Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տեղեկություններ կան, որ առաջիկայում մեծ համաներում է հայտարարվելու, որպեսզի համաներված կալանավորները Երևան խոշորացված համայնքի ընտրություններում իշխանական թիմի օգտին քվեարկեն, գուցե հենց այս պատճառով էլ կառավարությունը փակում է «Կոշ» և «Հրազդան» քրեակատարողական հիմնարկները՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում տեսակետ հայտնեց իրավագետ Ռոբերտ Հայրապետյանը։
Նրա համար անհասկանալի է այդ երկու քրեակատարողական հիմնարկների փակման նպատակը․ «Եթե առաջիկա Երևանի համայնքային ընտրություններում անհրաժեշտ են բավականաչափ ձայներ և դրա համար պետք է հանցագործները դուրսը գտնվեն, որպեսզի ձայներ ապահովեն այդ քայլողներին, դա հարցի մյուս կողմն է»։
Ռոբերտ Հայրապետյանը նշեց, որ օդում կախված լուրերի համաձայն՝ մենք առաջիկայում Երևան խոշորացված համայնքի ղեկավարի ընտրությունների ենք գնալու։
Առանց որևէ վիճակագրություն ներկայացնելու՝ փակել միանգամից երկու քրեակատարողական հիմնարկ իրավագետը լուրջ մոտեցում չի համարում, որովհետև եթե պատճառը, ինչպես վարչապետն ասաց, հանցագործությունների նվազումն է, ապա նրա գաղափարակից գլխավոր դատախազն ամեն օր ազդարարում է աղաղակող հանցագործությունների մասին․ այս երկուսը հակասում են իրար։
«Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հպարտորեն նշում էր, որ կալանավորների թվի ամենացածր ցուցանիշն է այսօրվա իրավիճակով Հայաստանում, այդ պատճառով քրեակատարողական այդ երկու հիմնարկների պահպանումը ավելորդ ծախս է բյուջեի համար։ Սա առնվազն հիմքեր չունեցող հայտարարություն է հատկապես այն պարագայում, երբ դրա քաղաքական կամակատարը՝ Գլխավոր դատախազությունը, հայտարարում է, որ հանցագործությունների թվի աճ կա։ Այս երկուսը իրար հետ անհամատեղելի են»,-ասաց Ռոբերտ Հայրապետյանը։
280 աշխատակից, փաստորեն, մնում է գործազուրկ։ Բացի այդ, ինչպես իրավագետը նշեց, Կոշ քրեակատարաողական հիմնարկում գրեթե ողջ Կոշ գյուղը աշխատում է, այդ մարդկանց զբաղվածության հիմնական չափաբաժինը բաժին է հասնում քրեակատարողական հիմնարկին, ո՞նց են ապահովելու այդ մարդկանց ապրուստի միջոցը։
«Ժողովրդի շղարշի ներքո իշխանության եկած մարդիկ առաջին հերթին պետք է մտածեին հենց այդ ժողովրդի մասին։ Երկու հիմնարկների փակման պարագայում, փաստորեն, 280 հաստիք կրճատվելու է։ Հասունանում է սոցիալական մեկ այլ բունտ այդ հիմնարկում աշխատող Կոշի գյուղացիների մասով և այդ բունտը արդարացված է լինելու»,-նկատեց Ռոբերտ Հայրապետյանը։
Խոստումը, որ աշխատակիցներին աշխատանքի են տեղավորելու Պրոբացիայի ծառայությունում, նրան վստահելի չի թվում, քանի որ նախ՝ չի կարծում, որ 280 աշխատակցի պահանջ կա այնեղ, բացի այդ՝ մեկ անգամ չէ, որ առիթ ունեցել ենք համոզվելու, որ այս կառավարությունը հիմնարկ է փակում, աշխատակիցներին խոստանում տեղավորել այստեղ-այնտեղ, և դա տեղի չի ունենում։
Որևէ տեղ չկա հրապարակված հաշվարկ, հետազոտություն կամ ուսումնասիրություն, թե սեզոնով պայմանավորված՝ ամեն տարի Հայաստանում հանցագործությունների թվի աճ գրանցվո՞ւմ է, թե՞ նվազում է լինում, այնինչ հայտնի է, որ աշնանն ու ձմռանը հանցագործություններն ավելանում են։
«Այդ «օպտիմալացման» արդյունքում առնվազն կառավարության ուղիղ պարտավորությունն է նաև հետազոտություն դնել հիմնավորման մեջ՝ քանի՞ դատապարտյալ է այս պահին պատիժը կրում այս երկու քրեակատարողական հիմնարկներում և ինչպե՞ս են պատրաստվում այս դատապարտյալների պատժի հետագա կրման պայմանները ապահովել։ Նման գործողություններ իրականացնելը և անհարկի համաներման արդյունքում կալանավորներին հասարակություն թողնելը ոչ միայն եռակի-քառակի կարող է ավելացնել կոնկրետ հանցագործությունների թիվը, այլև լուրջ հանրային վտանգավորություն ներկայացնել»,-ասաց Ռոբերտ Հայրապետյանը։
Նա փաստեց, որ քրեակատարողական հիմնարկները այն կառույցները չեն, որոնց հաշվին բյոջե կարելի է լցնել 1,5 միլիոն պարգևավճար ստանալու համար, որովհետև քրեակատարողական հիմնարկները առանց այն էլ ունեն բարեկարգման խնդիրներ, իսկ դրա լուծումը ոչ թե փակելն է, այլ բարենորոգելը։
«Ի վերջո, ունենք քրեակատարողական օրենսդրությամբ ամեն դատապարտյալի համար պահման վայրի հստակ չափանիշներ։ Հիմա եթե դու այդ երկու քրեակատարողական հիմնարկները փակում ես՝ Աստված մի արասցե հանցագործությունների կտրուկ աճ է գրանցվում հանրապետությունում և մենք տեսնում ենք, որ դաժան սպանությունները օր-օրի շատանում են, դու ո՞նց ես ապահովելու այդ դատապարտյալների իրավունքը, եթե դու այլևս երկու քրեակատարողական հիմնարկ չունես, տանելու ես՝ լցնես մնացած քարեկատարողական հիմնարկները և անգամ չես կարողանալու ամեն մեկի համար նվազագույն 4 մետրը ապահովե՞լ»,-ասաց Ռոբերտ Հայրապետյանը։
«Կոշ» քրեակատարողական հիմնարկը փակելը կառավարության ռազմավարության մեջ չի եղել՝ փաստեց իրավագետը։
«2019 թ-ի նոյեմբերի 28-ին կառավարության նիստում հաստատվել էր Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-23 թթ ռազմավարությունն ու միջոցառումների ծրագիրը, որտեղ քրեակատարողական հիմնարկների օպտիմալացման բաժնում հստակ նշումներ կան, բայց «Կոշ» քրեակատարողական հիմնարկը այս ծրագրի մեջ ընդգրկված չէ․ և այստեղ էլի հարց է առաջանում՝ ինչո՞ւ է «Կոշ» քրեակատարաողական հիմնարկը փակվում, հատկապես երբ այս ռազմավարությունը մշակելիս՝ կառավարությունը դրա անհրաժեշտությունը չէր տեսնում։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանը կառավարությունը պարտավոր է տալ»,-ասաց Ռոբերտ Հայրապետյանը։
Չի հրապարկվել նաև վիճակագրություն՝ «Կոշում» և «Հրազդանում» քանի՞ դատապարտյալ կա։
«Եվ Նիկոլ Փաշինյանի տափակ միտքը, որ կառավարության նիստին հնչեցրեց՝ քրեակատարողական հիմնարկները հանցագործներ ծնող հիմնարկներ են, առնվազն ծիծաղ կառաջացնի ցանկացած անձի մոտ, ամոթ է նման հայտարարություններով ասել՝ նախկինների ժամանակ հանցագործություները շատ էին, դատապարտյալները շատ էին, հիմա նվազել են»,-ասաց Ռոբերտ Հայրապետյանը
Չի հրապարակվել նաև, թե 2018-ին նախորդող 3 տարիներին և 2018-20 թթ արդյո՞ք ուսումնասիրություն կատարվել է հանցագործությունների թվի վերաբերյալ, ինչքա՞ն մարդ է եղել քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող և ինչքա՞ն մարդ է հիմա կրում։ Այս բոլոր հարցերը Yerkir.am-ն ուղղել է կառավարություն՝ պատասխաններն ստանալուն պես կհրապարակենք։
Աննա Բալյան