կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-04 17:30
Իրավական

«Կոշ» ՔԿՀ-ում կեղծե՞լ են կալանավորի տվյալները

«Կոշ» ՔԿՀ-ում կեղծե՞լ են կալանավորի տվյալները

«Կոշ» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Ռուբեն Ամատունին, որի պայմանական վաղաժամկետ ազատ արձակման երրորդ դիմումը ՔԿՀ-ի վարչական հանձնաժողովը մերժել է հունվարի վերջին, ահազանգում է իր իրավունքների ոտնահարման մասին:

 

Հիշեցնենք, որ Ռուբեն Ամատունին Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով` ՀՀ ՔՕ 175-րդ հոդվածի 1-ին մասի (ավազակություն), 34-176-րդ հոդվածի 1-ին մասի, 35-175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով 7 տարվա ազատազրկման է դատապարտված, որից չորս տարին արդեն կրել է:

 

Ամատունին պնդում է, որ կալանավորների պայմանական վաղաժամկետ ազատ արձակման ընթացակարգը չի գործում` ըստ սահմանված կարգի: Ավելին, ըստ նրա, իրեն բաց տիպի ռեժիմի հիմնարկ տեղափոխելու ժամկետը լրացել է դեռևս 2012-ի մայիսի 28-ին, սակայն այդպես էլ նրան չեն տեղափոխել այլ հիմնարկ: Կալանավորի խոսքով` ՔԿՀ-ի վարչական հանձնաժողովն իր պայմանական ազատ արձակումը մերժում է` պատճառաբանելով կատարած արարքի ծանրության աստիճանն ու վտանգավորությունը` միևնույն ժամանակ իրեն բնութագրելով որպես դրական վարք ունեցող: Սակայն Ամատունին վստահ է, որ հանձնաժողովը կեղծում է իրեն վերաբերող տվյալները և փորձում ամեն կերպ արդարացնել մերժումները:

 

«Ես հասկացել եմ, որ այս մերժումների հետևում կանգնած է հզոր և ազդեցիկ մի ուժ, որն էլ ուղղորդում է բանտերի ադմինիստրացիաներին` խախտելով դատապարտյալների իրավունքները»,-yerkir.am-ին ուղղված նամակում հայտնում է Ամատունին` իր զարմանքը հայտնելով դատախազության անտարբերության կապակցությամբ:

 

«Ես դիմում եմ գլխավոր դատախազին ` ՔԿՀ-ում  կատարված օրինախախտումների վերաբերյալ իմ հայտարարություններն ընդունել որպես հանցագործության մասին հաղորդում և հրահանգել, որպեսզի քննություն ընթանա, և պայմանական վաղաժամկետ ազատման ընթացակարգը գործի օրենքի շրջանակներում»,- նշել է կալանավորը: