կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-21 16:56
Մշակույթ

Թե ովքեր, ինչու և ինչպես ինձ դուրս դրեցին համալսարանից

Թե ովքեր, ինչու և ինչպես ինձ դուրս դրեցին համալսարանից

«- Մսյո Շոնի, հնարավո՞ր է,

որ բեգեմոտը դառնա ռեկտոր:

- Դժբախտաբար, հնարավոր է»:

Լուի Բուսսենար, «Բաթոկաները պիտի ապրեն»:

Ես աշխատում էի Երեւանի պետական համալսարանում: Օգոստոսի 25-ին նամակ ստացա համալսարանից, որով ինձ հայտնում էին, որ օգոստոսի 31-ից ես ազատված եմ համալսարանից: Ընկերներս ու բարեկամներս, ինձ ճանաչող տարբեր մարդիկ, բանասիրական բաժանմունքի գործընկերներս, շարունակ հարցնում էին, ոմանքՙ քաղաքավարի-զգուշորեն, ոմանքՙ դիվանագիտական նրբավարությամբ, ուրիշներըՙ ուղղակի, առանց ձեւականությունների, թեՙ ճի՞շտ է արդյոք, որ... Հարցնում էին զարմանալով, տարակուսելով, չհավատալով... Ես ասում էիՙ այո՛, ճի՛շտ է... Մի երկուսի արձագանքը ուղղակի զգացական էր` «Ի՜նչ ամոթ է, ի՜նչ ամոթ...»:

Սեպտեմբերն է, ուսումնական տարին սկսվել է, հարցումները շարունակվում են: Եվ բոլորն էլ ինձնից բացատրություն են ուզում, թեՙ ովքե՞ր, ինչո՞ւ եւ ինչպե՞ս:

Ուստի եւ որոշեցի հրապարակավ բացատրություն տալ զարմացողների եւ տարակուսողների հարցումներին:

***

Նախՙ «ովքեր»:

Մոտ երկու տասնամյակ առաջ արտասահմանյան գրականության ամբիոնում մեծ աշխուժություն առաջացավ: Ամբիոնը շատ դիսերտանտներ ու հայցվորներ ունեցավ: Շատերն էին ուզում այս ամբիոնում ատենախոսություն (դիսերտացիա) պաշտպանել եւ դառնալ արտասահմանյան գրականության հուժկու մասնագետ: Եվ շատերը պաշտպանեցին, մոտ քառասուն հոգի, դարձան բանասիրական գիտությունների թեկնածու, բայց, ավա՜ղ, գրականագետ, իհարկե, չդարձան: Եվ չէին էլ կարող դառնալ:

Զարմանալի բաներ էին տեղի ունենում: Տարիներով լեզվաբանության բարդ դասընթացներ վարած,- եթե հավատանք դասընթացների անվանումներին,- օտար լեզուների ամբիոնների դասախոսները թողնում էին իրենց լեզվաբանությունը եւ գալիս ու մեկ օրում դառնում էին բանասիրության թեկնածու, գրականագետ: Այդ մարդիկ երբեւիցե մեկ տող անգամ գրականագիտական նյութ, գոնե մեկ պարզ, նկարագրական գրախոսություն չէին գրել եւ, իհարկե, պաշտպանությունից հետո էլ չգրեցին: Որ կարողանային, կգրեին:

Իրոք զարմանալի բան էր: Պրոֆեսիոնալ գրականագետները դա տեսնում էին, հասկանում էին ամեն բան, գիտեին ինչն ինչոց է եւ միայն լուռ զարմանում էին եւ տարակուսում: Ոչ ոք չի կարող մատնացույց անել մեկին, որը գրականություն դասավանդի, բայց ատենախոսություն ներկայացնի եւ միաձայն պաշտպանի լեզվաբանությունից: Մինչդեռ արտասահմանյան գրականության ամբիոնում դա ոչ միայն հնարավոր էր, այլեւ դառնում էր սովորական բան:

Ահա այս լեզվաբան-«գրականագետների» կողքին կային շատ ուրիշները, որոնք, ճիշտ է, լեզվաբան չէին, բայց նորեն գրականագիտությունից շատ հեռու մարդիկ էին եւ նույնպես գրականագիտական որեւէ նյութ չէին գրել: Նրանք էլ ատենախոսություն ներկայացրին, փայլուն պաշտպանեցին, բայց տարիներ եկան ու անցան, եւ նրանք էլ գոնե մեկ պարզ գրախոսություն չգրեցին: Որ կարողանային, կգրեին:

Եվ այնուամենայնիվ ամբիոնի վարիչ Հենրիկ Էդոյանը, առաջնորդվելով գաղտնախորհուրդ եւ գաղտնիմաստ ինչ-որ հատուկ սկզբունքներով, ամբիոնը համալրեց հենց այս շարքի ու այս կարգի մարդկանցովՙ Անուշ Սեդրակյան, Նատալյա Գոնչար, Վահե Արսենյան, Գայանե Դավթյան, Արփի Պապոյան, Աննա Եգանյան, Ա. Սողոմոնյան, ուրիշներ... Սրանք, իհարկե, գրականագետի վկայական ունենՙ աստիճան, կոչում, բայց, ավաղ, գրականագետ չեն... Իսկ Ա. Սողոմոնյանը ոչ կոչում ունի, ոչ աստիճան, բայց նույնպես դասավանդում է: Բայց մի պարզ ճշմարտություն կաՙ գրականագիտություն դասավանդողը, գրականություն սովորեցնողը պետք է ինքը գրականագետ լինի, գոնե ինչ-որ չափով, գոնե նվազագույն չափով կապ ունենա գրականագիտության հետ:

Արդարությունը պահանջում է ասել, որ, ինչպես ասում են, ամբիոնով անցած մարդկանց մեջ կային եւ շնորհալի, նույնիսկ օժտված մարդիկ,- ես կարող եմ նրանց անունները տալ,- բայց նրանք, իհարկե, չէին կարող ամբիոնում տեղ ունենալ: Ըստ երեւույթին, ինչ-որ այլ արժանիքներ պակաս ունեին կամ ինչ-որ այլ պահանջների չէին բավարարում (այսպես ասենքՙ բավարար հիմքեր չունեին):

Ինչո՞ւ ամբիոնի վերը հիշած մարդիկ իրենց ներկայացրած ատենախոսություններից զատ ոչինչ չեն գրել եւ չեն գրում: Որովհետեւ նրանց ներկայացրածները սոսկ ատենախոսություններ են, հիմնականում սարքված ատենախոսություն եւ ուրիշ ոչինչ:

