Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գեորգի Ծերեթելին կրկնել է ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունները ի շահ խաղաղ բնակչության դադարեցնելու եւ բանակցությունները հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ վերսկսելու իր կոչը՝ ԵԱՀԿ սկզբունքներին եւ պարտավորություններին համապատասխան:
Անցած շաբաթվա ընթացքում Ծերեթելին անմիջական կապի մեջ էր Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանների խոսնակների հետ, որպեսզի ընդգծի ԵԱՀԿ ԽՎ դիրքորոշումը եւ երկու կողմերին կոչ անի վերսկսել բանակցային գործընթացը:
«Մենք շարունակում ենք լուրջ մտահոգություն ունենալ հակամարտության հետ կապված զոհերի աճի համար, մասնավորապես՝ տեղական բնակչության վրա ազդեցության համար, որը, չնայած խաղաղ բնակչությանը պաշտպանելու պարտավորությանը, շարունակում է տառապել շարունակվող մարտերից»,- ասել է Ծերեթելին: «Մենք լիովին պաշտպանում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի, ինչպես նաեւ համապատասխան երկրների նախագահների եւ արտգործնախարարությունների կոչը անվերապահ հրադադարի մասին»:
Նա նաեւ մտահոգություն է հայտնել արգելված կասետային ռումբերի օգտագործման մասին հաղորդագրությունների կապակցությամբ` նշելով, որ ԵԱՀԿ ԽՎ-ն 2008 թ. ընդունել է բանաձեւ` ԵԱՀԿ բոլոր մասնակից երկրներին կոչ անելով «արգելել կասետային զինամթերքի օգտագործումը, զարգացումը, արտադրությունը, ձեռքբերումը, պահեստավորումը կամ տեղափոխումը»:
Ծերեթելին կոչ է արել բոլոր կողմերին զերծ մնալ այդ զենքի օգտագործումից եւ ամբողջությամբ կատարել միջազգային իրավունքի պահանջները՝ պաշտպանելու խաղաղ բնակիչներին եւ քաղաքացիական ենթակառուցվածքները:
«Միանգամայն անընդունելի է, որ տարածաշրջանում կան կարեւոր ենթակառուցվածքներ ոչնչացնելու սպառնալիքներ, որոնք կարող են հանգեցնել մարդասիրական աղետների: Ուժի շարունակական օգտագործումը չի նպաստում հակամարտության խաղաղ կարգավորմանը,- ասել է Ծերեթելին: «Ի վերջո, ուժի ցանկացած շարունակական օգտագործումը վնասակար կլինի առաջիկա տասնամյակների ընթացքում հակամարտության խաղաղ լուծում գտնելու համար՝ անկախ հակամարտության արդյունքներից: Մենք կշարունակենք բոլոր ջանքերը գործադրել, որպեսզի օգնենք հաշտության քաղաքական կամք մշակել»:
«Որպես երկխոսության հարթակ՝ ԵԱՀԿ ԽՎ-ն պատրաստ է կողմերի խնդրանքով անցկացնել խորհրդարանական բանակցություններ»,- հավելել է գլխավոր քարտուղար Ռոբերտո Մոնտելլան: «Խորհրդարանական երկխոսությունը կարող է կարեւոր դեր ունենալ կապի ուղիների վերականգնման գործում, երբ Մինսկի խմբում վերսկսվի բանակցային գործընթացը՝ ուղղված հակամարտության խաղաղ կարգավորմանը»:
«Ես կցանկանայի ընդգծել, որ ԵԱՀԿ ԽՎ-ն հետեւողականորեն աջակում է ԵԱՀԿ կառույցների եւ մեխանիզմների աշխատանքին, որին մասնակից պետությունները վստահել են լուծել այս հակամարտությունը»,- ասել է Մոնտելլան: «Բացի այդ, ԽՎ-ն նաեւ պատասխանատու է ուժեղ եւ թույլ կողմերի վերլուծության համար` կազմակերպչական հնարավորությունները առավելագույն արդյունավետությամբ ուղղորդելու նպատակով: Սա հատկապես կարեւոր է նման իրավիճակներում»: