Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արթիկի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակի առաջին համարը լինելու համար «մարդ են մեջ գցել» ընտրություններին մասնակցող մյուս բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները՝ բացի ՀՅԴ-ից։
Yerkir.am-ի տեղեկություններով՝ գործող քաղաքապետ Մխիթար Վարագյանը, որը ՀՀԿ խորհրդի անդամ է, հայտնի «Շիշ բռնողի»՝ իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանի, միջոցով է փորձել ստանալ այդ «դաբրոն», որ դառնար ՔՊ-ի առաջին համարը, սակայն չի ստացվել։
Արման Բաբաջանյանի «Հանուն հանրապետության» կուսակցության ցուցակով հանդես եկող Արսեն Աբրահամյանը, որը նախկին ՀՀԿ-ական է, Արթիկի նախկին քաղաքապետը, իսկ ներկայում Շիրակի մարզպետարանի աշխատակազմի գլխավոր քարտուղարը, նույնպես փորձել է ստանալ այդ «դաբրոն» նախկին մարզպետ Հովհաննես Հարությունյանի միջոցով, որին ազատեցին Գյումրիի ընտրությունները տապալելու համար։ Սակայն նրան էլ չի հաջողվել դա անել։
ՔՊ-ի ցուցակի առաջին համարը լինելու հայտ է ներկայացրել նաև Արթիկի այսօրվա փոխքաղաքապետ Արտակ Հարությունյանը, որը գլխավորում է Սամվել Բաբայանի «Ազատական» կուսակցության ցուցակը։ Նա անկուսակցական է և նույնպես փորձել կողմնակի ճանապարհներով հավակնել ՔՊ-ի ցուցակի գլխավորողը լինելուն։
Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության ցուցակով ընտրությունների գնացող ՔՊ-ական նախկին փոխմարզպետ Դավիթ Սեխլեյանը ևս փորձել է հավակնել ՔՊ-ի ցուցակն առաջնորդելուն։ Նա 6 ամսով է զբաղեցրել Շիրակի փոխմարզպետի պաշտոնը, սակայն անհասկանալի պատճառներով պաշտոնազրկվել է, իսկ Ազգային Ժողովի ընտրություններին մասնակցում էր «Իմ քայլը» դաշինքով։
Բաղձալի ցուցակը գլխավորել հաջողացրել է Պեմզաշենի համայնքապետ Անան Ոսկանյանը, որը երկրապահ է, նախկինում էլի ՀՀԿ-ական, Մանվել Գրիգորյանի սանիկը, և որը Մանվելին էլ ուրացավ։ Նա կարողացավ Ռազմական ոստիկանության պետ, գյումրեցի Աշոտ Զարքարյանի, ԱԺ իմքայլական պատգամավորներ Սասուն Միքայելյանի ու Անդրանիկ Քոչարյանի եռյակի միջնորդությամբ դառնալ ՔՊ-ի թեկնածու։ Ապա պարտադրանքով, տարբերակ չթողնելով ՝ ՔՊ-ի ցուցակում հավաքեց Արթիկին միացող 23 համայնքների համայնքապետերի մեծ մասին։
ՔՊ ցուցակը գլխավորել չհաջողած թեկնածուներին իշխանություններն ուղղորդել են ՏԻՄ ընտրությունների գնալ մյուս կուսակցությունների ցուցակներով, վստահեցրեց Yerkir.am-ի աղբյուրը, ասել են՝ մեր թեկնածուն եք, բայց գնալու եք այս կամ այն կուսակցությունով։
Ասում են՝ իշխող թիմը վստահ է, որ ոչ մեկը 50 տոկոսը չի անցնելու, բայց 6 թիմով է մասնակցում, որ եթե նույնիսկ ՀՅԴ-ն 40-42 տոկոս էլ տանի, մյուսները միավորվեն և տանեն համայնքապետի պաշտոնը։ Բայց այստեղ խնդիր կա՝ տեղային ընտրություններում ազգական, բարեկամ, ընկեր սկզբունքով են ցուցակներ ձևավորում, և տարբեր ցուցակներում կան մարդիկ, որոնք մոտ են, և ցանկացած պահի հնարավոր կլինի նրանց հետ պայմանավորվել։
Արթիկում ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել 7 քաղաքական ուժ՝ ՀՅԴ-ն, «Քաղաքացիական պայմանագիրը», «Ազատականը», «Հանուն Հանրապետությանը», «Ապրելու երկիրը», «Հանրապետությունը» և «Միասնական Արթիկ» դաշինքը։
Աննա Բալյան