կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-15 16:04
Քաղաքական

Մամուլի դեմ իշխանությունները պայքարում են միաժամանակ մի քանի հարթություններում. Սաթիկ Սեյրանյան

Մամուլի դեմ իշխանությունները պայքարում են միաժամանակ մի քանի հարթություններում. Սաթիկ Սեյրանյան

Հեղափոխությունից հետո այն, ինչ տեղի է ունենում մամուլի, խոսքի ազատության նկատմամբ, ինչ-որ իմաստով հետին պլան է մղում այն դեպքերը, որ տեղի են ունեցել նախկին իշխանությունների ժամանակ: Այս մասին ասաց Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը Այլընտրանքային նախագծեր խմբի կազմակերպած «Դեպի բռնապետություն. Հետընթաց իրավունքներից» թեմայով պանելային քննարկման ժամանակ։

Նա նշեց, որ թեև բոլոր իշխանությունները մշտապես ցանկացել են ինչ-որ իմաստով ազատվել ազատ խոսքից կամ լռեցնել այն, բայց վերջին 3.5 տարում վիճակն անհամեմատելի է, և այս ընթացքում լրագրողները շատ կոշտ, դաժան հարձակումների ենթարկվեցին:

«Մամուլի դեմ ուղղված որևէ գործողություն խոսքի ազատության, տեղեկացված լինելու իրավունքի դեմ է: Այն ամբողջ իրավիճակը, որը տեղի է ունենում մամուլի շուրջ, միայն առաջին հայացքից է վերաբերում լրագրողներին, իրականում բացառապես քաղաքական խնդիր է և արտահայտում է ժողովրդավարության, մարդու իրավունքների, ազատությունների նկատմամբ գործող իշխանությունների վերաբերմունքը: Դրա պատճառն այն է, որ ՀՀ-ում ձևավորվել և խորանում է ձևով ժողովրդավարական՝ լոզունգների մակարդակում, բովանդակությամբ՝ ավտորիտար համակարգ»,- ասաց նա:

Սեյրանյանի խոսքով՝ անցած 3.5 տարիներին, բայց հատկապես պատերազմի ընթացքում և դրանից հետո, խոսքի ազատության և մամուլի դեմ իշխանությունների գործողությունները կրում են խիստ համակարգված և հետևողական բնույթ:

«Մամուլի դեմ իշխանությունները պայքարում են միաժամանակ մի քանի հարթություններում՝ օրենսդրական, որպես դրա հետևանք՝ ֆինանսական, բայց հավասարապես՝ նաև քարոզչական մակարդակներում: Մի կողմից փորձ է արվում լռեցնել և վերահսկելի դարձնել մամուլը, մյուս կողմից՝ նրան զրկել առանց այդ էլ սուղ ֆինանսական միջոցներից և աղբյուրներից»,- ասաց Սաթիկ Սեյրանյանը և հավելեց, որ քարոզչական դաշտում իշխանությունը մամուլը հռչակել է որպես դասակարգային թշնամի, և ամենատարբեր միջոցներով հասարակության շրջանում փորձ է արվում ձևավորել կարծրատիպ, որ լրատվամիջոցներն իշխանություններին խանգարում են աշխատել, շենացնել երկիրը: