կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-10 08:08
Քաղաքական

Այսօրվա ԱԺԲ-ի «սկզբունքային» անդամների մեծամասնությունը 2008թ․ պաշտպանում էր Լևոն Տեր-Պետրոսյանին․ Ավետիք Իշխանյան

Այսօրվա ԱԺԲ-ի «սկզբունքային» անդամների մեծամասնությունը 2008թ․ պաշտպանում էր Լևոն Տեր-Պետրոսյանին․ Ավետիք Իշխանյան
Համացանցով նայեցի ԱԺԲ հանրահավաքից որոշ դրվագներ։ «Ղարաբաղ» կոմիտեի, այժմ ԱԺԲ խորհրդի անդամ Ալբերտ Բաղդասարյանի հերոսական ելույթից հետո հավաքը վարողը ներկայացրեց Ալբերտ Բաղդասարյանի հիշողություններից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է քաղաքագետ Ավետիք Իշխանյանը։
 
«Ահա նրա խոսքերի բովանդակությունը․ «Պարոն Բաղդասարյանը համեստորեն չներկայացավ, որպես ղարաբաղյան ակունքներում եղած գործիչ։ Վերջերս նա պատմեց, թե ինչպես «Ղարաբաղ» կոմիտեում քննարկում էր ընթանում, դուռը թակեցին։ Ներս մտավ մի գլխիկոր մարդ և խնդրեց իրեն ընդունել «Ղարաբաղ» կոմիտեի անդամ։ Այդ մարդը Լևոն Տեր-Պետրոսյանն էր» ։ Շարունակությունը՝ հայհոյանքներ․․․
 
Այժմ ներկայացնեմ իրականությունը։ 1988թ․ փետրվարին, հանրահավաքների ընթացքում ստեղծվեց «Ղարաբաղ» կոմիտեն։ Ղարաբաղյան շարժումը և հանրահավաքների նախաձեռնողը Իգոր Մուրադյանն էր։ Սկզբնական շրջանում «Ղարաբաղ» կոմիտեի անդամներ դարձան Իգոր Մուրադյանը, Համբարձում Գալստյանը, Վազգեն Մանուկյանը, Սամսոն Ղազարյանը, Վանո Սիրադեղյանը, Աշոտ Մանուչարյանը, կարծեմ նաև Գագիկ Սաֆարյանը, Արմեն Հովհաննիսյանը, Զորի Բալայանը։ Ինչևէ, 1988թ․ մայիսին հակասություններ առաջացան կոմիտեի անդամների մեջ և հռչակվեց , արդեն նոր անվանմամբ՝ «Ղարաբաղյան շարժման Հայաստանի» կոմիտեն։ Կոմիտեն կազմված էր 11 անդամներից․ Բաբկեն Արարքցյան, Համբարձում Գալստյան, Սամվել Գևորգյան, Ալեքսան Հակոբյան, Ռաֆայել Ղազարյան, Սամսոն Ղազարյան, Ալեքսան Հակոբյան, Վազգեն Մանուկյան, Աշոտ Մանուչարյան, Վանո Սիրադեղյան, Դավիթ Վարդանյան, Լևոն Տեր-Պետրոսյան։ Հետագայում կոմիտեն որոշում ընդունեց ընդլայնել կազմը։ Օգոստոս ամսին, Արշակ Սադոյանը, ով ղեկավարում էր «Սահմանադրական» խմբերը և ես, որ ղեկավարում էի «Մաշտոց» միավորումը, նաև «Հայգունմետգիտնախագիծ» ինստիտուտի «Ղարաբաղ» կոմիտեի ղեկավարն էի, հրավիրվեցինք «Ղարաբաղ» կոմիտեի նիստի, որտեղ մեզ առաջարկվեց դառնալ կոմիտեի անդամներ։Կարճ ժամանակ անց, արդեն 13 անդամներով քննարկեցինք ևս երկու հոգով կոմիտեն ընդլայնելու մասին։ Առաջարկությունը շարժման ակտիվիստներ Ռադիոֆիզիկայի ինստիտուտի «Ղարաբաղ» կոմիտեի ղեկավար Դավիթ Շահնազարյանի և «Մերգելյան» ինստիտուտի «Ղարաբաղ» կոմիտեի ղեկավար Ալբերտ Բաղդասարյանի թեկնածությունների մասին էր։ Բոլորս հավանություն տվեցինք նրանց թեկնածություններին։ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկությամբ և երաշխավորությամբ հաստատվեց նաև Երջանիկ Աբգարյանի թեկնածությունը։
 
Այսպիսով, 1988թ․ սեպտեմբերից կոմիտեն գործում էր 16 անդամներով։ Կուզենայի հատուկ նշել, որ այո՛ Ալբերտ Բաղդասարյանը եղել է ղարաբաղյան շարժման ակունքներում, բայց արդեն մայիս ամսից Լևոն Տեր-Պետրոսյանը կոմիտեի հեղինակավոր անդամներից էր, երբ Ալբերտ Բաղդասարյանին ոչ բոլորն էին ճանաչում։ Եվ ընդհանրապես, անհնար էր, որ որևէ մեկը դուռը թակեր և դառնար կոմիտեի անդամ։ Ամեն թեկնածություն մանրամասն քննարկվում էր։
 
Հ․Գ․ Այս ամենի մեջ ամենազավեշտալին այն է, որ այսօրվա ԱԺԲ-ի «սկզբունքային» անդամների մեծամասնությունը 2008թ․ պաշտպանում էր Լևոն Տեր-Պետրոսյանին»,- գրում է նա։