կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-11-03 15:55
Քաղաքական

Վարչապետն «այո»-ի համար վարչական ռեսուրս չի օգտագործում. Դավիթ Հարությունյան

Վարչապետն «այո»-ի համար վարչական ռեսուրս չի օգտագործում. Դավիթ Հարությունյան

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն այսօր խորհրդարանում, պատասխանելով լրագրողների հարցին, թե ի՞նչն է խանգարում Հովիկ Աբրահամյանին, որ, որպես վարչապետ, օգտագործի իր վարչական ռեսուրսները սահմանադրական քարոզարշավի ժամանակ, նախ խնդրեց մանրամասնել, թե ի՞նչ է նշանակում վարչական ռեսուրս, ապա ասաց, որ վարչապետը «այո»-ի համար վարչական ռեսուրս չի օգտագործում:

Երբ լրագրողները օրինակ բերեցին, որ վարչապետը կարող է կրթության և գիտության նախարարին պարտավորեցնել ազդել ուսուցիչների ձայների վրա, Հարությունյանը նշեց, որ միայն այն դեպքում հնարավոր կլինի խոսել այդ մասին, երբ Հովիկ Աբրահամյանն իր ստորադասներին այս առնչությամբ հանձնարարություն տա:

Հարությունյանը շեշտեց, որ վաղուց անցել են այն ժամանակները, երբ մարդիկ վախենում էին սեփական դիրքորոշումը հրապարակային արտահայտել,  և եթե նրանց որևէ բան պարտադրի, նրանք անմիջապես կբարձրաձայնեն այդ մասին:

«Ձեր ընկալումները շատ տեսական են: Երբ մենք խոսում ենք, որ նա քարոզչություն է իրականացնում՝ որպես վարչապետ, ապա դա նշանակում է, որ նա, որպես վարչապետ, իր պարտականությունները կատարելիս, լինի՝ կառավարության նիստ, թե՝ խորհրդակցություն, սկսի քարոզչություն իրականացնել: Եթե դուք տեսնեք, որ նա հայտարարություն է անում և ասում, որ ես` որպես ՀՀ վարչապետ, հորդորում եմ ձեզ գնալ և «այո» ասել, դուք ճիշտ կլինեք, որ նա օգտագործում է վարչական ռեսուրսը, և եթե դուք դա չլսեք, և լսեք, որ նա ասում է, որ ես` որպես շտաբի պետ, ուրեմն իմացեք, որ դա չի կարող դիտարկվել որպես վարչական ռեսուրսի օգտագործում»,- ասաց Հարությունյանը:

Նա նշեց նաև, որ կարելի է դիտարկել ԱՄՆ-ի փորձը: «Եթե քաղաքական պայքարում շերիֆը հանում է իր համազգեստը և չի ասում, որ ինքը շերիֆ է, բայց ասում է լրիվ նույն տեքստը, համարվում է, որ դա վարչական ռեսուրս չէ: Նույն մոտեցումը որդեգրել են բոլորը, հակառակ դեպքում՝ քաղաքական դեմքերը չէին կարողանա մասնակցել քաղաքական գործընթացներին»,- նշեց Դավիթ Հարությունյանը:

Դիտարկմանը, թե ՀՀ վարչապետը չունի համապատասխան հագուստ, որ տարբերակել լինի՝ նա քարոզչությո՞ւն է անում, թե՞ ոչ, Հարությունյանը մեջբերեց միջազգային փորձը՝ ասելով, որ բոլոր երկրներում էլ վարչապետերը մասնակցություն են ունենում ընտրական գործընթացներին: