կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-16 17:36
Հասարակություն

Որոշ կազմակերպություններ պետք է հաշտվեն մտքի հետ, որ Ժուռնալիստների միությունը վերափոխվում է և ունի սեփական կարծիք. Սաթիկ Սեյրանյան

Որոշ կազմակերպություններ պետք է հաշտվեն մտքի հետ, որ Ժուռնալիստների միությունը վերափոխվում է և ունի սեփական կարծիք. Սաթիկ Սեյրանյան

Օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր hraparak.am-ի «Նոր իշխանությունները ՀՀԿ-ին չեն զիջում» վերտառությամբ հրապարակմանը, որում նշել էր. «Ես ուզում եմ հասկանալ այս հրապարակման տրամաբանությունը. Հայաստանի Հանրապետության կամայական քաղաքացիներ կարող են հավաքվել գնալ խաշ ուտելու՝ մարդա 3000 դրամ հավաքելով, իսկ իշխող խմբակցության անդամները իրավունք չունե՞ն։

Ես եմ նման միջոցառում կազմակերպելու առաջարկի հեղինակը և ուրախ եմ, որ լրատվամիջոցները լիարժեք վայելում են խոսքի ազատության իրենց իրավունքը և իշխանությանը վերագրում են այնպիսի մեղքեր, ինչպես օրինակ՝ հանրապետականներին նմանվելն է՝ շնչել-արտաշնչելով, սնունդ ընդունելով, և նույնիսկ խաշ ուտելով։ Այս չափանիշով հանրապետականին նմանվում են Հայաստանի միլիոնավոր քաղաքացիներ։

Մենք միայն մի բանով չենք նմանվում հանրապետականներին, որ այս եւ այսօրինակ լրատվամիջոցներին կոնտրոլի տակ չենք առնում։ Եւ նրանց տեքստերից ծորում է նոստալգիան հանրապետական կոռումպացված իշխանության նկատմամբ։ Չէ՞ որ երկար տարիներ կողք կողքի գործելով նրանք համարյա հարազատացել են»:

Այս առնչությամբ Ժուռնալիստների միությունը հայտարարություն էր տարածել՝ մտահոգություն հայտնելով մամուլի նկատմամբ Փաշինյանի որդեգրած գործելաոճի վերաբերյալ։

«Նիկոլ Փաշինյանի սույն արձագանքը ոտնձգություն է հանրային կառավարման համակարգի կարևորագույն ենթահամակարգի՝ մամուլի նկատմամբ, որը համարժեք հակաքայլերի չարժանացնելու դեպքում կարող է մամուլին ուղղված այլ՝ ավելի վտանգավոր վերաբերմունքի պատճառ դառնալ Հայաստանի Ժուռնալիստների միությունը դատապարտում է պետության բարձրագույն պաշտոնը զբաղեցնող գործչի կողմից ազատ մամուլի դեմ ուղղված այս քայլը՝ իր աջակցությունը հայտնելով «Հրապարակ» թերթին ու նրա աշխատակիցներին։ Հայաստանի Ժուռնալիստների միությունը՝ որպես լրագրողական հանրության շահերը պաշտպանող կազմակերպություն, հետևողական է լինելու իշխանության կողմից ազատ մամուլի դերի, գործառույթների ու իշխանությանը վերահսկողի առաքելության գիտակցման արմատավորման հարցում։ Հակառակ դեպքում՝ ազատ մամուլի գործունեության որևէ սահմանափակման պարագայում, Հայաստանը կարող է հայտնվել ժողովրդավարական ավտոկրատիայի ճիրաններում, ինչի բազմաթիվ վկայությունները, ցավոք, դրսևորվել են անցած ինն ամիսներին»,- ասվում էր Ժուռնալիստների միության հայտարարության մեջ:

Ժուռնալիստների միության այս  հայտարարությանն անդրադարձել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ ասելով, որ մեծ երևակայություն է պետք ունենալ Փաշինյանի ասածները որպես ճնշում ընկալելու համար, և որ Ժուռնալիստների միությունն ոչ այլ ինչ է, եթե ոչ Խորհրդային միության մնացորդ կառույց։

Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում Ժուռնալիստների  միության նախագահ, «168 Ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը պատասխանեց  Մելիքյանի հայտարարություններին:

«Կարծում եմ, որ որևէ մնացորդ կառույց, շենք, կազմակերպություն հնարավոր է նոր բովանդակությամբ լցնել, բայց մարդուն փոխել ՝ չէ, սովետական գաղափարների կրող, մնացորդ համարվող մարդուն՝ չէ։ Այդ անձն ասում էր, որ «Հրապարակի» լուրն այնքան անլուրջ էր, որ անհարկի լրջացվեց Նիկոլ Փաշինյանի, ապա նաև Ժուռնալիստների միության կողմից։ Փաստորեն, Աշոտ Մելիքյանը տվյալ դեպքում անլուրջ է համարում Նիկոլ Փաշինյանին, մենք անլուրջ չենք համարում, որովհետև Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, կարևորել է այդ լուրի լրջությունը, որովհետև նա հարկ է համարել «Ֆեյսբուք»-ում դիմել ամբողջ հանրությանը․․․ Ես և Ժուռնալիստների միությունը լուրջ ենք համարում Նիկոլ Փաշինյանին՝ որպես պաշտոն զբաղեցնող անձի, և նրա հայտարարություններում լուրջ մեղադրանքներ էի  տեսնում, ուստի հարկ համարեցի անդրադառնալ»,- ասաց Սեյրանյանը՝ հավելելով, որ «պետք է որոշ կազմակերպություններ հաշտվեն այն մտքի հետ, որ Ժուռնալիստների միությունը վերափոխվում է և ունի սեփական կարծիք»:

Ի դեպ, Երևանի Մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը ևս չի կարծում, որ վարչապետի արձագանքը ճնշում է: Ըստ նրա՝ խոսքի ազատության մակարդակը ներկայումս բարձր է:

Հանդիպմանը ներկա` «Մեդիա պաշտպան» ծրագրի ղեկավար Աղասի Ենոքյանը շեշտեց, որ «այդ կազմակերպությունները լավ տեղավորվել էին դաշտում և տպավորություն կար, որ կայացած ինստիտուտներ են, բայց տեսանք, որ այդպես չէ»: «Դրանք քաղաքականացված ինստիտուտներ են»,- շեշտեց նա՝ հավելելով, որ խնդիրներ կան նաև լրատվական դաշտում:

«Այն լրատվամիջոցները, որոնք համարվում էին ազատ մամուլ, այսօր  դարձել են կուսակցական մամուլ,  սա զուտ այն պատճառով, որ ղեկավարները կուսակցական ցուցակներով մտել են պառլամենտ»,- ասաց Ենոքյանը:

«Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանի կարծիքով` լրատվամիջոցների իրավունքների պաշտպանությանը կոչված կազմակերպությունների փոխարեն, որոնք այսօր անցել են Նիկոլ Փաշինյանի իշխանության կողմը, կարող են գալ նորերը, եթե չխանգարեն:

«Սուրբ տեղը դատարկ չի մնա, կստեղծվեն հասարակական նոր կազմակերպություններ, Աշոտ Մելիքյանին կփոխարինեն նոր  մարդիկ, որոնք հասկանում են մամուլի իրական արժեքը, գնահատում են ազատ խոսքը, դողում են ազատ խոսքի վրա, պատրաստ են կանգնել լրատվամիջոցի կողքին, եթե անգամ նա սխալ է թույլ տվել: Այստեղ կարևորը մինչև վերջին խազը մամուլի ազատությունը պաշտպանելն է: Այդ հարցում կոմպրոմիսի չի կարելի գնալ»,- ընդգծեց նա:

Պատեհ առիթն օգտագործելով` Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը մեկ այլ կարևոր խնդիր բարձրացրեց, որի հետ բախվում են լրատվամիջոցները:  «Ֆեյսբուք»-ում տեսնում ես` այսինչ պաշտոնյան գրառում է կատարել, բայց պաշտոնական կայքում դա չկա,  ինչի՞  վրա հիմնվել: Պետք է ճիշտ աշխատել, ամբողջ աշխարհում օգտվում են սոցցանցից` որպես ինֆորմացիոն առիթ: Օրինակ` եթե Թրամփը «Թվիթեր»-ում գրառում է կատարում, դա չի նշանակում, որ նրա լրատվական ծառայությունը չի աշխատում, ավելին` լայնածավալ է աշխատում: Երկրորդ՝ չգիտենք, թե որ դռնից հարց ուղարկենք, որ պատասխան ստանանք, ասում են՝ հնգօրյա ժամկետ... Իշխանությունները պետք է հասկանան, որ օպերատիվության չափանիշները փոխվել են: Պետք է ճկուն լինեն ու կարևոր տեղեկատվությունը պակաս կարևորից տարբերեն, նրանք չեն  հասկանում: Իրենց օպտիմալացման շրջանակում կա'մ փակեն լրատվական ծառայությունները, կա'մ  դադարեն «Ֆեյսբուք»-ում պաշտոնական տեղեկություն, տեսակետներ հաղորդել»,- նշեց Սեյրանյանը: