Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը հրաժարական ներկայացրեց։
Վերջին երկու տարիների ընթացքում երրորդ անգամ մեր հավաքականը մնաց առանց գլխավոր մարզչի։ Եթե նախորդ երկու դեպքերում Բեռնար Շալանդի և Սարգիս Հովսեփյանի հրաժարականների մեջ արտասովոր ոչինչ չկար, ապա այս անգամ ամեն ինչ ավելի քան տարօրինակ է։
Նախ սկսենք սկզբից։ Վարուժան Սուքիասյանը հավաքականի գլխավոր մարզիչ նշանակվեց նախորդ տարվա դեկտեմբեր ամսին։ Այդ պաշտոնում նա փոխարինեց Սարգիս Հովսեփյանին։ Մինչ այդ՝ 2000-2001 թվականներին, նրան մեկ անգամ ևս վստահվել էր Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ղեկը:
Վարուժան Սուքիասյանի երկրորդ պաշտոնավարության ընթացքում որպես գլխավոր մարզիչ Հայաստանի հավաքականն իր առաջին խաղում մարտ ամսին Երևանում ոչ-ոքի խաղաց Բելառուսի ընտրանու հետ։ Հենց առաջին խաղից և լրագրողների հետ առաջին հանդիպումից հետո պարզ դարձավ, որ մարզիչը կարողանում է վարպետորեն շրջանցել իր համար ոչ ցանկալի թեմաները, իսկ որոշ դեպքերում էլ` քննադատությունների այլ թիրախ է ընտրում։ Մասնավորապես, Բելառուսի հետ հանդիպումից հետո Սուքիասյանը, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե դուք կհրավիրե՞ք հավաքական այն ֆուտբոլիստներին, որոնց ՀՖՖ նախագահն է արգելել հավաքական հրավիրել, Սուքիասյանը նշել էր. «Պետք է հեռվից նայել այդ հարցին, թողեք աշխատենք»։ Դժվար է ասել, թե լրագրողները ինչով էին խանգարում նրան աշխատել, բայց ինչպես հայտնի դարձավ օրեր առաջ, լրագրողները մեղավոր էին նաև հավաքականի ֆուտբոլիստների վնասվածք ստանալու համար։
Անդրադառնալով Սուքիասյանի 10-ամսյա գործունեությանը` նշենք ԱՄՆ-ի ուսումնամարզական հավաքի ընթացքում հավաքականի տոնած 2 տպավորիչ հաղթանակները։ Գվատեմալայի (7։1) և Էլ-Սալվադորի (4։0) հավաքականների նկատմամբ հաղթանակները մեծ ոգևորության առաջացրեցին, չնայած նրան, որ երկու հակառակորդ թիմերն էլ իրենց մակարդակով զգալիորեն զիջում են եվրոպական միջին մակարդակի հավաքականներին:
ԱԱ-2018-ի ընտրական փուլից մի քանի օր առաջ մեր հավաքականը 0։3 հաշվով պարտվեց Չեխիային, իսկ ընտրական փուլի մեկնարկային խաղում հյուրընկալվելիս նվազագույն հաշվով պարտվեց Դանիային։ Այս հանդիպումը բաց թողեց հավաքականի ավագ և առաջատար Հենրիխ Մխիթարյանը, ով վնասվածք ստացավ Չեխիայի հետ խաղում։
Ընտրական փուլի հերթական հանդիպումը հավաքականն անցկացրեց հոկտեմբերի 8-ին։ Երևանյան խաղում Վարուժան Սուքիասյանի թիմը 0։5 հաշվով պարտվեց Ռումինիայի ընտրանուն։ Խաղից հետո լրագրողների հարցին, թե պատրաստվում եք հրաժարական տալ, Սուքիսյանը պատասխանել էր. «Եթե վիճակն այսքան ծանր չլիներ, հրաժարական կտայի։ Եթե ֆեդերացիան պահանջի, ես անհապաղ հրաժարական կտամ, սակայն այնքան տղամարդկություն ունեմ, որ պետք է մնամ թիմում և այս վիճակից թիմին հանեմ»:
Երեք օր անց Հայաստանի ընտրանին արտագնա խաղում պարտվեց նաև Լեհաստանի ընտրանուն։
Ասել թե այս խաղում մեր թիմը վատ հանդես եկավ, սխալ կլինի, քանզի նախորդ հանդիպումների համեմատ զգացվում էր ֆուտբոլիստների անմնացորդ նվիրումը։ Իհարկե, որոշ դրվագներում կային սխալներ, սակայն դա հարցի մյուս կողմն է։
Լեհաստանի հետ հանդիպման նախախաղային ասուլիսի ընթացքում Սուքիասանը նշեց, որ փակ է պատասխանում հարցերին: Եվ ահա այս խաղից երկու օր անց գլխավոր մարզիչը հրաժարական տվեց։ Թե ինչ փոխվեց այս երկու օրվա ընթացքում, որ Սուքիասյանը հավաքականին թողեց իր բնութագրմամբ` «ծանր վիճակում», և հրաժարական տվեց, միայն նեղ շրջանակի կարող է հայտնի լինել: Չի բացառվում նաեւ, որ Սուքիասյանի հրաժարականը պարտադրված էր։ Վերջին խաղերում հավաքական չհրավիրվեցին առաջատար հարձակվողները, իսկ Մխիթարյանի բացակայությունն էլ իրավիճակն ավելի ծանրացրեց: Այն, որ հավաքականում և ընդհանրապես ՀՖՖ-ում քաոս է, կույր աչքի համար էլ արդեն տեսանելի է, իսկ քաոսից դուրս գալու միակ հնարավորությունը, եթե ներսում դա չեն հասկանում, հեղափոխական մոտեցումներն են՝ վիրահատական միջամտությունը: Հատկանշական է, որ առաջին անգամ ՀՖՖ-ի մասին համարձակ կարծիք հնչեց ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարությունից: Նորանշանակ նախարար Հրաչյա Ռոստոմյանը կառավարության հերթական նիստից հետո հայտնեց, որ կհրավիրվեն ֆուտբոլի իրական մասնագետներ, և քննարկումներ կսկսվեն: Ուշադրություն դարձնենք «իրական » եզրույթի վրա: Ի՞նչ է նկատի ունեցել նախարարը` «իրական մասնագետներ» ասելով, բայց այս հայտարարությունից, ինչպես նաև վերջին ժամանակներում ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի լռությունից կարելի է եզրակացնել, որ ֆուտբոլի ֆեդերացիայում շրջադարձային փոփոխություններ են սպասվում: Չմոռանանք, որ նախորդ տարի Հայրապետյանը հայտնել էր որ հրաժարական կտա, եթե հավաքականին չհաջողվի դուրս գալ աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ։ Հաջորդ պաշտոնական խաղը Հայաստանի ընտրանին կանցկացնի նոյեմբերի 11-ին։
Սպասենք իրադարձությունների զարգացմանը, և տեսնենք` այս հողմապտույտը ուր կհասցնի հայկական ֆուտբոլը:
Երվանդ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Armsport.am-ի