կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-12 21:50
Հասարակություն

ԱԺ «թմկատիրուհին» այժմ էլ դեսպան. փաշինյանական կրկեսի հերթական արարը

ԱԺ «թմկատիրուհին» այժմ էլ դեսպան. փաշինյանական կրկեսի հերթական արարը

ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել, որով Վիկտոր Ենգիբարյանին նշանակել է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բեռլին)։

Ո՞վ է Վիկտոր Ենգիբարյանը, ի՞նչ ուղի է անցել և ի՞նչ վաստակ ունի, որից ելնելով էլ՝ փաշինյանական իշխանությունը նրան նշանակել է նման կարևորագույն երկրում ՀՀ դեսպան։

Սկսենք մի դրվագից։

2020թ.-ի հունիսի 16-ին ՀՀ Ազգային ժողովի Իմ քայլը խմբակցության 86 պատգամավորները և նույն խմբակցության փաստացի կցորդ, իրեն «անկախ» հռչակած հայտնի արկածախնդիր Արման Բաբաջանյանը քվեարկեցին ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու, այնուհետև՝ ազատությունից զրկելու մասին որոշումների օգտին։ 

Իմ քայլը խմբակցության՝ Գ. Ծառուկյանի դեմ քվեարկած պատգամավորների շարքում էր նաև Վիկտոր Ենգիբարյանը։ Մարդ, ով հանդիսացել է ոչ միայն ԲՀԿ անդամ, այլև ԲՀԿ առաջնորդ Գ. Ծառուկյանի խորհրդականը: Ժամանակի ընթացքում դուրս գալով ԲՀԿ-ից և անդամակցելով Լուսավոր Հայաստանին՝ 2017 թ. ապրիլի 2-ի Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ Վ. Ենգիբարյանի անունը Լուսավոր Հայաստան կուսակցության խողովակներով հայտնվեց «Ելք» դաշինքի համամասնական ցուցակում: Չընտրվելով՝ նույն թվականի մայիսի 14-ին կայացած Երևանի ավագանու ընտրություններում կրկին ընդգրկվեց «Ելք» դաշինքում, կրկին չընտրվեց, մի տարի հետո՝ 2018 թ. մայիսին, ի վերջո փոխարինման կարգով դարձավ Երևանի ավագանու անդամ։ Նույն թվականի աշնանը, արդեն նախապատրաստվելով Փաշինյանի գլխավորած քաղաքական ուժի միջոցով սողոսկել Ազգային ժողով, կուսակցական «փոթորկուն» կյանքով ապրող Ենգիբարյանը կրկին կուսակցափոխություն ապրեց՝ սահուն քայլերով այս անգամ էլ լքելով Լուսավոր Հայաստանը։ 

Հետաքրքրական է, որ, օրինակ, 2018 թ. սեպտեմբերի 23-ի Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին՝ Վ. Ենգիբարյանը, լինելով դեռևս Լուսավոր Հայաստան կուսակցության անդամ, քվեարկել է ոչ թե իր քաղաքական ուժի (Լույս դաշինքի), այլ Իմ քայլը դաշինքի օգտին՝ ցույց տալով, որ իր համար գոյություն չունեն գաղափարական,  կուսակցական կամ քաղաքական սկզբունքներ: Թիմային որոշման հանդեպ ցուցաբերելով նման վերաբերմունք՝ Վ. Ենգիբարյանը վաղուց ապացուցել է, որ, ի դեմս նրա, գործ ունենք անվստահելի տարրի կամ «Տրոյական ձիու» հետ:   

Իշխանական Իմ քայլը խմբակցության մեջ Վ. Ենգիբարյանը, գտնելով բազում իր նաններին, լողում է արդեն ինչպես ձուկը ջրում: Նա, մաքրելով կենսագրականից ԲՀԿ-ի մասին բոլոր հիշատակումները, որպես «հեղափոխության առաջամարտիկ», հանգիստ խղճով և առանց այլևայլության արդեն քվեարկում է Ծառուկյանին ազատությունից զրկելու օգտին։ 

Ցավոք, պարոն Ենգիբարյանին «մի փոքր» կարող է տհաճություն պատճառեն միայն այն  լուսանկարները, հրապարակումները և այլ նյութերը, որոնք ստվերի նման նրան հիշեցնելու են սեփական ԲՀԿ-ական կամ «Լուսավորչական» անցյալը. անցած ուղին, որի վրա բազմիցս թքել է ինքը, և դրա թարմ օրինակը հունիսի 16-ի քվեարկությունն էր։   

Վ. Ենգիբարյանի կենսագրականը չնայած զարդարված է «Միջազգային եվրոպական շարժման հայաստանյան խորհրդի հիմնադիր նախագահ», «Հայ ակադեմիականների միության գործադիր խորհրդի անդամ» և այլ ճռճռան պաշտոնների մասին հիշատակումներով, այդուհանդերձ, նրա տոտալ անգրագիտությունն ի հայտ եկավ հայտնի հարցախույզի ժամանակ, երբ պարզվեց, որ նա տեղյակ չէ, թե ով է ՀՀ պետական օրհներգի հեղինակը, իսկ դրոշի նարնջագույնը, ըստ նրա, խորհրդանշում է… ծիրանագույնը:                 

Այսպիսով, ծանոթացանք ևս մի կենսագրականի հետ՝ ցույց տալու համար նաև, թե ինչպիսին չպետք է լինի պետական պաշտոնյան։  

Վահե Սարգսյան