Այդ կոնվեյերային դիսերտացիաների պատմությունը առանձին ու շատ հետաքրքրական պատմություն է: Դրա տեղը չէ, բայց մեկը հիշեմ: Մի դիսերտանտ,- անունը կարեւոր չէ այս դեպքում, որովհետեւ դիսերտանտը, ինչպես ասում են, դրսից էր,- ներկայացրել էր Դոս Պասոսի վեպերին նվիրված ատենախոսություն: Ինձ հանձնարարվեց ամբիոնում նախնական պաշտպանության ժամանակ ներկայացնել աշխատանքը: Չմանրամասնեմ, աշխատանքում զարմանք ու տարակուսանք հարուցող շատ բան կար: Ստիպված էի հարցերը ուղղել դիսերտանտին: Սա անօգնականորեն շուրջը նայեց եւ ոչինչ չկարողացավ ասել: Պարզվեց, որ դիսերտանտը այն վեպերը, որոնց մասին իբր գրել է, չի էլ կարդացել: Գիտական ղեկավար Հենրիկ Էդոյանը իսկույն հասավ դրությունը փրկելու. «Ի՞նչ ես ինկվիզիցիա սարքում: Օրը կհասնի, պաշտպանության ժամանակ հարցեր կտան»: Նախնական պաշտպանությունը սրանով ավարտվեց: Դիսերտանտը, իհարկե, փայլուն ձեւով պաշտպանեց: Մի քանի դիսերտացիայից հետո ես դարձա անցանկալի անձ նման քննարկումների ժամանակ:

Ամբիոնից օրինակ: Դիսերտանտ Աննա Եգանյանը ներկայացրել էր ատենախոսություն անգլիացի բանաստեղծ Թեդ Հյուզի մասին: Ամբիոնից ինձ հանձնարարվեց ծանոթանալ ատենախոսությանը եւ ներկայացնել այսպես կոչված նախնական պաշտպանությանՙ ամբիոնում քննության ժամանակ: Ես ծանոթացա: Դա ատենախոսություն չէր, այլ զառանցանք, բանդագուշանք: Հայերեն մեկ հատ գրագետ նախադասություն չկար: Պարզ երեւում էր, որ դա անգրագետ թարգմանություն էր օտար լեզվից, հայերեն լեզվի ոչ շարահարություն կար, ոչ շարակարգություն, ոչ ենթակա, ոչ ստորոգյալ:

Ես այդ ամենը մատնացույց արեցի ամբիոնի վարիչին: Ամբիոնի վարիչը տեսավ ակնհայտ խոտանը եւ ասաց, որ պետք է մարդ գտնել, որ հանձն առնի փողով գրել այդ ատենախոսությունը: Այդպիսի մարդ գտնվեց: Նա Աննա Եգանյանի համար գրեց այդ ատենախոսությունը, Ա. Եգանյանը փայլուն պաշտպանեց, դարձավ ամբիոնի դասախոս, հետո շատ արագ դարձավ դոցենտ եւ հիմա գիտական աստիճաններ շնորհող «Արտասահմանյան գրականություն» մասնագիտական խորհրդի գիտական քարտուղարն է: Ցնծա՛, Հայաստան աշխարհ, ցնծա, հայ գրականագիտություն, եւ ցնծա, պետական համալսարան: Խեղճ հայ ժողովուրդ: Ուրեմն, մարդիկ այս ծանր պայմաններում հսկա գումար պիտի վճարեն, որ իրենց զավակներին զանազան Ա. Եգանյանները, Ա. Պապայանները եւ մյուսները դաս տան, գրականագիտություն սովորեցնեն:

Մեզանում, մեր անբարո իրականության մեջ, այսօր ամեն մի արտառոց եւ անկարելի բան հնարավոր է: Կարելի է, օրինակ, համակուրսեցուց գողանալ նրա ադամանդե մատանին, բռնվել հանցանքի մեջ, սրա-նրա ոտքերն ընկած ամենակարող եւ շատ գործնական մոր աղերսանք-աղաչանք-պաղատանքով եւ զորավոր մարդկանց միջնորդությամբ ազատվել քրեական պատասխանատվությունից եւ հետո բաց երեսով մտնել հասարակության մեջ, առանց նույնիսկ մեկ պարզ, նկարագրական գրախոսություն գրելու դառնալ երկրի պետական համալսարանում գրականության դասախոս, սեփական քաղքենի մանր ու ճղճիմ էությունը խայտաբղետ քուրջ ու փալասների հետ համացանցային ցուցանք դարձնելով, էկրանին տակից-գլխից ճամարտակելով գալ ու ով գիտի, ինչ եղանակով ու հնարքով դառնալ գրականության ամբիոնի վարիչ... Եվ դեռ կազմակերպելով ջնջել ուրիշին:

Ամբիոնը «Համատեքստ» խորագրով մի քանի ժողովածու հրատարակեց: Ամբիոնի անդամներին պարտադրվեց ժողովածուի համար հոդված ներկայացնել: Բերեցին, ներկայացրին: Ինձ էլ պարտադրվեց խմբագրել այդ հոդվածները: Բայց դրանց ի՞նչը խմբագրեի: Դրանք հայերեն չէին, դրանք օտար լեզվից եւ օտար շարադրանքից հայերեն անգրագետ թարգմանված կամ վատ փոխադրված նյութեր էին օտար լեզվամտածողությամբ: Հայերեն դարձնելու համար պարզապես անհրաժեշտ էր նորից գրել դրանք: Բավական է թերթել այդ ժողովածուները, նայել այդ հոդվածները, եւ պրոֆեսիոնալ գրականագետը անմիջապես կտեսնի շարադրանքի օտար լեզվամտածողությունը:

Այդ է եղել այս «ովքեր»-ի գրականագիտական գործունեությունը: Արդեն տասը տարի այդ ժողովածուն չկա, եւ այդ հեղինակներից որեւէ մեկը որեւէ տեղ գրականագիտական որեւէ տող չի տպագրել: Որ կարողանային, կգրեին:

Այնպես որ իզուր է Հայաստանի գրական մամուլի էջերում որոնել Անուշ Սեդրակյան, Նատալյա Գոնչար, Գայանե Դավթյան, Արփի Պապոյան, Աննա Եգանյան եւ այդ խմբի այլ «գրականագետների» անունները: Նման գրականագետներ չկան, գոյություն չունեն: Բայց նրանք երկրի պետական համալսարանում գրականագիտություն են դասախոսում, այսինքն ուսանողներին գրականագիտություն են սովորեցնում, մասնագիտական կրթություն են տալիս:

Եվ նրանց բազմակողմանի զարգացածության, ինտելեկտի, էրուդիցիայի այլ վկայություններ էլ մի որոնեք: Դրանք նույնպես չկան, որովհետեւ, ըստ երեւույթին, դրանք ամենեւին էլ կարեւոր չեն գրականագիտություն դասավանդելու համար:

«Ովքեր»ը որոնք են:

***

Հիմա պատասխանեմ «ինչու»-ին: Համալսարանի արտասահմանյան գրականության ամբիոնը տարիներ շարունակ մայրաքաղաքում, մեղմ ասած, բարի համբավ չուներ: Ամբիոնում գործում էր ուսանողների գիտելիքների գնահատության գնահատականի արժեքային ինքնօրինակ մեթոդ, ըստ երեւույթին հիմնված մեծ մանկավարժներիՙ Պեստալոցիի, Յան Ամոս Կոմենսկու եւ այլոց մանկավարժական նուրբ եւ խորունկ հայացքների վրա, որ հետեւողականորեն եւ մեծ հաջողությամբ կիրառում էր ամբիոնի պրոֆեսոր Արտեմ Հարությունյանը: Բայց մի օր Ա. Հարությունյանի մեթոդը դադարեց գործելուց: Պրոֆեսորը մի տխուր օր լուռ եւ անձայն հեռացավ ամբիոնից, կլանը նրան պարզապես փրկեց քրեական պատասխանատվությունից եւ տարավ աչքից (պատասխանատվությունից) հեռու:

Շատ ժամանակ չանցած ամբիոնում մշակված եւ աշխատանքային կերպ դարձած այդ մեթոդը ենթարկվեց նոր փորձության: Պետական քննությունների ժամանակ մեթոդի գործնական կիրառումը իրավապահ մարմինները ընդհատեցին: Գործող անձանց հանդեպ վերաբերմունքը չափազանց մեղմ էր եւ զարմանալիորեն ներողամիտ. ֆակուլտետի դեկան Կ. Կարապետյանին եւ արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ, բանասիրության դոկտոր, պրոֆեսոր, գիտությա՞ն, թե՞ արվեստի վաստակավոր գործիչ Հ. Էդոյանին ընդամենը հեռացրին իրենց զբաղեցրած պաշտոններից, եւ միայն երրորդ անձին ձերբակալեցին եւ ենթարկեցին քրեական պատասխանատվության: Ես ներկա եմ եղել դատական նիստերին: Ի դեպ, ամբիոնի անդամներից միայն ես եմ գնացել դատարան, միայն ես եմ ներկա եղել դատական նիստերին, մյուսները չափազա՜նց մաքուր եւ ազնիվ մարդիկ էին դատարանի դահլիճ գալու համար, իրենք մեղադրվածին ամենեւին չէին ճանաչում, ոչ տեսել էին, ոչ էլ լսել, ոչ էլ հետը սեղան էին նստել:

Ի դեպ, դատարանի դահլիճում բարձրաձայն միացրին-հնչեցրեցին ամբիոնի վարիչի եւ մեղադրվածի բջջային հեռախոսով խոսակցությունների ձայնագրությունը: Ահավոր էր, ամոթալի եւ ստորացուցիչ, ոչ գրելու բան է, ոչ ասելու: Բայց դե Իլֆի եւ Պետրովի ասածՙ մյուս երկուսը պրծան թեթեւ վախով, մեղադրվածին տվեցին ծանր պատիժ: Ամբիոնը սսկվեց, մի շրջան դարձավ լուռ ու խելոք. գիտեին, որ ամբիոնը հատուկ ուշադրության կենտրոնում է:

Ահա, սրան գումարվեց, ավելացավ այսպես կոչված սոցհարցումը: Սա նոր իշխանությունների եւ նոր ժամանակների այլանդակություններից մեկն է, մեր կրթական համակարգը ավերած ախտերից մեկը: Ուսանողներին հարցաթերթիկներ են բաժանում տարբեր հարցումներով: Ուսանողները պետք է պատասխանեն հարցումներին եւ գնահատական նշանակեն դասախոսին, իր գիտելիքներին, իր աշխատանքին: Սա շատ վնասակար, ամոթալի եւ վտանգավոր բան է, սրանից 37 թվականի եւ չինական մշակութային հեղափոխության հոտ է գալիս: Կյանքում որեւէ գիրք չկարդացած, իրականում անգրագետ կամ լավագույն դեպքում կիսագրագետ ուսանողը պետք է գնահատի դասախոսի գիտելիքները: Եղել են դեպքեր, որ կիսամյակի ընթացքում ոչ մի անգամ դասին ներկա չեղած,- դասամատյանը արձանագրել է դա,- դասընթացի բոլոր դասաժամերին բացակա եղած ուսանողը դասախոսի գիտելիքները գնահատել է «զրո», «անբավարար»: Եթե ուսանողը դասախոսությունները չի լսել, ապա ինչպե՞ս է գնահատում դասախոսի գիտելիքը: Դեկանին մատնացույց ես անում, նա գլուխը կախում, ուսերը լուռ թոթվում է:

Ուսանողների գնահատումներից այլեւս կախման մեջ ընկած դասախոսները փոխեցին իրենց աշխատանքային գործելակերպը: Անուշ Սեդրակյանը զուգահեռաբար աշխատում էր բարձրաստիճան ինչ-որ պաշտոնյայի գրասենյակում, ամիսներով դասի չէր գալիս, քննության օրը գալիս էր, կես ժամում բոլորին «գերազանց» էր շարում, եւ որպեսզի դա զարմանք կամ տարակուսանք չառաջացնի, ամբիոնի վարիչ Հենրիկ Էդոյանին հրճվանքով ասում էրՙ «Շեֆ, չես պատկերացնի, ի՜նչ հրաշք ուսանողներ են, ուղղակի հրաշք»: Շուտով ամբիոնի գրեթե բոլոր անդամները որդեգրեցին այս շատ շահեկան եւ սեփական անվտանգությունը ապահովող գործելաոճը, եւ այն դարձավ սովորական: Այսպես, հայկական բանասիրական ֆակուլտետում Արփի Պապոյանը եւ Ստեփանյանը դասավանդում են «17-19-րդ դարերի արտասահմանյան գրականություն»: Ամեն մեկի խմբում մոտ հիսուն ուսանող կար: Քննության ժամանակ բոլոր ուսանողները ստացել էին 18, 19 եւ 20 նիշ, այսինքնՙ գերազանց գնահատական: Բանասիրական ֆակուլտետի դասախոսների եւ դեկանի բերանները բաց էին մնացել: «Այս ի՞նչ է դուրս գալիս,- զարմանում էին նրանք,- այս նույն ուսանողները հայ գրականությունից հազիվ ութ են ստանում (ամենացածր նիշը), արտասահմանյան գրականությունիցՙ միշտ գերազանց: Դուրս է գալիս, որ Նար-Դոսի «Մեր թաղը» չկարդացող-չկարդացած ուսանողները գերազանց գիտեն Ռուսսոյի, Դիդրոյի, Վոլտերի եւ մյուսների գրականությունը: Սա լինելո՞ւ բան է»: Եվ միշտ է եղել այսպես: Ես քանի անգամ սա մատնացույց եմ արել ամբիոնի նախկին վարիչ Արա Առաքելյանին: Նա ասել էՙ այո, ճիշտ է, ամբիոնի առաջիկա նիստում պետք է խոսենք այդ մասին: Քանի տարի է անցել, դեռ պիտի խոսի: Ի՞նչ պիտի խոսեր, ինքն էլ նրանցից մեկն էր:

