Նոյեմբերի 15-ի ուղիղ կեսգիշերից՝ 00։00-ից սկսած, Ադրբեջանն անօրինականորեն և ՀՀ իշխանությունների թողտվությամբ փակում է նաև Կապան-Ճակատեն ճանապարհահատվածը՝ «սահմանային և մաքսային հսկողություն իրականացնելու նպատակով»։
Հետևանքներն աղետալի են լինելու Կապան համայնքի առնվազն 6 գյուղերի համար։ Ճակատենը, Սրաշենը, Շիկահողը, Ներքին Հանդը, Ծավն ու Շիշկերտը, ամբողջովին կտրվելու են Կապանից։ Այս 6 գյուղերի բնակիչների համար պարենային ապահովումը, բուժօգնություն ստանալը, հանրային և պետծառայություններից օգտվելը, երեխաների կրթություն ստանալը, գյուղապրանքների իրացումը, աշխատանքի և ապրուստի հնարավորությունը բազմակի անգամ դժվարանալու է, շատ շատերի համար` դառնալու է անհնար։
Միևնույն ժամանակ բազմակի անգամ դժվարանալու է Գորիսից Կապան, Կապանից Ծավ հատվածի առաջնագծի պահպանության և պաշտպանության կազմակերպումը թե ծառայության իրականացման, թե թիկունքային ապահովման տեսանկյունից։
Եթե թշնամուն մեր հայրենիքի հանձնման այս գործընթացը չկանգնեցվի, հաջորդիվ այս նույն պատկերն ունենալու ենք Արարատում և Տավուշում։
Ալվինա Աղաբաբյան
ԵՊՀ Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, դասախոս