կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-11-02 16:11
Քաղաքական

Գազի գնի իջեցումը մրցակցություն կբերի ձեռնարկություններին, որոնց ցուցանիշի մեջ գազի կշիռը մեծ է. պատգամավոր

Գազի գնի իջեցումը մրցակցություն կբերի ձեռնարկություններին, որոնց ցուցանիշի մեջ գազի կշիռը մեծ է. պատգամավոր

«Գազպրոմ-Արմենիա» ընկերությունը երեկ հաղորդագրություն էր տարածել, որ սպառողներին վաճառվող բնական գազի սակագների նվազեցմանը միտված վերանայման հայտով դիմելու է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին: 

Ըստ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանի` հնարավոր է` «Գազպրոմ-Արմենիան» այս պահին է ինչ-որ հնարավորություններ գտել և այդ պատճառով է հիմա իջեցվում գազի սակագինը: «Տարբեր պատճառներ կարող է ունենալ գազի սակագնի իջեցումը կոնկրետ այս պահին: Երևի ինչ-որ հնարավորություններ են գտել, որը մինչ այդ չեն եղել: Պետք է սպասենք, տեսնենք, թե ո՞ր ռեսուրսների հաշվին է իրականացվելու իջեցումը»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց պատգամավորը:

Ըստ նրա` Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր հարցին պատասխանել է, որ լրացուցիչ ֆինանսավորման աղբյուր են հայթայթելու: «Հանձնաժողովի քննարկումների ժամանակ բազմիցս ասվել է, թե որ ռեսուրսների հաշվին կարող է գազի սակագնի իջեցում լինել»,- ասաց Մելքումյանը` հավելելով, որ դա կարող է լինել «Գազպրոմ-Արմենիա»-ի ծախսերի կրճատումը, նաև հնարավոր են այլ գործոններ, քանի որ սահմանին չի իջեցվել գազի սակագինը:

Մեր զրուցակիցը որքան էլ դրական համարեց գազի սակագնի իջեցումը, այդուհանդերձ, նշեց, որ էական տնտեսական աճ այս իջեցումից չի լինի: «Մրցակցություն կբերի այն ձեռնարկություններին, որոնց ցուցանիշի մեջ գազի կշիռը մեծ է ու էական նշանակություն ունի: Ընդհանուր առմամբ, դրական քայլ է, և չի կարելի թերագնահատել այն, շատ օգտակար որոշում է, բայց էական տնտեսական աճ չի գրանցվի»,- ասաց Մելքումյանը: