կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-08 12:37
Քաղաքական

Պետք է պատրաստ լինենք Ադրբեջանի կողմից նոր արկածախնդրության. Արմեն Ռուստամյան

Պետք է պատրաստ լինենք Ադրբեջանի կողմից նոր արկածախնդրության. Արմեն Ռուստամյան

Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը խոսեց ստեղծված ռազմա-քաղաքական իրավիճակի մասին, այն մասին, թե արդյո՞ք լարված վիճակը կհանգեցնի լայնամասշտաբ պատերազմի, ինչի հնարավորությունը չի բացառել ՀՀ նախագահը երեկ ՌԴ վարչապետի հետ հանդիպման ժամանակ:

Արմեն Ռուստամյանի խոսքով՝ լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը մեր ժողովուրդը միշտ պետք է նկատի ունենա, ու թեև Ադրբեջանը լուրջ հակահարվածից դեռ փորձում է ուշքի գալ, սակայն մենք պետք է իմանանք, որ ունենք մի թշնամի, որի տեսակը չի փոխվում:

«Պետք է պատրաստ լինենք Ադրբեջանի կողմից նոր արկածախնդրության. այդ իմաստով է կատարվել նախագահի հայտարարությունը, որ հակառակորդի կողմից մենք տեսնում ենք լայնամասշտաբ պատերազմ հրահրելու հավանականություն: Ադրբեջանի գործողությունները ոչ մի կերպ չեն տեղավորվում միջազգային նորմերի, չափանիշների մեջ: Ադրբեջանը հրաժարվում է առաջնորդվել միջազգային չափանիշների համապատասխան համակեցության նորմերով, իսկ նման երկրից ամեն ինչ սպասելի է»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

Պատգամավորի կարծիքով` Հայաստանը պետք է միշտ զգոն լինի, և այն, որ հայկական կողմին հաջողվեց տապալել Ադրբեջանի բլից կրիգը, խոսում է այն մասին, որ հայկական կողմը պատրաստ էր ցանկացած զարգացման: Առաջին հաջողությունն ապահովել են ու հարվածն իրենց վրա վերցրել հայ զինվորները, ավելին՝ հակառակորդին ապշեցրել է հայկական կողմի հակահարվածը:

«Ալիևը փորձել է կրկնել այն, ինչ ժամանակին արել է Հիտլերը: Ալիևին հաջողվեց նմանվել Ադոլֆ Հիտլերին այն առումով, որ Հիտլերն էլ էր ֆաշիստ, ու Ալիևն էլ կունենա այն վախճանը, ինչ վախճան ունեցավ Հիտլերը»,- ասաց Արմեն Ռուստամյանը՝ հավելելով, որ ֆաշիստական Ադրբեջանն իր ձեռագիրը չի փոխում: Եվ նման հակառակորդ ունենալու պարագայում միշտ պետք է աչքի տակ ունենալ լայնամասշտաբ պատերազմի վտանգը:

Պատգամավորը հայտնեց, որ նոր է վերադարձել Արցախից, այնտեղ հարաբերական անդորր է, սակայն կարող են կրկնվել հարձակումները, և դրան պետք է պատրաստ լինել: Նրա խոսքով՝ առաջին գծում հիմա արդեն շատ համադրված ու կազմակերպված են գործում:

ՀՅԴ պատգամավորները հանդիպել են Արցախի նախագահի, ԼՂՀ ԱԺ նախագահի հետ, մանրակրկիտ վերլուծել անցած օրերի իրավիճակը:

«Վստահ եմ, որ հիմա ավելի պատրաստված ենք ու միահամուռ: Որքան էլ փորձեն իրենց ավանտյուրիստական մեթոդները կիրառել, միևնույն է, նույն ճակատագրին են արժանանալու և ավելի վատ հետևանքներ ունենալու»,- ասաց Արմեն Ռուստամյանը: