կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-06 13:44
Քաղաքական

ՀՅԴ-ից բացի, իրական ընդդիմություն չկա, մյուսները ՔՊ-ի համար են աշխատում. Հրազդանի համայնքապետի թեկնածու

ՀՅԴ-ից բացի, իրական ընդդիմություն չկա, մյուսները ՔՊ-ի համար են աշխատում. Հրազդանի համայնքապետի թեկնածու

Հետպատերազմյան Հայաստանում գործող իշխանությունների նկատմամբ բացասական տրամադրություններ են ստեղծվել: Ժողովուրդը քաղաքական իշխանությանը չի  վստահում եւ ՏԻՄ ընտրությունների ժամանակ ՔՊ-ին իր քվեն չի տալու. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Կոտայքի մարզի Հրազդան խոշորացված համայնքի ավագանու ընտրություններում ՀՅԴ ցուցակը գլխավորող Վարդան Գեւորգյանը:

Հրազդանի ՏԻՄ ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 5-ին: Արդեն հայտնի է՝ ընտրապայքարն ընթանալու է 4 քաղաքական կուսակցությունների միջեւ: Մյուս 3 կուսակցություններն են՝ «Լուսավոր Հայաստանը», որի ցուցակը գլխավորում է Արշավիր Խաչատրյանը, Ռուբեն Վարդանյանի «Ապրելու երկիրը», թեկնածուն Լյովա Ստեփանյանն է, եւ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի համամասնական ցուցակը գլխավորում է ԵԿՄ նախագահ, ՔՊ-ական նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանի որդին՝ Հրազդանի գործող քաղաքապետ Սեւակ Միքայելյանը:  

Գեւորգյանը ՀՅԴ-ի հետ ընտրապայքարի դուրս եկած մյուս երեք կուսակցությունների մեջ իրական ընդդիմություն չի տեսնում, շեշտում է՝ գործող իշխանության բաղկացուցիչ մասերն են:

«Չորս կուսակցությունների մեջ իրական ընդդիմությունը միայն մենք ենք, նրանք ՔՊ-ի համար են պայքարում. Հայաստանում տիրող քաղաքական դաշտից ենք եզրակացություն անում: Երեք կուսակցությունն էլ գլոբալիզացիոն ծրագրերի շրջանակներում ստեղծված կառույցներ են, որոնց բուն նպատակը հայոց պետականությունը, ազգային դիմագիծը վերացնելն ու մեծ խառնարանի մաս դարձնելն է: Գործող իշխանության համար առանձնակի նշանակություն ունեն ՏԻՄ ընտրությունները; Նրանք ամեն գնով փորձելու են հասնել հաղթանակի, որպեսզի այն օգտագործեն որպես խաղաքարտ»,- ընդգծում է Գեւորգյանը:

Այս համատեքստում խոսելով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կարեւորության մասին` Գեւորգյանը շեշտում է՝ մեծ սպասելիքներ ունի, ակնկալում է, որ ընտրություններում շատ ձայներ են հավաքելու:  

«Իհարկե, նաեւ չեմ բացառում, որ վարչական ռեսուրսի կիրառմամբ ՔՊ-ն որոշակի ընտրազանգված ունենա, թեեւ երկրի իրավիճակը չի փոխվել, երկիրը քայլ առ քայլ զիջում են մեր թշնամիներին եւ նույն քաղաքականությունը տանելու են նաեւ համայնքներում:  Այս ընտրությունները քաղաքականացված են, եւ իշխանությունները ամեն գնով ձգտելու են հասնել հաղթանակի, որպեսզի հետո ասեն՝ ժողովուրդն իրենց է ընտրել, ինչ կուզեն` կանեն»,-հավելում է նա:

Անդրադառնալով համայնքների խոշորացման ծրագրի բացասական հետեւանքներին՝ Գեւորգյանն իր մտահոգություններ է հայտնում՝ նշելով, որ այդ ծրագրին դեմ է արտահայտվել: «Գյուղական համայնքները, միանալով քաղաքային համայնքներին, ստվերում կմնան, գյուղի խնդիրները այդպես էլ լուծում չեն ստանա: Ամբողջ վարչական ռեսուրսը կուղղվի քաղաքային համայնքի զարգացմանը, քանի որ քաղաքներն ավելի խոշոր են: Եթե միայն գյուղերն իրար միանային, ապա միասնական ձեւով իրենց խնդիրներն ավելի հեշտ կլուծեին, քան` քաղաքին միանալով, որն իր բյուջեից մասնահանումներ անելու եւ ավելի թույլ համայնքներ ուղարկելու պատրաստակամություն չի ունենա»,- ասում է նա՝ հավելելով, որ  Հրազդանին միացած գյուղերի բնակիչների համար շատ կարեւոր է իրենց սեփականության ներքո գտնվող հողերի մշակումը, նաև ապրանքի վերջնական իրացման հարցն է, որի համար անհրաժեշտ են կոմունիկացիոն, տեխնոլոգիական հնարավորություններ:

«Եթե նախկինում գյուղական համայնքների ղեկավարները ինչ-որ ձեւով փորձել են աջակցել գյուղացուն՝ առօրյա այս խնդիրների լուծման համար, քաղաքի խնդիրներն այնքան շատ են, որ իշխանությունները չեն կարող սեւեռվել փոքր գյուղի գյուղատնտեսական խնդիրների լուծման վրա»,-նշում է Գեւորգյանը:

Համայնքների խոշորացման ծրագիրը, ըստ նրա, մեկ այլ ուղղությամբ էլ է հարված հասցրել, պարզաբանում է. «Տեղական ադմինիստրացիաներում խոշորացումից հետո, բնականաբար, կրճատումներ են լինելու, ինչը սոցիալական մեծ հարված կհասցնի գյուղական համայնքների բնակչությանը»:

Լիանա Սարգսյան