կարևոր
5821 դիտում, 7 ամիս առաջ - 2024-04-10 21:46
Հասարակություն

Ալիևը Տավուշում կռվածների ցուցակներն է ուզում. Փաշինյանը կարող է նաև նրանց հանձնել, որ պատերազմ չլինի. Գառնիկ Դանիելյան

Պարբերաբար Տավուշի մարզի բնակիչների հետ հանդիպող ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տավուշցի Գառնիկ Դանիելյանն ահազանգում է՝ Փաշինյանը չի՛ բավարարվելու միայն Տավուշի մարզի տարածքներն Ադրբեջանին հանձնելով, հանձնողական օրակարգն ունենալու է շարունակություն, և Փաշինյանին պարտադրելու են նաև բանակցել ադրբեջանցիների Հայաստան վերադառնալու, ապա նրանց իրավունքներն ապահովելու համար Ադրբեջանի ուժային կառույցների ներկայացուցիչներին Հայաստան թողնելու հարցերը։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում այս մասին ասաց Դանիելյանը՝ ընդգծելով, որ Փաշինյանը միակողմանի զիջումների է գնում սահմանազատման և սահմանագծման անվան տակ, ավելին՝ Տավուշի մարզում ասել է, որ 4 գյուղը տալու դիմաց՝ Հայաստանը ոչինչ չի՛ ստանալու, և հավանական է, որ լինի նաև պատերազմ։

«Էս մարդը տալիս է առաջնագիծը։ Էս ի՞նչ անասնական մտածելակերպ է, ինչպե՞ս կարող է հայ մարդը պետության տարածքը հանձնի։ Լա՛վ, հո հորդ տնից չե՞ս բերել էդ տարածքները, լավ, ո՞վ է ասել, որ այդ տարածքներն ադրբեջանական են։ Դա ադրբեջանական են համարում մեկ ՔՊ-ն, մեկ՝ Ադրբեջանը։ Փաշինյանն իր այս քայլով լեգիտիմացնում է Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա, և վաղն Ալիևը կարող է հարձակվել ու ասել՝ ձեր երկրի ղեկավարն է ասել, որ այդ տարածքներն ադրբեջանական են»,- ասաց Դանիելյանը, ապա ընդգծեց՝ անիմաստ է Հայաստանը ներկայացնող իշխանությունից այլ բան պահանջել, քանի որ պարտված իշխանության հետ չի՛ կարող Ալիևը բանակցել հավասարը հավասարի պես։

«Էս պարտված, ոչնչացած ղեկավարությունը չի՛ կարող որևէ հարցում դեմ գնալ Ադրբեջանին. իրեն ասում են՝ գնա՝ այս բանն արա, հետո արի, կասեմ՝ էլ ինչ պետք է անես։ 340 քառակուսի կմ տարածք է Հայաստանից Ադրբեջանն օկուպացրել, թշնամին հասել է Ջերմուկ, մի հատ ծպտուն հանե՞լ է։ Խեղկատակը եկել, Կառավարության ծրագրի հաշվետվություն է կարդում, բա խոսում էր 31 բնակավայրից, Ադրբեջանը կես սանտիմետր հող հե՞տ է տալու, իհարկե՝ ոչ։ Իսկ Ադրբեջանի հաջորդ պահանջը լինելու է այն, որ Արցախի համար Փաշինյանը փոխհատուցում տա, հետո կասեն՝ ադրբեջանցիներին խելոք կբերես կբնակեցնես ՀՀ տարածքում, մի հատ էլ պետք է այդ մարդկանց անվտանգությունն ապահովեմ և ուժայիններ ունենամ այդտեղ, հետո էլ, օրինակ, Բաղանիսում 90-ականներին պատերազմի մասնակցածների ցուցակները կասի՝ տուր։ Փաշինյանը գալու է ասի՝ պատերա՞զմ, եք ուզում, եթե ոչ, եկեք այդ մարդկանց հանձնենք»,- իրավիճակը և հնարավոր զարգացումներն այսպես նկարագրեց Դանիելյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։