Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին:
Քննարկվել են օրակարգում ներառված երեք տասնյակից ավելի հարցեր, որոնք վերաբերվել են ճգնաժամային արձագանքման համակարգի արդյունավետության բարձրացմանը, հավաքական անվտանգության համակարգի ուժերի եւ միջոցների կարգավիճակին, ռազմական եւ ռազմատնտեսական համագործակցությանը, տեղեկատվական անվտանգությանը եւ մի շարք այլ ոլորտներում ՀԱՊԿ գործունեության կարգավորմանն առնչվող հարցերի:
ՀԱՊԿ-ում նախագահությունը, նախնական պայմանավորվածության համաձայն, Ռուսաստանի Դաշնությունից փոխանցվել է Բելառուսի Հանրապետությանը:
Հավաքական անվտանգության խորհրդում ստորագրվել է ՀԱՊԿ խաղարարար ուժերի մասին հայտարարություն, ընդունվել է ՀԱՊԿ անդամ պետությունների դեկլարացիա:
Նստաշրջանի ժամանակ մի շարք փաստաթղթերի ընդունմամբ ՀԱՊԿ անդամ պետությունները հնարավորություն կունենան ավելի արդյունավետորեն եւ օպերատիվ արձագանքել ճգնաժամային իրավիճակների զարգացմանը: Փոփոխությունները պատրաստվել են ս.թ. հունիսին Ղրղզստանի հայտնի ողբերգական դեպքերից հետո, 2010թ. օգոստոսի 20-ին Երեւանում կայացած ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն:
Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում ունեցած իր ելույթում նախագահ Սերժ Սարգսյանն անդրադառնալով Աստանայի գագաթնաժողովի ընթացքում Մինսկի խմբի համանախագահող երկրների եւ Հայաստանի ու Ադրբեջանի Նախագահների միջեւ ընդունվեց հնգակողմ հայտարարությանը, մասնավորապես, ասել է.
«Դրանում խոսվում է այն մասին, որ բանակցությունների հիման վրա Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ լուծման փնտրտուքները ազգերի միջեւ կայունության, հաստատուն խաղաղության, փոխըմբռնման ոչ այլընտրանքային ճանապարհ են համարվում: Ընդգծվել է հիմնախնդրի լուծման անհրաժեշտությունը` ՄԱԿ կանոնադրության եւ ԵԱՀԿ հիմնարար փաստաթղթերի հիման վրա, Աքվիլայում եւ Մուսկոկայում համանախագահող երկրների հայտարարության ոգով: Ռուսաստանի նախագահը, Ֆրանսիայի վարչապետը եւ ԱՄՆ պետքարտուղարը հայտարարեցին ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիության մասին, այն մասին, որ այդ առաջարկվող տարրերը որոշվել են որպես մի ամբողջություն, եւ դրանց մի մասը` ի վնաս մյուսների գերադասելու ցանկացած փորձ անհնար է դարձնում հավասարակշռված լուծման հասնելը:
Գագաթնաժողովի իմ ելույթում ես գրեթե կրկնեցի այն, ինչ բազմիցս ասել եմ մեր պաշտոնական եւ ոչ պաշտոնական հանդիպումների ժամանակ: Այսինքն, որ Հայաստանը կտրականապես դեմ է հարցը ռազմական ճանապարհով լուծելուն եւ Ադրբեջանի կողմից նոր ռազմական արկածախնդրության սանձազերծման դեպքում, Հայաստանն այլ ընտրություն չի ունենա, քան դե-յուրե ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը եւ ապահովել նրա բնակչության անվտանգությունը բոլոր հասանելի միջոցներով»: