրապետության, այլ ոչ թե պատերազմող կողմ չհանդիսացող Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի կողմից։ Համեմատության համար հիշեցնենք, որ Արցախյան առաջին պատերազմն ավարտող 1994 թ. հրադադարի պայմանագիրը ստորագրվել է Արցախի ներկայա¬ցուց-չի մասնացությամբ և Ադրբեջանի կողմից որոշ խախտումներով գործել է շուրջ երեք տասնամյակ: Առանց Արցախի ներկայացուցչի մասնակցության «եռակողմ հայտարարությունը» ստորագրած Հայասատանի Հանրապետության ներկայացուցիչն ակնհայտորեն գերազանցել է իր իրավասությունները, քանզի նա իր ստորագրությունն է դրել մի փաստաթղթի տակ, որով նախատեսվում էր ոչ միայն կրակի դադարեցումը, այլ նաև Արցախի Հանրապետության տարածքների` Քարվաճառի (Քելբաջար), Բերձորի (Լաչին) և Ակնայի (Աղդամ) շրջանների Ադրբեջանի վերահսկողու-թյան տակ փոխանցելը, ինչպես նաև ռուս խաղաղապահների տեղա¬կա¬յումն այն տարածքներում, որոնք գտնվում են Արցախի Հանրապետության ինքնիշխանության ներքո՝ առանց վերջինիս կողմից պատշաճ գրավոր լիազորություն ստանալու։
Այս ամենը միջազգային պայմանագրային իրավունքի նորմերի կոպիտ խախտում է, քանզի Վիեննայի կոնվենցիային 35-րդ հոդվածի համաձայն, միջազգաին պայմանագիրը երրորդ պետության համար կարող է պարտավավորություններ առաջացնել միայն այն դեպքում, երբ վերջինս գրավոր ձևով ստանձնում է տվյալ պարտավորությունը։ Տվյալ դեպքում երրորդ կողմը Արցախի Հանրապետությունն էր, որը որևէ կերպ իր վրա նման իրավասություն չի վերցրել, ինչից ելնելով կարելի է պնդել, որ համաձայն նույն կոնվենցիայի 34-րդ հոդվածի, Հայաստանի ներկայացուց¬ կողմից ստորագրված «եռակողմ հայտարարություն»ը, միջազգային իրավունքի տեսանկյունից Արցախի Հանրապետության համար որևէ պարտավորություն չի առաջացնում ։
Այս տեսակետից «եռակողմ հայտարությունը» հիշեցնում է Խորհրդային Ռուսաստանի և Քեմալական Թուրքիայի միջև 1921 թ. մարտի 16-ին ստորագրված «Բարեկամության և եղբայրության մասին» Մոսկվայի անօրինական պայմանագիրը, երբ միջազգային պայմանագրային իրավունքի կոպիտ խախտումներով, առանց Խորհրդային Հայաստանի ներակայացուցչի մասնակցության և համաձայնության Կարսի մարզը և Սուրմալուի գավառը հանձնվեցին Թուրքիային, իսկ Նախիջևանը՝ Ադրբեջանին, ինչպես նաև առանց քվեարկության ընդունված ՌԿԿ(Բ) Կովկասյան բյուրոյի պլենումի 1921 թ. հուլիսի 5-ի անօրինական որոշումը, որով Ղարաբաղը փոխանցվեց Ադրբեջանին ` բացարձակապես անտեսելով ինչպես Նախիջևանի ու Ղարաբաղի բնակչության, այնպես էլ Խորհրդային Հայաստանի տեսակետը։
Ինչպես ընթացակարգային նորմերի, այնպես էլ փաստաթղթի օրինական ուժի մեջ մտնելու կարգի հետ կապված խախտումից բացի, միջազգային պայմանագիր հանդիսա¬ցող «եռակողմ հայտարարությունը» ստորագրվել է նաև միջազգային պայմանագրային իրավունքի մի շարք հիմնարար նորմերի և պահանջների խախտումներով, ինչը հիմք է տալիս խոսելու տվյալ փաստաթղթի հակաիրավական լինելու մասին։
Վիեննայի կոնվենցիայի 52-րդ հոդվածի համաձայն, պայմանագիրը համարվում է անվավեր, եթե պետության կողմից դրա ստորագրումը ուժի կամ դրա կիրառման սպառնալիքի հետևանք է։ «Եռակողմ հայտարարությունը» Հայաստանի ներկայացուցչի կողմիցը ստորագրվել է այնպիսի պայմաններում, երբ ագրեսոր կողմն ի դեմս Ադրբեջանի, փաստաթուղթը չստորագրելու դեպքում սպառնում էր շարունակել ռազմական ագրեսիան Արցախի դեմ, ինչից հետևում է, որ միջազգային իրավունքի տեսակետից ստորագրված փաստաթուղթը պարզապես օրինական համարվել չի կարող։
Ավելին, նույն կոնվենցիայի 51-րդ հոդվածում նշվում է, որ եթե պետության համար պարտադիր ուժ ունեցող համաձայնագիրը ստորագրվել է նրա ներկայացուցչի նկատմամբ հարկադրանքի գործողությունների և սպառնալիքի պայմաններում, ապա այն իրավաբանական ուժ ունենալ չի կարող ։ Ոչ միայն Արցախի Հանրապետության, այլև Հայաստանի Հանրապետության ու ողջ հայ ժողովրդի համար այնպիսի բախտորոշ ու ճակատագրական փաստաթղթի` «Եռակողմ հայտարարության» ստորագրման տեսակոնֆերանսի ժամանակ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների կողքին Հայաստանի ներկայացուցչի բացակայությունը, վկայում է Վիեննայի կոնվենցիայի հիշյալ հոդվածի առերևույթ խախտման մասին։ Ի դեպ, Ադրբեջանի նախագահն իր երկրի բնակչությանն ուղղված տեսաուղերձում, անդրադառնալով փաստաթղթի ստորագրման տեսակոնֆերանսին Հայաստանի ներկայացուցչի բացակայությանը, հայտարարեց, որ նա այն կստորագրի երկաթյա բռունցքի տակ :
2021 թ. հունվարի 11-ին, «եռակողմ հայտարարության» 9-րդ կետի վրա հիմնվելով, Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները ստորագրեցին երկրորդ հայտարարությունը։ Վիեննայի կոնվենցիայի 2-րդ հոդվածում արձանագրված է, որ միջազգային պայմանագիրը կարող է բաղկացած լինել մեկ, երկու կամ միմյանց հետ փոխկապակցված մի քանի փաստաթղթերից : Քանի որ հունվարի 11-ին ստորագրված երկրորդ հայտարարության ստորագրման հիմնա¬կան նպատակն է հռչակված նոյեմբերի 9-ի «եռակողմ հայտարարության» 9-րդ հոդվածի դրույթների` տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափա-կումը, ապա միանգամայն ակնհայտ է, որ դրանք միմյանց փոխլրացնող և միևնույն միջազգային պայմանագրի փոխկապակցված մասերը կազմող փաստաթղթեր են: Այսպիսով, հունվարի 11-ի հայտարարությունը ընդամենը հանդիսանում է «եռակողմ հայտարարության», ըստ էության, միջազգային պայմանագրի, 9-րդ հոդվածի հավելվածը։ Ասվածից հետևում է, որ հունվարի 11-ի հայտարարությունը միջազգային պայմանագրային իրավունքի տեսանկյունից նույնպես հակաիրավական փաստաթուղթ է։
«Եռակողմ հայտարարության» 9-րդ հոդվածի, ինչպես նաև 2021 թ. հունվարի 11-ի «եռակողմ երկրորդ հայտարարության» դրույթները Նախիջևանի ուղղությամբ Հայաստանի Հանրապետության տարածքով Ադրբեջանին հաղորդակցության ուղի-ների տրամադրումը ենթադրում է Հայաստանի Հանրապետության որոշ տարածք-ների նկատմամբ վերջինիս ինքնիշխանության փոփոխություններ, առավել ևս, որ Ադրբեջանը Նախիջևանին միացնող հաղորդակցության ուղիներն ըստ «եռակողմ հայտարարության» 9-րդ հոդվածի հսկվելու է ռուս սահմանապահների կողմից։
Այս առումով պետք է նշել, որ Հայաստանի Հանրապետության տարածքային ինքնիշխանության ցանկացած փոփոխության հարցը կարգավորվում է «Անկախու-թյան հռչակագրի» 2-րդ հոդվածով, համաձայն որի Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան պետություն է, որի ողջ տարածքում գործում են ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները , ինչպես նաև ՀՀ Սահմանադրության 205-րդ հոդվածի 1-ին մասով, ըստ որի Հայաստանի տարածքային փոփոխույթուններին վերաբերող հարցերը որոշվում են հանրաքվեի միջոցով։ Ակնայտ է, որ «Եռակողմ հայտարարության» 9-րդ հոդվածը և հունվարի 11-ի «եռակողմ երկրորդ հայտարարությունը» հակասում են «Անկախության հռչակագրի» 2-րդ հոդվածին և ՀՀ Սահմանադրության 205 հոդվածի 1-ին մասին, որոնց համաձայն, Հայաստանի տարածքային ինքնիշխանության փոփոխությունները կարող են կատարվել միայն Հայաստանի ժողովրդի կամարտահայտության (հանրաքվեների) միջոցով ։ Առանց Հայաստանի ժողովրդի իրականացրած հանրաքվեի համապատասխան արդյունքների, կայացնել պետության տարածքային ինքնիշխանության փոփոխություններին վերաբերող հարցերում Հայաստանի ներկայացուցիչը միայնակ որոշում կայացնելու իրավասություն չուներ։
Վերոգրյալից ակնհայտ է դառնում, որ Հայաստանի կողմից 2020 թ. նոյեմբերի 9-ի «եռակողմ հայտարարության» և 2021 թ. հունվարի 11-ի երկրորդ հայտարարության ստորագրողի կողմից, այս մասով, տեղի է ունեցել պաշտոնական դիրքի ակնհայտ չարաշահում։ Քանի որ այս հակաիրավական փաստաթղթերի դրույթներրի իրագործման դեպքում խախտվելու է ՀՀ օրենսդրությունը, ուստի տվյալ փաստաթղթերի օրինականությունը կարող է դատական կարգով վիճարկվել ինչպես Հայաստանի, այնպես էլ միջազգային դատական ատյաններում։
Ամփոփելով նշենք, որ ինչպես 2020 թ. նոյեմբերի 9-ի «եռակողմ հայտարա-րությունը», այնպես էլ 2021 թ. հունվարի 11-ի երկրորդ եռակողմ հայտարարությունը որպես միջազգային պայմանագրի երկու մասեր, Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից երկու անգամ ստորագրվել են միջազգային պայմանագրային իրավունքի հիմնարար նորմերի մի շարք կոպիտ խախտումներով, ուստի դրանք օրինական համարվել չեն կարող։ Ելնելով վերոնշյալից՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունը, այնպես էլ միջազգային իրավունքի սուբյեկտ դառնալուց հետո Արցախի Հանրապետությունը, միջազգային իրավունքի համապատասխան նորմերի և ընթացակարգերի հիման վրա հիշյալ փաստաթղթերի օրինականությունը կարող են վիճարկել միջազգային դատական ատյաններում և վերականգնել հայկական երկու պետությունների խախտված իրավունքներն ու շահերը։
Հարկ է նշել, որ միջազգային պայմանագրային իրավունքի կոպիտ խախտում-նե¬րով կնքված և ապօրինաբար ուժի մեջ մտած տվյալ միջազգային պայմանագրով (որը բաղկացած է «Եռակողմ հայտարարագրից» և հունվարի 11-ի հայտարարու-թյունից) ստանձնած պարտավորու¬թյուն¬ները հայկական կողմն, այդուհանդերձ, հետևողականորեն կատարում է, ինչի հետևանքով անվտանգային նոր լրջագույն սպառնալիքներ են առաջացել ոչ միայն Արցախի Հանրապետության, այլև Հայաստանի Հանրապետության համար: Փաստաթղթի մյուս կողմ հանդիսացող Ադրբեջանը, սակայն, արհեստականորեն ձգձգում և ամեն կերպ խուսափում է իր պարտավորությունների կատարումից, և այս առումով անհրաժեշտու¬թյուն է առաջա-նում բովանդակային վերլուծության ենթարկել տվյալ փաստաթղթերի հոդվածներով կողմերի վրա դրված պարտավորությունները։
«Եռակողմ հայտարարության» 1-ին հոդվածում հստակորեն նշված է, որ 2020 թ. նոյեմբերի 10-ից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գուտում ամբողջովին դադարեցվում են բոլոր ռազմական գործողությունները, և կողմերը մնում են տվյալ պահին իրենց զբաղեցրած դիրքերում։ Պետք է արձանագրել, որ տվյալ պահի դրությամբ Ադրբեջանի կողմից բռնագրավված Արցախի Հանրապետության Հադրու¬թի շրջանի վերջին երկու գյուղերը՝ Հին Թաղերը և Խծաբերդը գտնվում էին հայկական զինված ուժերի վերահսկողության տակ, և նույն փաստաթղթի 4-րդ հոդվածի համա-ձայն այդ դիրքերից նրանք պետք է դուրս բերվեին միայն այնտեղ ռուս խաղաղապահների տեղակայումից հետո ։ Օգտվելով ռուս խաղաղապահների հրամանատարության բացթողումից, որը տվյալ տարածքում դեռևս իր դիտակետերը չէր տեղակայել, և կոպտորեն խախտելով «եռակողմ հայտարարության» 1-ին հոդ-վածի պահանջն առ այն, որ բոլոր ռազմական գործողությունները դադարեցվում են և կողմերը մնում են իրենց զբաղեցրած դիրքերում, ադրբեջանական զինված ուժերը, դեկտեմբերի 12-ին, այդ գյուղերի ուղղությամբ հարձակում իրականացրեցին, ինչի հետևանքով նաև գերևարվեցին այնտեղ տեղակայված տասնայակ հայ զինծառայող-ներ։ Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերում տեղի ունեցած միջադեպի պատ¬ճառների բացահայտման նպտակով այնտեղ ուշացումով ռուս խաղաղապահներ ուղարկվեցին, և թվում էր, որ նշված գյուղերն, ի վերջո, կմտցվեն նրանց պատասխանատվության գոտու մեջ, սակայն, հակառակ եռակողմ փաստաթղթի դրույթների և առանց պատշաճ հիմնավորման, դրանք թողնվեցին ադրբեջանական կողմի վերահսկողության ներքո։
Ռազմական գործողությունների ավարտի պահին հայկական ռազմական ուժերի վերահսկողության տակ էին գտնվում նաև Հայասատանի Հանրապետության Սյունիքի մարզին հարակից Արցախի Հանրապետության Կովսականի (Զանգելան) և Սանասարի (Կուբաթլու) շրջանների հատվածը՝ մոտ 11 կմ լայնությամբ շերտով։ «Եռակողմ հայտարարության» տեքստում այդ շրջանների տարածքները Ադրբեջանի վերահսկողությանը հանձնելու մասին բացարձակապես ոչինչ չէր ասվում, ինչն, ըստ ամենայնի, պայմանավորված էր նրանով, որ, չափազանց ոգևորված լինելով Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի և Շուշիի շրջանի շուրջ 40 %-ի, ներառյալ Շուշի քաղաքի օկուպացմամբ, որոնք Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության կողմերի և եռանախագահների միջև համաձայնեցված որևէ փաստաթղթով (Մադրիդյան սկզբունքներ, Կազանի փաստաթուղթ, «Լավրովի պլան») Ադրբեջանի վերահսկողության տակ չպետք է լինեին, ագրեսոր պետության նախագահը, ձգտելով հայկական կողմին հապշտապ պարտադրել այդ տարածքների զիջումը, թերևս, ժամանակին վրիպել էր նաև այս շրջանների հանձնման մասին դրույթը փաստաթղթի տեքստում ներառելու պահանջի հարցում։
Ադրբեջանական կողմն այդ պահանջը բարձրացրեց փաստաթղթի ստորագրումից հետո, երբ դրա դրույթներն արդեն սկսել էին կատարվել և դրա արդյունքում ինչ-ինչ անհասկանալի «բանավոր պայմանավորվածություններից» ելնելով, դեկտեմբերի 18-ին հայկական ուժերին հրաման տրվեց իրենց զբաղեցրած դիրքերից հետ քաշվել և վերադիրքավորվել Սյունիքի մարզի սահմաններում, ինչի հետևանքով մարզի մի շարք գյուղեր ու քաղաքներ միանգամից վերածվեցին սահմանային բնակավայրերի՝ դրանց բնակիչների համար ստեղծելով լրջագույն անվտանգային սպառնալիքներ։
Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի, ինչպես նաև Բերձորի շրջանի Կովսականի և Սանասարի տարածքների Ադրբեջանի վերահսկողության տակ փոխանցելը, որոնք կրակի դադարեցման հաստատաման պահին գտնվում էին հայկական ուժերի վերահսկողության տակ, երեք պետությունների ընդունած «եռակողմ հայտարարության» 1-ին հոդվածի կոպիտ խախտում էր, ինչն անկասկած չէր կարող տեղի ունենալ առանց միջնորդ պետություն՝ Ռուսաստանի գիտության և համաձայնության։
«Եռակողմ հայտարարության» հոդվածներով նախատեսվում էր Ադրբեջանին հանձնել 44-օրյա պատերազմից հետո հայկական ուժերի հսկողության տակ մնացած Արցախի Հանրապետության Քարվաճառի (Քելբաջարի), Քաշաթաղի (Լաչինի) և Ակնայի (Աղդամի) շրջանները: Հայկական երկու հանրապետությունների համար նախընտրելի էր, որ իրենց միմյանց կապող Քարվաճառի (Քելբաջարի) և Քաշաթաղի (Լաչինի) շրջանները թշնամու հսկողության տակ գոնե անցնեին վերջին հերթին, սակայն, փաստաթղթի 6-րդ հոդվածի համաձայն, մինչև դեկտեմբերի 15-ը և մինչև դեկտեմբերի 20-ը պահանջվում էր նախ Ադրբեջանի վերահսկողության տակ փոխանցել հենց Քելբաջարի և Լաչինի շրջանները և միայն դրանից հետո մինչև դեկտեմբերի 1-ը նախատեսվում էր Աղդամի շրջանի փոխանցումը (հոդված 2)։
Բացի այդ, 6-րդ հոդվածում զետեղվել էր հայկական կողմի համար վնասակար և անընդունելի ձևակերպումն առ այն, որ «Հայաստանի Հնարապետությունը մինչև 2020 թ. նոյեմբերի 15-ը Ադրբեջանի Հանրապետությանն է վերադարձնում Քելբաջարի շրջանը, իսկ մինչև 2020 թ. դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը (Ընդգծումը՝ Ա.Մ.)։ Այս կապակցությամբ պետք է նշել, որ հայկական կողմը պետք է հասներ նրան, որ տվյալ հոդվածի բովանդակության մեջ արձանագրվեր, թե նշված շրջանները Ադրբեջանի վերահսկողության տակ ոչ թե «վերադարձվում», այլ «փոխանցվում» էին, բացի այդ, դրանք փոխանցվում էին ոչ թե Հայաստանի, այլ Արցախի Հանրապետության կողմից, որի ինքնիշխանության տակ դրանք գտնվում էին մինչև պատերազմի սկիզբը։ Փաստաթղթի տեքստում նման հակահայկական ձևակերպումների առկայությամբ անուղղակիորեն «հաստատվում է» ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից տասնամյակներով տարածվող այն կեղծ թեզը, թե այդ տարածքներն օկուպացված էին Հայաստանի Հանրապետության կողմից և վերջապես վերադարձվում էին «օրինական» տիրոջը:
Ի դեպ, «եռակողմ հայտարարության» 2-րդ և 6-րդ հոդվածներով Արցախի Հանրապետության Քարվաճառի (Քելբաջարի), Քաշաթաղի (Լաչինի) և Ակնայի (Աղդամի) շրջանները Ադրբեջանի հսկողության տակ փոխանցելու դրույթները հակասում են նույն փաստաթղթի 1-ին հոդվածի պահանջին, որի համաձայն պատերազմող կողմերը պետք է մնային տվյալ պահին իրենց զբաղեցրած դիրքերում, իսկ պատերազմի ավարտի պահին նշված շրջանները գտնվում էին հայկական ուժերի հսկողության ներքո, հետևաբար «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գուտում բոլոր ռազմական գործողություններն ամբողջովին դադարեցվելու մասին» հայտարարության տրամաբանությամբ դրանք հակառակորդին չպետք է հանձնվեին: «Եռակողմ հայտարարության» հենց 1-ին հոդվածի պահանջին նույն փաստաթղթի 2-րդ և 6-րդ հոդվածների դրույթների հակասելը ևս մեկ անգամ հաստատում է այն իրողությունը, որ 2020 թ. նոյեմբերի 9-ին երեք երկրների ղեկավարների կողմից ստորագրված փաստաթուղթը ոչ միայն և ոչ այնքան կրակի դադարեզման մասին հայտարարություն է, այլ հակամարտության կարգավորման դրույթներ պարունակող միջազգային պայմանագիր, որում գերազանցապես զետեղված են Կազանի փաստաթղթի Ադրբեջանի շահերից բխող դրույթները:
«Եռակողմ հայտարարության» մեջ բացարձակապես անտեսվել են Ադրբեջանի կողմից բռնազավթված ԼՂԻՄ-ի Հադրութի, Մարտունու և Շուշիի շրջանների՝ ներառյալ Շուշի քաղաքի՝ հայկական կողմին վերադարձնելու հարցը։ Մինչդեռ հայկական կողմը կարող էր առաջնորդվել «տարածքներ տարածքների դիմաց» սկզբունքով և հակընդդեմ պահանջ ներկայացնել վերջին պատերազմի ընթացքում Հադրութի և Շուշիի շրջանների, ինչպես նաև ավելի վաղ՝ Ադրբեջանի կողմից բռնազավաթված Մարդակերտի, Մարտունու շրջանների տարածքներն ու Շահումյա-նի շրջանը վերադարձնելու վերաբերյալ ՝ հիմնավորելով գոնե ԼՂԻՄ-ի տարածքային ամբողջականության վերականգնման առաջնահերթությունը, ինչի շուրջ Մինսկի խմբի շրջանակներում մշտապես եղել է կոնսենսուս։
Պատերազմի ավարտից հետո Լեռնային Ղարաբաղում կրակի և ռազմական գործողությունների դադարեցման, ինչպես նաև Արցախի խաղաղ բնակչության անվտանգության ապահովման իրական երաշխիքը շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքով ռուս խաղաղապահ ուժերի տեղակայումն է։ Փաստաթղթի 3-րդ հոդվածի համաձայն ռուսական խաղաղապահ ուժերի թիվը կազմում է հրաձգային զենքով 1960 զինծառայող՝ 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով, իսկ 4-րդ հոդվածով Արցախում ռուս խաղաղապահների տեղակայումը նախատեսված է հինգ տարով՝ հաջորդ հերթական հինգ տարիների երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետը լրանալուց 6 ամիս առաջ չծանուցի տվյալ դրույթի գործունեության դադարեցման մասին ։
Փաստաթղթի տեքստում Լեռնային Ղարաբաղում տեղակայվող ռուս խաղաղապահների թվաքանակի, տեխնիկայի, ինչպես նաև ժամկետների ճշգրտման հարցերով շահագրգռված էր ոչ միայն Ադրբեջանը, այլև Թուրքիան, որը պատերազմի ընթացքում բացահայտ համակողմանի օգնություն (ռազմատեխնիակա¬կան, ֆինանսական, նյութական, տեղեկատվական- դիվանագիտական և այլն) ցուցաբերեց վերջինիս: Այդուհանդերձ, Թուրքիան պատերազմի ելքից դժգոհ էր մնացել, քանի որ հակառակ իր գործադրած հսկայական ջանքերին, տարածաշրջանում ռազմաքաղաքական իրադրության փոփոխությունից վերջին պահին առավելապես օգտվեց Ռուսաստանը, որը «եռակողմ հայտարարության» միջոցով կարողացավ հակամարտության գոտում իր ռազմական ներկայության «իրավունք»ը ստանալ։ Պատահական չէ, որ փաստաթղթի ստորագրումից անմիջապես հետո Թուրքիան փորձեց Ռուսաստանից կորզել խաղաղապահ կենտրոնի աշխատանքներին մասնակցելու հնարավորություն։
«Եռակողմ հայտարարության» 5-րդ հոդվածով խաղաղապահ կենտրոնի ստեղծում է նախատեսվել, որը պետք է իրականացնի կրակի և ռազմական գործո-ղությունների դադարեցման վերաբերյալ՝ հակամարտող կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների պահպանման մշտադիտարկում։ Ելնելով այն հանգամանքից, որ Լեռնային Ղարաբաղում տեղակայվում էին ռուս խաղաղապահներ, ակնհայտ է, որ խաղաղապահ կենտրոնը նույնպես լինելու էր ռուսական, առավել ևս, որ այդ կենտրոնի միջազգային լինելու մասին փաստաթղթում ոչ մի խոսք չկա։ Փաստաթղթի ստորագրումից մեկ օր անց, սակայն, Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները հուշագիր ստորագրեցին «Համատեղ մշտադիտարկման կենտրոնի ստեղծման մասին», որի նպատակն էր վերահսկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմը: Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը զբաղվելու էր կրակի և ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմի պահպանման վերաբերյալ կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների խախտման գործողությունների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման, ընդհանրացման և ստուգման աշխատանքներով և քննության էր ենթարկելու նկատված խախտումների հետ կապված բողոքներն ու հարցերը։
Անշուշտ, տվյալ որոշումը բխում էր Ադրբեջանի, բայց ոչ երբեք հայկական կողմի շահերից, որն, ի դեպ, Ռուսաստանին գրավոր լիազորություն չէր տվել կրակի դադարեցման ռեժիմին հետևելու համար նախատեսված խաղաղապահ կենտրոնի ձևաչափի ընդլայնման վերաբերյալ, առավել ևս, որ դրանում մասնակցելու էին Թուրքիայի այն սպաները, որոնք Ադրբեջանի կողմից անմիջականորեն ներգրավված էին Արցախի դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմում և դրա ընթացքում հայ բնակչության դեմ իրականացված հանցավոր գործողություններում։
«Եռակողմ հայտարարության» 6-րդ հոդվածը վերաբերում է Հայասատանի Հանրապետության հետ Լեռնային Ղարաբաղի կապն ապահովող Լաչինի միջանցքին, որի լայնությունը, օրինակ, Կազանյան փաստաթղթի համաձայն պետք է կազմեր 15 կմ , նվազեցվել է՝ հասցնելով 5 կմ-ի՝ դրա մեջ ներառելով Արցախի Հանրապետու-թյան Բերձոր քաղաքը, Աղավնո և Սուս գյուղերը՝ այնտեղ բնակվող հայ բնակչության հետ միասին։ Սակայն, հենց այդ նույն հոդվածով, մոտակա երեք տարիների ընթացքում նախատեսվում է Շուշին շրջանցող նոր ճանապարհի կառու¬ցում, այսինքն՝ Լաչինի նոր միջանցքի ստեղծում՝ ռուս խաղաղապահների վերատեղակայմամբ։ Նշված բնակավայրերից հայկական բնակչության հերթական տեղահանությունը թույլ չտալու նպատակով հայկական կողմը, հիմնվելով փաստա¬թղթի տեքստում տեղ գտած «կողմերի համաձայնությամբ» ձևակերպման վրա, չպետք է թույլ տա Լաչինի միջանցքի երթուղու ամբողջական փոփոխությունը, այլ պետք է փորձի հասնել նրան, որ փոփոխության ենթարկվի Շուշի-Ստեփանակերտ ճանապարհի միայն Շուշիի շրջանցումը ապահովող վերջին հատվածը։
Փաստաթղթի 7-րդ հոդվածի համաձայն, ներքին տեղահանված անձանց և փախստականների վերադարձը պետք է իրականացվեր փախստական¬ների գծով ՄԱԿ-ի գլխավոր հանձնակատարի հսկողության ներքո, սակայն, ցավոք, այդ գործընթացն իրականացվեց բացառապես ռուս խաղաղապահների ուղեկցությամբ և անվտանգու-թյան ապահովմամբ։ Ակնհայտ է, որ ՄԱԿ-ը և դրա ենթակայության տակ գործող մյուս միջազգային կառույցները չցանկացան տրամադրել փախստականների վերադարձման անվտանգության միջազգային երաշիքները այն պարզ պատճառով, որ նրանց անվտանգ վերադարձն իրենց բնակավայրեր ապահովվում է միայն Ռուսաստանի կողմից։
Հայտարարության 8-րդ հոդվածը, որով նախատեսվում է զոհվածների մարմինների, ռազմագերիների, պատանդների և պահվող անձանց փոխանակումը, ձևակերպված է բավական հակիրճ և անորոշ ձևով։ Այս հոդվածի առնչությամբ տեղին է նշել, որ եթե հայկական կողմը նախատեսված ժամկետներում Ադրբեջանի վերահսկողության տակ փոխանցեց Քարվաճառի (Քելբաջարի), Քաշաթաղի (Լաչինի) և Ակնայի (Աղդամի) շրջանները, ապա ադրբեջանական կողմը հայ ռազմագերիներին և այլ պահվող անձանց վերադարձնելու հարցում նման ճշտապահություն չի ցուցաբերում։ Պատճառն այն է, որ եթե շրջանների փոխանցմանը վերաբերող 2-րդ և 6-րդ հոդվածներում ադրբեջանական կողմին հաջողվեց հասել կոնկրետ ժամկետների ամրագրման, ապա զոհվածների մարմինների, ռազմագերիների և այլ պահվող անձանց վերաբերող 8-րդ հոդվածում որևէ ժամկետներ նշված չեն։ Ժամկետների և տվյալ հոդվածի դրույթների իրականաց¬ման մեխանիզմների բացակայությունը ադրբեջանական կողմին հնարավորություն են տալիս հայ ռազմագերիրներին, պատանդներին և այլ պահվող անձանց ենթարկել զանազան ստորացումների ու խոշտանգումների, հրաժարվելով նրանց վերադարձնել հայրենիք՝ այդպիսով հայկական կողմից կորզելով տվյալ փաստաթղթով չսահմանված հավելյալ զիջումներ։
Փաստաթղթի 9-րդ հոդվածի առաջին նախադասությամբ կողմերը պարտավորվել են ապաշրջափակել բոլոր տրանսպորտային և տնտեսական հաղորդակցության ուղիները, սակայն ադրբեջանական կողմը, շրջանցելով իր կողմից շրջափակված հաղորդակցության ուղիները բացելու պարտավորությունը, խոսում է միայն Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցության ուղիների անվտանգու¬թյունն ապահովելու Հայաստանի պարտավորության մասին, որոնց վերահսկողությունը պետք է իրականացվի Ռուսաստանի Դաշնային անվտագության ծառայության սահմանային ստորաբաժանման մարմինների կողմից ։ Կարծում ենք, որ այս հարցում հայկական կողմը պետք է հետևողականություն դրսևորի և մինչև Ադրբեջանի կողմից չապաշրջափակվեն բոլոր տրանսպորտային և տնտեսական հաղորդակցության ուղիները, դեպի Նախիջևան ճանապարհի բացման ուղղությամբ որևէ քայլ չձեռնարկի: Այս հոդվածի շրջանակներում ադրբեջանական կողմին հաջողվեց հասնել նրան, որ պահանջների մեջ ներառվի նաև Նախիջևանը Ադրբեջանի տարածքի հետ կապող տրանսպորտային նոր հաղորդակցության ուղիների (ընդծումը՝ Ա. Մ.) շինարարության դրույթը: Ստացվում է, որ Արցախի և Հայաստանի հանրապետությունները կապում է սոսկ Լաչինի միջանցքը, մինչդեռ Հայասատանի տարածքով կարող են կառուցվել Ադրբեջանը Նախիջևանին միացնող նոր ցամաքային ուղիներ։
2021 թ. հունվարի 11-ի դրույթների իրականացման նպատակով, երեք երկրների ղեկավարների ստորագրված եռակողմ երկրորդ հայտարարության դրույթներից ելնելով, երեք երկրների փոխվարչապետների մակարդակով համատեղ աշխատան¬քային խումբ է ստեղծվել, որը պետությունների ղեկավարների հաստատմանը կներկայացնի վերականգնման կամ նոր տրանսպորտային ենթակառուցվածքների կառուցման իրականացվելիք ծրագրերի ցանկ և ժամանակացույց՝ ապահովելու նպատակով Ադրբեջանի և Հայաստանի միջև երկաթուղային և ավտոմոբիլային բեռնափոխադրումների անվտանգությունը, ինչպես նաև այնպիսի բեռնափոխադրումների, որոնք անցնելու են Ադրբեջանի և Հայաստանի տարածքով ։
