Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Շրջանառության հարկի շեմի իջեցումը նախատեսվում էր տնտեսական հեղափոխության շրջանակներում՝ ըստ Yerkir.am-ի ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանին հիշեցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
ՀՀ ԱԺ տնտեսական ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նիստում 2022 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ Արթուր Խաչատրյանը Բադասյանին հարցրեց՝ մոտավորապես գնահատե՞լ են օրենքի փոփոխությամբ շրջհարկի շեմի իջեցումը ինչքա՞ն լրացուցիչ ծախսեր կբերի փոքր և միջին ձեռնարկությունների վրա։
«Մասնավորապես, հասկանում ենք, որ հաշվապահական ծախսերը շատ ավելի բարձր պետք է լինեն, որովհետև եթե հաշվապահին այսօր 50 հազար դրամի կարգի են վճարում, որ հաշվետվությունը ներկայացնի, ապա ԱԱՀ-ի հաշվարկի համար, շահութահարկի հաշվարկի համար այդ ծախսերը ավելի կբարձրանան»,-ասաց Արթուր Խաչատրյանը։
ՊԵԿ նախագահը պատասխանեց․ «Բնականաբար, նման հաշվարկ չունենք, որովհետև որևէ ակտիվ քննարկում չի եղել, որ գնահատենք։ Հիմա էլ են հաշվապահական ծառայություններից օգտվում շրջհարկի դաշտում գործող սուբյեկտները և, կարծում եմ, ինչ-որ պահի մեր ԱԱՀ-ի և շահութահարկի հաշվարկներն այնքան պարզ են լինելու, որ լրացուցիչ խնդիրներ այդ մասով էլ չեն առաջանալու»։
Նա նշեց, որ իր համար հարկային վարչարարության տեսանկյունից ոչ թե շեմի հարցն է կարևոր, այլ այդ շեմից ներքև գտնվող սուբյեկտներն օգտագործվո՞ւմ են ագրեսիվ հարկման պլանավորման համար, թե՞ ոչ։
Արթուր Խաչատրյանն արձագանքեց․ «Խնդիր չեմ տեսնում՝ պլանավորումը հարկերից խուսափելու տեսակ է, բայց եկեք ընդունենք, որ ԱԱՀ և շահութահարկի տեսակը ինչքան էլ ավելի պարզ դառնա, հաշվապահական ծախսերն ավելի շատ կլինեն, քան թե պարզ շրջհարկի հաշվարկը»։
Իշխող թիմի ներկայացուցիչը տեղեկացրեց, որ շրջհարկի շեմի նվազեցում նախատեսվում էր 2019 թ-ի հունվարի 1-ից, բայց համապատասխան փոփոխություն, որ դա պետք է դառնար 58,35 միլիոն, ընդունվել էր ավելի վաղ․ «Այսինքն, հեղափոխությունից հետո վերադարձանք 115 միլիոնի»։
Ավելի վաղ Արթուր Խաչատրյանի հարցին ի պատասխան ՀՀ ֆինանսների նախարարը չէր բացառել, որ 2022 թ․-ին կվերանայվի ու կնվազեցվի շրջանառության հարկի շեմը։
Աննա Բալյան
Մանրամասն՝ տեսանյութում․