Ուսանողը գրավոր ստուգման ժամանակ գրել է «Ռոբինզոն Կրուզո» վեպի մասին: Վեպը չի կարդացել, գրել է անհեթեթ բաներ եւ մանավանդ գրածը, մեղմ ասած, անգրագետ շարադրանք է: Ես գնահատել եմ բավարար, հաշվի առնելով կուրսի ընդհանուր վիճակն ու մակարդակը: «Հա, չեմ կարդացել, բայց գիտեմ: Ես պետք է գերազանց ստանամ, ես բոլոր առարկաներից գերազանց եմ ստանում»: «Բայց սա է ձեր գրածը»,- ես ցույց եմ տալիս սխալներն ու անհեթեթությունները: Ուսանողը գրավորն առածՙ գալիս է ամբիոնի վարիչ Արա Առաքելյանի մոտ: Նա վերցնում է գրավորը, լուռումունջ նշանակում է «գերազանց» եւ ուսանողին ճանապարհ է դնում: «Այս ի՞նչ եք անում»,- ասում եմ: «Սո՛ւս, շառ ու փորձանքից, լավ է, հեռու մնանք»: Բայց եթե դուք ազնիվ եւ արդար մարդ եք, ինչի՞ց եք վախենում, ինչի՞ց եք զգուշանում: Բայց նրանք, ինչպես ասում են, իրենց դոսիեն շատ ավելի լավ գիտեն: Անհասկանալի բան է, դուք կրթությո՞ւն եք տալիս, թե՞ կեղծիք ու խաբեություն եք տարածում: Ահա այսպես է, որ ուսանողները սոցհարցումների ժամանակ Ա.Պապոյաններին, Ա.Առաքելյաններին եւ մյուսներին (բոլորն էլ մեկ են, նույն սանրի կտավ) գնահատում են գերազանց, Տեր-Խաչատրյանինՙ անբավարար, երկուս:

Ուսանողներին իբր թե հանձնարարվում է գեղարվեստական եւ տեսական գրականության պարտադիր ցանկ: Պետական ծրագրով դա պարտադիր է, բայց տեսական գրականությունից ուսանողին որեւէ մի դասախոս ոչինչ չի հարցնում: Ի՜նչ դասագիրք, ի՜նչ բան... Չափանիշը ոչ թե նույնիսկ երկի սյուժեն է, այլ սյուժեի մասին գոնե մոտավոր գաղափար ունենալը: Քննասենյակի դռան առջեւ խռնված ուսանողները սյուժեն պատմում են միմյանց. «Աղջի, ես լավ գիտեմ, մամաս կարդացել ա, մամաս ա պատմել»: Ի՜նչ գրականագիտություն, ի՜նչ վերլուծություն, ի՜նչ բան...

Ուսանողները բողոքել էին ինձանից. «Փոխանակ գա, գիրքը պատմի, գալիս ա պատմությունից ա խոսում, պատերազմներից, թագավորների մասին ա պատմում...»: Սրանք Ա. Սեդրակյանի ասած հրաշք ուսանողներն են: Ինձ կանչեցին պրոռեկտոր Ա. Գրիգորյանի մոտ: Փորձեցի բացատրություն տալ: Ասացիՙ դասընթացը գրականության պատմություն է, ծրագրով հաստատված թեմաներ կան, ինչպես օրինակ` «Ֆրանսիական կլասիցիզմի պատմական, քաղաքական, գրական, փիլիսոփայական եւ գեղագիտական նախահիմքերը», դե, ես էլ պետք է ներկայացնեմ նախահիմքըՙ պատմական ժամանակը, բացարձակ միապետության առաջացումը եւ այլն: Պրոռեկտորը ոչ միայն որեւէ բացատրություն կամ պատճառաբանություն չընդունեց, այլեւ խիստ բարկացավ, ուղղակի կատաղեց ու առյուծ կտրեց. «Էդպես եք անում, որ ուսանող չի գալիս, մենք ամեն ինչ անում ենք, մեզ կոտորում ենք, որ ուսանող գա, աբիտուրիենտ գա, դուք անում եք հակառակը, դուք խանգարում եք, փչացնում ամեն ինչ...»: Մեկ-երկու նման միջադեպից հետո համալսարանը ինձ իջեցրեց, նախ, 0,75 դրույքի, ապաՙ կես դրույքի, հետո, ի վերջո, քառորդ դրույքի: Եվ քառորդ դրույքի դեպքում էլ տվեցին հեռակայի մի կուրս, հազիվ 13-15 հոգի, երբ դասի էին գալիս միայն երեք-չորս հոգի: Ընթերցողը պիտի ասի, ինչո՞ւ ժամանակին ձայն չես հանել, ձայն չես բարձրացրել: Ի դեպ, այս ամենի մասին ես քանիցս գրել եմ մամուլի էջերում: Վերջին հրապարակումներից մի քանիսը կարող եմ մատնանշել, ինչպես, օրինակ, «Մեր կրթության մասին» («Պայքար» շաբաթաթերթ, 24 հունվարի 2021, «Մեր ուսուցիչների մասին» («Պայքար», 31 հունվարի 2021), «Մեր համալսարանների մասին» («Պայքար», 7 փետրվարի 2021) եւ այլն: Ձայն հանել եմ, որ ինձ իջեցրին-հասցրին քառորդ դրույքի, հետո էլ բոլորովին դուրս դրեցին: Իհարկե, բարձրացրել եմ, ասել եմ, եւ ռեկտոր Ա. Սիմոնյանը, պրոռեկտոր Ա. Գրիգորյանը եւ ուսումնական մասի վարիչ Հ. Ժամհարյանը ինձ հռչակեցին համալսարանի թշնամի, վկայակոչեցին անհեթեթ ու կեղծ սոցհարցումներում ինձ տրված գնահատականը եւ սկիզբ դրեցին ինձ համալսարանից դուրս հանելու գործընթացին: Ամբիոնը լուռ ու գոհունակորեն ընդունեց ղեկավարության ցուցումը եւ լռելյայն անցավ դրա իրագործմանը:

Ամբիոնում կրթությունը բացարձակապես կեղծիքի եւ խաբեության վրա է հիմնված: Կուրսային եւ դիպլոմային բոլոր աշխատանքները գրում են համակարգչային կենտրոններում, էջըՙ վաղուց սահմանված սակագներով: Հազվադեպ, շատ եզակի դեպքերում, տարին մեկ-երկու հոգի, կարող է ինքնուրույն աշխատանք ներկայացնել: Բավական է կարդալ ուսանողների բերած աշխատանքների մեկ-երկու նախադասությունը կամ պարբերությունը, տեսնելու համար, որ դրանք համացանցից հանված ու սարքված տեքստեր են: Եվ ոչ ոք դրան ուշադրություն չի դարձնում: Ամեն ոք տեսք է ընդունում, թե ամեն ինչ շատ լավ է, որ դրանք ինքնուրույն գրված աշխատանքներ են: Չփորձես ուսանողի ներկայացրած կուրսային կամ դիպլոմային աշխատանքից իրեն որեւէ բան հարցնել: Աղետ կլինի:

Մի ծնող եկել էր բողոքելուՙ «Ես աղջիկ եմ պահել-մեծացրել, ուղարկել եմ համալսարան, դուք երեք հարյուր տարի առաջ, եսիմ երբ գրված հին ու դժվար գրքեր եք տալիս կարդալու: Դրա իմաստը ո՞րն ա... Էրեխեն շատ դժվար ա կարդում, չի կարում կարդա»: Սա էլ Ա. Սեդրակյանի հրաշք ուսանողներից է:

Եվ որովհետեւ ռոմանագերմանական ֆակուլտետ էին դիմում հիմնականում մի որոշակի խավի երեխաները, որոնք, դժբախտաբար, գիրք չէին կարդացել եւ չէին էլ կարողանում կարդալ, դժվար էին կարդում, եւ որպեսզի դիմորդները շատ լինեն եւ համալսարանի գանձատուփը շատ փող մտնի, ռեկտորատը, իհարկե, ընդառաջ գնաց նման ծնողների բողոքին:

Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետում «արտասահմանյան գրականություն» դասընթացը նախապես անցնում էին յոթ կիսամյակում, առաջին կուրսից մինչեւ չորրորդ կուրս: Հիմա թողեցին միայն երեք կիսամյակ, շաբաթը մեկ դաս: Կիսամյակը չորս ամիս է, շաբաթըՙ մեկ դաս, ուրեմն 16 դաս: Հանեք սեպտեմբերի առաջին դասը, դեկտեմբերի երկրորդ կեսը,- դեկտեմբերի 15-20-ից սկսվում են ստուգարքները, հանեք կիսամյակի ընթացքում երկու գրավոր ստուգման օրերը, կմնա հազիվ 12-13 դաս: Երեք կիսամյակումՙ հազիվ 35 դաս: Եվ երեսունհինգ դասի ընթացքում ուսանողը պետք է անցնի անտիկ գրականություն, միջնադար, Վերածննդի գրականություն, 17-19-րդ դարերի գրականություն եւ 20-րդ դարի գրականություն, այսինքն` հին հունա-հռոմեական գրականության, եվրոպական քանի երկրներիՙ իտալական, իսպանական, ֆրանսիական, անգլիական եւ գերմանական գրականության պատմությունը, ինչպես նաեւ ամերիկյան գրականությունը: Սա անհեթեթություն է եւ զավեշտ, բայց փաստ է:

Որպեսզի այս ամենը արդարացվի, ֆակուլտետի անունն ու բնույթը փոխեցին, դարձրին պարզապես օտար լեզվի կուրսեր: Ֆակուլտետը հիմա կոչվում է օտար լեզուների եւ ինֆորմատիկայի ֆակուլտետ: Թե դա ինչ մասնագիտություն է, ոչ ոք կարգին չի կարող ասել, մանավանդ որ հանրապետությունում օտար լեզուների համալսարան արդեն կար եւ այլ քանի համալսարանում էլ օտար լեզուների ֆակուլտետ կա:

Թե այդ դեպքում ի՞նչ է անում այս ամբիոնը, ուղղակի անհասկանալի է: Այս տարի մայիսին հեռակա չորրորդ կուրսի յոթ ուսանող հանձնարարված նվազագույն ցանկից ոչինչ չէին կարդացել եւ կտրականապես հրաժարվում էին քննական տոմսերից եւ պահանջում էին առանց քննության թվանշան նշանակել: Ես, իհարկե, հրաժարվեցի: Նրանք գնացին դիմելու ամբիոնի վարիչ Անուշ Սեդրակյանին: Ամբիոնի վարիչը ինձ ասաց. «Պարոն Տեր-Խաչատրյան, խնայեք ձեր նյարդերը, ես եւ պարոն Էդոյանը կընդունենք քննությունը: Միայն թե ամբիոնի շուրջ որեւէ խոսակցություն չլինի»: Բայց վաղուց արժե, որ լինի: Եթե այդքան ազնիվ ու արդար եք, ի՞նչ խոսակցությունից եք վախենում, ինչո՞ւ եք վախենում եւ զգուշանում: Հինգ րոպեում բոլորին նշանակեցին բարձր թվանշաններ եւ ճամփու դրեցին դեպի մեր դպրոցներն ու զանազան հիմնարկները: Ամբիոնում սա սովորական երեւույթ է: Եվ այս մարդիկ դեռ բարբաջում են ազնվության, արդարության եւ մանավանդ, մանավանդ բարձր ու ազնիվ հայրենասիրության մասին:

Նույն կեղծիքն է նաեւ դիպլոմային աշխատանքների պարագային: Այս տարի ինձ հանձնարարեցին գրախոսելու երեք դիպլոմային աշխատանք: Միայն մեկի մասին ասեմ: Աշխատանքը, իհարկե, սարքել էին համակարգչային ինչ-որ կենտրոնում, կցմցելով համացանցից հանված ինչ-որ անկապ կտորներ: Դիպլոմային աշխատանքի գիտական ղեկավար Վ. Արսենյանը աշխատանքի վրա մակագրել էր, որ գերազանց աշխատանք է եւ պատրաստ է պաշտպանության: Թեման Բրեմ Սթոքերի «Դրակուլա» վեպն էր: Հաջորդ օրը պաշտպանությունն էր: Ցնցողը աշխատանքի վերջին էջն էր: «Օգտագործված տեսական գրականության ցանկ» խորագրի տակ ցուցակով ներկայացված էր միայն «Դրակուլա» վեպի 21 տարբեր հրատարակությունը: Ահա ձեզ «Օգտագործված տեսական գրականության ցանկ»: Ես դա մատնացույց արեցի ամբիոնի վարիչ Անուշ Սեդրակյանին: Սա միայն ուսերը թոթվեց: Ուսանողը հաջորդ օրը բարձր գնահատականով պաշտպանեց իր աշխատանքը:

Եվս մի շատ խոսուն դրվագ: Ուսանողը պետք է գրեր դիպլոմային աշխատանք «Ռադիարդ Քիփլինգի «փոքր» արձակը» թեմայով: Ամբողջ տարվա ընթացքում դիպլոմնիկը չերեւաց, դիպլոմնիկների հետ հանդիպման կարգ ու ժամեր կան նշանակված, դիպլոմնիկը ոչ մի անգամ, իհարկե, չի ներկայացել, չի եկել հանդիպման: Պաշտպանությունից ուղիղ երկու օր առաջ եկավ եւ բերեց մի աշխատանք... Քիփլինգի բանաստեղծությունների տաղաչափական առանձնահատկությունների մասին: Ես ասացի, որ ձեր թեման վաղուց հաստատված եւ գրանցված է, դուք պետք է գրեիք Քիփլինգի «փոքր» արձակիՙ պատմվածքների շուրջ: Լավ, ասաց, վաղը կբերեմ: Եվ, իրոք, հաջորդ առավոտյան բերեց նոր աշխատանքՙ այս անգամ Քիփլինգի պատմվածքների մասին: Ես հարցրեցիՙ հիմնականում ո՞ր պատմվածքներն եք նկատի ունեցել: Դիպլոմնիկը ձայն չհանեց: Լավ, ասացի, առաջին էջում անուններ եք թվարկել, ո՞վ է, օրինակ այս Ստիվենսոնը: Դիպլոմնիկը կատաղեց, թղթերը հավաքեց, չարացած ոտքից գլուխ չափեց ինձ, դուռը գլխիս խփեց ու գնաց: Քիչ անց եկավ դեկանի տեղակալ Գեւորգ Բարսեղյանը, որ հիմա դեկանն է, եւ ինձ կանչեց ամբիոնի վարիչ Արա Առաքելյանի մոտ: Հետը անծանոթ մեկը կար: Այս անծանոթը ասաց, որ ինքը իրավաբանական ֆակուլտետի դասախոս է, նույնիսկ ինչ-որ նախարար է եղել եւ որ իրավական օրենքները շատ լավ գիտի: Հետո սկսեց գոռգոռալ, թե աշխարհում անմեղության կանխավարկած հասկացություն կա, եւ ես իրավունք չունեմ դիպլոմնիկին հարցեր տալու, աշխատանքը բերել է եւ վերջ: Առաջին միտքը, որ գլուխս եկավ, այն էր, թե այս մարդը առո՞ղջ է արդյոք: Ի՞նչ «անմեղության կանխավարկած», սա կրթական հաստատությո՞ւն է, թե՞ դատարան: Ես ասացիՙ բայց ես գիտական ղեկավարն եմ, եթե հարցեր տալու իրավունք չունեմ, ապա ինչպե՞ս պիտի ղեկավարեմ ուսանողի աշխատանքը:

Գոռգոռոցը շարունակվեց, Արա Առաքելյանը գլուխը կախ լուռ նստել էր, դեկանի տեղակալ Գեւորգ Բարսեղյանը խորամանկ ժպտում էր: Լավ, ասացի, գնամ դեկանի մոտ: Դեկանը, Սամվել Աբրահամյան անունով, շատ վառ, ուղղակի պանծալի մի անհատականություն, լուռ լսեց եւ ասաց, որ ինքը ոչինչ չի կարող ասել: Լավ, ասացի, կգնամ ռեկտորի մոտ: Քարտուղարուհուց ունկնդրություն խնդրեցի: Տասնյակ տարիների ընթացքում կյանքումս առաջին անգամ մտա համալսարանի ռեկտորի աշխատասենյակը: Մտա ներս, բարեւեցի: Ռեկտոր Սիմոնյանը բարեւիս չպատասխանեց: Դե, ինքը «ակադիմիկի տղա», շատ նշանավոր մեծ գիտնական, մանավանդ որ «խալադելնիկի կառոբկայի մեջ» չի ապրում, ես ո՞վ եմ որ... Եվ հետո, ի դեպ, 18-րդ դարի ռուս ճորտատերերն էլ ճորտերի խոնարհ բարեւներին չէին պատասխանում: Ես համառոտ շարադրեցի բանի էությունը, պատմեցի ինչ որ եղել էր: Կարծում եք ռեկտորը զարմացա՞վ, վրդովվե՞ց եւ կամ զայրացա՞վ: Ամենեւին ոչ: Ռեկտորը գլուխը կախ լուռ լսեց եւ միայն հարցրեց, թե ո՞վ էր իրավաբանական ֆակուլտետից եկած անձը: Ես ասացիՙ կարծեմ ազգանունը Սարգսյան էր: Ռեկտորը նորից լռեց, հետո ասացՙ գնացեք, իրար հետ լեզու գտեք: Եվ հասկացրեց, որ ինձ հետ խոսակցությունն ավարտված է:

Ես դուրս եկա շշմած ու ջախջախված: Այս մարդը այս ի՞նչ ասաց: Ես հարցնում եմ` ես հիմա իրավունք ունե՞մ ուսանողին հարցեր տալու, թե՞ ոչ: Եթե իրավունք չունեմ, ապա ինչպե՞ս պիտի ղեկավարեմ աշխատանքը, նա, պետական համալսարանի ռեկտորը, ինձ ասում էՙ գնացեք իրար հետ լեզու գտեք: Ո՞ւմ հետ լեզու գտնեմ, ի՞նչ ասել է «լեզու գտնել»: Մոսկվայի համալսարանի ռեկտորներ Ռեմ Խոխլովը կամ Վիկտոր Սադովնիչին այսպե՞ս կարձագանքեին այս դրությանը, կասեինՙ գնա խարդախների հետ լեզո՞ւ գտիր: Սա էր պետական համալսարանի իրական դեմքն ու մակարդակը: Եվ այս մակարդակով մենք ուզում ենք հաղթող լինել: Այդ օրը ես վերջնականապես հասկացա, որ այն համալսարանը, 1960-70-ական թվականների մեր համալսարանը, որի շենքին անգամ նայում էինք սրբազան դողով եւ երկյուղածությամբ, վաղուց արդեն գոյություն չունի: Իսկ այն, ինչ այսօր կա, շատ դժվար է անվանել գրվելիք բառերով:

Երկու բառ ասեմ նաեւ ամբիոնի առօրյա աշխատանքների մասին: Ամբիոնում վաղուց գրական լեզու գոյություն չունի: Մագիստրատուրայի դասերը սովորաբար լինում են ամբիոնի կաբինետում, եւ դասից ազատ դասախոսները հաճախ նստած են լինում կաբինետում: Դասի ժամանակ դասախոսները ուսանողների հետ խոսում են փողոցի գռեհիկ լեզվով, ժարգոնային բառերով: Նատաշա Գոնչարն էլ խոսում է ոչ այն էՙ ռուսերեն, ոչ այն էՙ ռըսախառն հայերեն, դրան հնում ասում էին քյավառա-նիժեգորոդյան լեզու: Հնարավո՞ր էր նման բան անգամ պատկերացնել Մկրտիչ Մկրյանի, Գեւորգ Ջահուկյանի, Էդվարդ Աղայանի, Հովհաննես Բարսեղյանի եւ մյուս ընտիր դասախոսների ժամանակներում: Եվ դեռ ավելին, Վահե Արսենյանը կարող է դասի ժամանակ հանել հսկա բրդուճն ու կոլայի շիշը եւ ուտելով վարել դասը: Հավանաբար Քեմբրիջում կամ Հարվարդում էլ են այդպես դասավանդում: Ես քանի անգամ այս բաները մատնացույց եմ արել ամբիոնի վարիչ Արա Առաքելյանին, նա միայն լուռ ուսերն է թոթվելՙ «Այդպիսի մարդիկ են, ի՞նչ անենք»:

Այն, ինչ ես գրեցի, բոլորը գիտեն: Ի վերջո, կան նաեւ խելքը գլխին փորձառու դասախոսներ, որոնք ամեն ինչ գիտեն, շատ ավելին գիտեն, քան ես ասացի եւ պարզապես լռում են, որովհետեւ կարծում են եւ վստահ են, որ ոչինչ անել հնարավոր չէ:

Ի վերջո, այն, ինչ ես գրեցի, ինչպես հայտնի խոսքն է ասում, իրականության մեկ տասներորդի քսաներորդն էլ չէ եւ բուն իրականության եւ իրողության չնչինագույն մասն է:

Եվ այսպիսի կեղծ կրթությամբ, կրթության այսպիսի մակարդակով մենք ուզում ենք հաղթե՞լ: Բայց ինչո՞ւ պիտի հաղթենք, ի՞նչ տրամաբանությամբ, տրամաբանության ո՞ր օրենքով... Երկրի իսկական դեմքը, վիճակը, ուժը եւ կարողականությունը ամենից ավելի հստակ երեւում-արտահայտվում է կրթության հանդեպ վերաբերմունքի մեջ: Պետք է իսկապես մարդ կրթել եւ քաղաքացի դաստիարակել: Հայաստանում այսօր քանի՞ հոգի կարող է խոսել կիրթ եւ գրագետ գրական լեզվով, քանի՞ ուսուցիչ է խոսում գրական լեզվով... Այ, երբ կունենանք իսկական դպրոց, արժանավոր դպրոցական կրթություն, երբ կունենանք իսկական բարձրագույն, իսկական համալսարանական կրթություն, հետեւապես կունենանք ազգային միասնական բարձր գիտակցությամբ կազմակերպված կիրթ ու ամրակուռ հասարակություն, ուրեմն` կունենանք հզոր եւ ուժեղ երկիր եւ պետություն, եւ ոչ մի թուրք, ոչ մի թշնամի չի կարող սպառնալիք լինել մեզ, չի կարող մեզ համար վտանգ ներկայացնել: Բայց, ավա՜ղ...

...Ահա այսպես ես դարձա անցանկալի անձ համալսարանի ղեկավարության եւ ամբիոնի մարդկանց համար: Ես փաստորեն խանգարում էի ամբիոնի մանկավարժական ազնիվ ու անբասիր գործունեությանը: Եվ ինձնից, իհարկե, պետք է ազատվեին, պետք է ինձ համալսարանից դուրս դնեին...

Եվՙ դրեցին:

Սա էլ «ինչու»-ի պատասխանը:

***

Հասանք «ինչպես»-ին: Ինչպե՞ս ինձ դուրս դրեցին: Շատ հասարակ: Ամբիոնի նիստ հրավիրեցին: Ասացին, որ չորս հոգու վերահաստատում է լինելու (ատտեստացիա): Եկել էին մի քանի հոգի, մյուսները մասնակցում էին հեռակա կարգովՙ համակարգիչի միջոցով: Ըստ ամենայնի, ամեն ինչ նախապես որոշել ու պայմանավորվել էին: Ձեզ թվում էՙ դրեցին ու չորսին մեկ առ մեկ քննարկեցի՞ն: Ամենեւին ոչ: Ներկաներին թղթիկներ բաժանեցինՙ չորսիս անուններով: Մյուսները քվեարկությանը մասնակցում էին համակարգիչով: Քվեարկեցին, հետո հաշվեցին, ասացին. «Երեք հոգիՙ Ն. Գոնչարը, Վ. Արսենյանը եւ Աննա Եգանյանը ստացել են 11-ական ձայն, Ե. Տեր-Խաչատրյանըՙ մեկ թե երկու ձայն»: Ֆարսը ավարտվել էր: Ահա այսպես ինձ համալսարանից դուրս դրին:

Ինձ վայել չէ, առհասարակ կիրթ մարդուն վայել չէ անհամեստ լինելը, բայց հիմա ես ստիպված եմ, ուղղակի հարկադրված եմ անհամեստ լինելու: Ես ստիպված եմ ասելու, որ վերջին քսան տարում, 2000 թվականից հետո, հրատարակել եմ մոտ յոթանասուն անուն գիրք, որոնցից մոտ երեսունհինգը գրական, բանասիրական, գրականագիտական եւ բնագրագիտական (տեքստոլոգիական) ծանր ու սրտամաշ աշխատանքի արդյունք ծավալուն հատորներ են:

Ես նաեւ արվեստաբան եմ: Գրել եմ արվեստի ու արվեստաբանական գրքերի առաջաբաններ, խմբագրել եմ արվեստաբանական գրքեր, կազմել եմ կերպարվեստի պատկերագրքեր, գրել եմ դրանց առաջաբանները:

Այս բոլորից զատ, գրել եմ գրականության եւ մշակույթի ամենատարբեր հարցերին ու խնդիրներին նվիրված հարյուրավոր հոդվածներ, որոնք տպագրվել են հայաստանյան եւ Սփյուռքի մամուլի էջերում:

Ես գիտեմ ճարտարապետություն եւ ճարտարապետության պատմություն եւ խմբագրել եմ մեկ տասնյակից ավելի ճարտարապետական գրքեր եւ ուսումասիրություններ: Ոչ թե այդ գրքերի վրա պարզապես դրված է իմ անունը եւ ոչ էլ իմ խմբագրումը վերաբերում է գրվածի լեզվական գրագիտությանը: Ամենեւին ոչ: Իմ խմբագրական աշխատանքը վերաբերել է բուն շարադրանքի իմաստին, մասնագիտական բովանդակությանը: Գրիչը ձեռքիս ես խմբագրել եմ դրանց ամեն մի տողը: Հենց միայն «Պալյաններ»-ի հսկայածավալ հատորը մեկուկես տարվա համառ աշխատանք էր:

Որեւէ մեկը պատկերացնո՞ւմ է, թե սա ինչ ծավալ է եւ ինչ հսկայական աշխատանք է ընդամենը քսան տարում:

Անհամեստացել եմ, անհամեստանամ մինչեւ վերջ: Ես գիտեմ, թե ինչ է թատրոնը եւ գիտեմ թատրոնի պատմություն: Ի դեպ, ֆրանսիական դրամատուրգիա էինք անցնում եւ ասեմ, որ ողջ ամբիոնից միայն ես եմ, որ մի քանի տարի ամռան ամիսներին Փարիզում «Կոմեդի Ֆրանսեզ»-ում եւ այլ թատրոններում դիտել եմ Կոռնեյլի, Մոլիերի եւ մյուս դասականների բոլոր բեմադրությունները եւ կարող եմ դատել դրանց մասին:

Ես գիտեմ նաեւ կինոարվեստ եւ կինոյի պատմություն:

Եվ այսքանից հետո, պարզվում է, որ ես իրավունք չունեմ լսարան մտնելու, ես ուսանողին չեմ կարող որեւէ բան տալ: Եվ դասավանդելու իրավունքից ինձ զրկում է,- քանի որ չեմ կարող իրերին իրենց իսկական բնութագրումներն ու անունները տալ, դրանք կլինեն չգրվելիք բառեր, ուստի պետք է ընտրեմ ամենամեղմ, նուրբ եւ բարեկիրթ բառերը,- ուրեմն, ինձ դասավանդելու իրավունքից զրկում է ամբիոնի գենդերային կիսագրագետ խաժամուժը:

Բայց մոռանանք այս բոլոր գարշելի բաները: Դանիացի մի մերժված, միայնակ ու դատապարտված մարդ կար, որ ասում էրՙ թո՛ւհ դրանց վրա...

***

Այո, մոռանանք, որովհետեւ հազարապատիկ ավելի մեծ ու կարեւոր, մանավանդ տագնապահարույց խնդիր ու մտահոգություն կաՙ մեր դպրոցական եւ համալսարանական (բուհական) կրթության վիճակն ու մակարդակը: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ վերջին տասնամյակներում մեր դպրոցական եւ բուհական կրթությունը լիովին ավերված, ոչնչացված է, պարզապես գոյություն չունի: Ամենայն պատասխանատվությամբ ասում եւ պնդում եմ, որ համալսարանի բանասիրական եւ ռոմանագերմանական ֆակուլտետները ուսանողներ էին ընդունվում առանց որեւէ գիրք կարդացած լինելու եւ ավարտում էին համալսարանըՙ առանց որեւէ գիրք կարդալու, եւ զավեշտը այն է, որ երբեմնՙ գերազանցության դիպլոմով: Ես դա տեսել եմ, դրա ականատեսն ու վկան եմ: Նայեք մեր մամուլի եւ հեռուստատեսության գրագիտության մակարդակը: Բայց չէ՞ որ դրանք բոլորը բարձրագույն կրթության վկայական ունեն: Սրանից էլ լա՞վ ապացույց վերը ասվածի:

Մեկ այլ ցնցող փաստ. անկախության շրջանում ավելի քան երկու հարյուր հիսուն հոգի դարձել են գրականագիտության թեկնածու եւ դոկտոր: Եթե նրանցից ամեն մեկը տարեկան գոնե մեկ մասնագիտական գրախոսություն գրեր, ապա գրականագիտական լուրջ դաշտ ու միջավայր կունենայինք: Բայց այդ երկու հարյուր հիսուն հոգին միասին տարին մեկ հատ,- մե՛կ հա՛տ,- չեմ ասում մասնագիտական հոդված, մեկ հատ պարզունակ, նկարագրական գրախոսություն չի գրում: Եվ ոչ ոք պատասխան չի տալիս այս ստորության, այս կեղծ գիտական աստիճանների համար: Այս մեկ փաստը ավելին է ասում, քան հարյուր կամ հազար հոդված: Եվ սրանով, այս մակարդակո՞վ ենք ուզում հաղթել: Ինչո՞ւ պիտի հաղթենք, ի՞նչ տրամաբանությամբ: Մեր պարտությունը այստեղ է եւ սկսվել է վաղուց: Ինչքան կարելի է ամեն ինչ ներկայացնել գունազարդված տեսքով, ինչքան կարելի է կեղծիքը ներկայացնել վարդագույն մշուշի մեջ իբրեւ իրականություն:

Մեր վտանգված կրթությունը վտանգում է մեր երկրի ու մեր ժողովրդի ապագան ավելի, քան որեւէ թուրք: Եվ ո՞վ կամ ովքե՞ր են գալու փրկելու մեր դպրոցական եւ բուհական կրթությունը, այսինքնՙ վտանգից փրկելու մեր երկրի եւ մեր ժողովրդի ապագան:

Ես, որ վերջին տասնամյակներում համակարգի ներսից եմ տեսել ավերումը, տեսել եմ, թե ինչ անկասելի ավեր է գործում անդիմադրելի փտախտըՙ վերից վար եւ տեսել եմ, թե որքան խորն են տարածված քաղցկեղի ճիրաններն ու շոշափուկները, բացարձակապես չեմ հավատում, որ դա երբեւիցե հնարավոր է:

 

azg.am