Եռակողմ երկրորդ հայտարարության ստորագրումից անմիջապես հետո Ադրբեջանի նախագահը Նախիջևանի հետ Հայաստանի տարածքով ցամաքային հաղորդակցությունների մասին դրույթները փորձեց ներկայացնել որպես Լաչինի «միջանցքին» համարժեք ուղու ստեղծում։ Նրա կողմից, սակայն, անտեսվում է այն փաստը, որ Նախիջևանը ցամաքային սահման ունի ոչ միայն Իրանի, այլև Թուրքիայի հետ, իսկ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին տարածքների փոխանցման վերաբեր-յալ «եռակողմ հայտարարության» դրույթների իրականացումից հետո և ադրբեջանա-կան կողմից Արցախի տարածքների բռնազավթման «օրինականացումից» հետո փաստացիորեն վերածվեց անկլավի, և հայ բնակչությունը բախվեց լրջագույն գոյաբանական մարտահրավերների հետ, ընդհուպ մինչև ցեղասպանության սպառ-նա¬լիքը։ Եթե Լաչինի միջանցքը Արցախի համար «կյանքի ճանապարհ» է, ապա Նախիջևանի հետ Ադրբեջանի վերգետնյա այս հաղորդակցական ուղին ապահովում է նաև նրա կապը Թուրքիայի հետ և համապատասխանաբար կնպաստի պանթյուրքիզմի գաղափարների իրագործմանը՝ ապահովելով Թուրքիայի ցամաքային կապը Կենտրոնական Ասիայի թյուրքալեզու պետությունների հետ։
«Եռակողմ հայտարարության» մեջ ոչինչ չի ասվում Ադրբեջանի ռազմական հանցագործությունների մասին։ Անպատժելիությունը և համաշխարհային քաղաքականության ուժային կենտրոնների կողմից այդ հանցավոր գործողություններին հստակ իրավաքաղաքական գնահատական չտալը քաջալերում է ոչ միայն Ադրբեջանին, այլև Թուրքիային՝ հայ ժողովրդի նկատմամբ նոր հանցագործություններ կատարելու։ Փաստաթղթում ոչինչ չի խոսվում Ադրբեջանի կողմից հայկական կողմին պատճառված վնասի հատուցման մասին՝ քաղաքացիական օբյեկտների և ենթակա¬ռուց¬վածքների, պատմամշակութային ժառանգության օբյեկտների ռմբակոծման հետևանքով հասցված վնասների վերաբերյալ։ Նախիջևանի պատմական օրինակով ապացուցված է, որ երբ հայ ժողովրդի մշակութային ժառանգության օբյեկտները մնացին Ադրբեջանի հսկողության տակ, դրանք մշակութային ցեղասպանության քաղաքականության հետևանքով ոչնչացվեցին կամ վերաձևվեցին այնպես, որ հնարավոր լինի վերջիններս ներկայացնել որպես ադրբեջանական մշակույթի նմուշներ։
Ամբողջացնելով «եռակողմ հայտարարության» հոդվածների բովանդակության, ինչպես նաև, նրա դրույթների իրականացման գործընթացի վերլուծությունը, կարելի է փաստել, որ տվյալ փաստաթղթի յուրաքանչյուր հոդված պետք է դառնար առանձին համաձայնագրի առարկա՝ բոլոր մանրամասների և իրականացման մեխանիզմների ճշգրտումով, մինչդեռ կողմերը սահմանափակվեցին միայն 2021 թ. հունվարի 11-ի առանձին փաստաթղթի ստորագրմամբ, որով հստակեցնում են միայն «եռակողմ հայտարարության» հաղորդակցման ուղիների ապաշրջափակման մասին 9-րդ հոդվածի դրույթները։
Ամփոփելով մեկ միասնական միջազգային պայմանագիր հանդիսացող 2020 թ. նոյեմբերի 9-ի, ինչպես նաև 2021 թ. հունվարի 11-ի Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ երկու հայտարարությունների իրավաքաղաքական վերլուծությունը՝ պետք է արձանագրենք, որ Հայաստանը, Արցախը և ողջ աշխարհի հայերը դրանք ընկալում են որպես հետպատերազմյան փաստաթղթավորված իրողություն և ոչ երբեք Ղարաբաղյան հակամարտությունը վերջնականապես կարգավորող իրավական փաստաթուղթ։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ միակ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի միջազգայնորեն հաստատված ձևաչափի շրջանակներում բանակցային գործընթացի վերականգնումն է՝ ձգտելով հասնել առնվազն 1991 թ. սահմաններով Արցախի Հանրապետության վերջնական կարգավիճակի հաստատ-մանը, ինչը մի կողմից թույլ կտա իրացնել Արցախի հայ բնակչության ինքնորոշման իրավունքը և ապահովել նրանց անվտանգ գոյությունը, իսկ մյուս կողմից՝ երաշխիքներ ստեղծել տարածաշրջանի կայուն և անվտանգ զարգացման համար։
ԱՐՄԵՆ ՄԱՐՈՒՔՅԱՆ
Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր