Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ռուսական զինուժն իր Այն Իսա անցակետն ամրացրել է ավազի պարկերով` Սիրիայի դեմոկրատական ուժերի քուրդ-արաբ զինյալների դեմ հարձակում սկսելու՝ թուրքական սպառնալիքների ֆոնին: Սիրիայի հյուսիսում իրավիճակը շարունակում է լարված մնալ:
Ռուսաստանցի զինվորականները անցյալ տարվա դեկտեմբերի 7-ին մտել են Այն Իսա, որը գտնվում է քուրդ զինյալների և թուրքամետ ջոկատների միջև։ Նրանց դիրքը գտնվում է Մ-4 մայրուղու հարևանությամբ։ Բացի ռուսաստանցի զինվորականներից, քաղաքում տեղակայված են նաև Սիրիայի կառավարական ուժերի 93-րդ բրիգադի մարտիկները։
Սաուդյան Asharq Al-Awsat թերթի հաղորդմամբ՝ Այն Իսա քաղաքի ծայրամասերը թուրքական բանակի և թուրքամետ զինյալների ծրագրված հարձակման ուղղություններից մեկն են։ Ընդհանուր առմամբ, թուրքերը մտադիր են հարձակվել քրդերի և սիրիական կառավարական բանակի վրա չորս շրջաններում՝ Իդլիբ, Հասաքա, Ռաքքա և Դեյր էր Զոր նահանգներում։
Այս պահին հաղորդվում է Այն Իսայում ռուսական անցակետի ուժեղացման մասին, բացի դրանից՝ ամենօրյա ռուս-թուրքական պարեկությունն իրականացնում է միայն ռուսական կողմը, թուրքերը դրան չեն մասնակցում։ Դրան զուգահեռ՝ արդեն մի քանի շաբաթ է, ինչ թուրքական բանակը համալրում է իր ուժերը՝ Սիրիա տեղափոխելով տեխնիկա և անձնակազմ։
Անցյալ շաբաթ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն մեղադրեց Ռուսաստանին և ԱՄՆ-ին Սիրիայի հյուսիսում քրդերի հետ կապված խոստումները չկատարելու մեջ և ասաց, որ Թուրքիան «ինքնուրույն կանի դա»։ Արաբական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ մոտ օրերս կարող են զինված բախումներ սկսվել թուրքական զորքերի, թուրքամետ զինյալների և քուրդ-արաբական ստորաբաժանումների միջև։