կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-27 14:22
Հասարակություն

68 մլն դրամ՝ ընդամենը 6 ամիս եվրոպացի երևալու համար. քաղաքապետարանի նոր «մտահոգության» գինը

68 մլն դրամ՝ ընդամենը 6 ամիս եվրոպացի երևալու համար. քաղաքապետարանի նոր «մտահոգության» գինը
68 միլիոն դրամը, կրկեսի վերածված ավագանու նիստը և վթարված անիվով միջքաղաքային տրանսպորտը...
 
Ինչպես և խոստացել էի երեկ, այսօր կանդրադառնամ Երևանի քաղաքապետարանի ավագանու՝  երեկ կայացած նիստին։ Անկեղծ ասած՝ առաջին անգամ էի դիտում այն։ Առաջին տպավորությունս այն էր, որ դիտում եմ սովետական ինչ-որ քաղկոմի նիստ՝ համեմված քծնելու և շողոքորթելու բարձրագույն վարպետությամբ։
 
Մի կողմ թողնելով այն հանգամանքը, որ կարծես թե «Իմ քայլը» խմբակցության անդամները մրցում էին «Լավագույն քծնանք» անվանակարգում տեղ զբաղեցնելու նուրբ գործում, անցնենք բուն նյութին։
 
Ուրեմն՝ ավագանին հավանություն տվեց և որոշեց 68 միլիոն դրամ հատկացնել Երևանում տրանսպորտի համար նախատեսված՝ մետաղադրամի ստացման համար սարքեր ձեռք բերելու և տեղադրելու առաջարկին, որից հետո կբացառվի գումարը քաղաքացու կողմից վարորդին տրամադրելու և վերջինիս կողմից այն ստանալու պրակտիկան։
 
Քաղաքակիրթ համակարգի անցնելու և Եվրոպային հասնելու այս նախագիծը, իհարկե, գովելի կլիներ, եթե այդ ճանապարհին վեց ամսվա համար չփոշիացվեր նվազագույնը 68 միլիոն դրամ։ Բանն այն է, որ, պարոն քաղաքապետի կարծիքով, մետաղադրամի միջոցով սպասարկումը այնքան էլ քաղաքակիրթ ու եվրոպական չէ, և ցանկալին քարտային համակարգի տեղադրումն է տրանսպորտում։ Եվ քանի որ նոր տրանսպորտի որոշ մասը նոր է հասել Հայաստան, քարտային համակարգի տեղադրման և համակարգին ընտելացման համար մի վեց ամիս պետք կլինի, այժմ 68 միլիոն կհատկացնեն մետաղական սարք ձեռք բերելուն, իսկ մի վեց ամսից այն կփոխարինեն քարտային համակարգով։
Թե որքան գումար կտրամադրեն քարտային համակարգի համար, քարտային համակարգի տեղադրումից հետո ինչ կանեն 68 միլիոն դրամ արժեցող մետաղական սարքերը, անհայտ է։ Կարևորը՝ որ վեց ամսով նմանվենք եվրոպական քաղաքակիրթ մարդկանց․ հարկատուներիս վրա այդ հաճույքը կնստի 68 միլիոն դրամ։
 
Հ.Գ․ Հետաքրքիր կլիներ իմանալ՝ երևանցիները համաձայն կլինեի՞ն մի վեց ամիս էլ (աբորիգենի՝ ըստ ավագանու կարծիքի) կարգավիճակով երթևեկել, մինչ քարտային համակարգի տեղադրումը, փոխարենը 68 միլիոն դրամ հատկացվեր Հայաստանի սահմանների կահավորմանը։
 
Հ.Գ․ 2 Վնասված անվադողով միջքաղաքային տրանսպորտի մասին կպատմեմ քիչ ուշ։
 

Սարգիս Կարապետյան
ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