կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-15 12:32
Քաղաքական

Շարունակվում է պետական տեռորն ընդդիմադիր քաղաքական շատ գործիչների նկատմամբ․ պատգամավոր

«ՀՀ-ն ,  մեր գնահատմամբ, գտնվում է բռնապետության ճանապարհին․․․ Շարունակվում է պետական տեռորն ընդդիմադիր քաղաքական շատ գործիչների նկատմամբ, ցուցադրաբար անազատության մեջ են պահվում ընդդիմադիր պատգամավորներ։ Կան ընդդիմադիր պատգամավորներ, որոնք խնդիր ունեն ՀՀ-ից մեկնելու հետ, նաև այն դեպքում, երբ նրանք միջազգային կառույցներում հայաստանյան պատվիրակությունների անդամներ են։ Արդեն մի քանի ամիս է՝ ինչ դատական համակարգում չի գործում էլեկտրոնային մակագրման համակարգը, ըստ էության մակագրումը տեղի է ունենում կամայական կերպով։ Մենք շատ հաճախ ականատեսն ենք լինում, որ գործերը մակագրվում են այնպիսի դատավորների, որոնցից կարելի է ակնկալել որոշակի որոշումներ»,-նման գնահատական հնչեցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը՝   Այլընտրանքային նախագծեր խմբի կազմակերպած «Դեպի բռնապետություն. Հետընթաց իրավունքներից» թեմայով պանելային քննարկման ժամանակ։

Ըստ բանախոսի  Հայաստանում  հետընթաց է ապրում խոսքի ազաությունը, սահմանփակվում է հավաքների ազատությունը, ցանկացած հավաք վերածվում է բերման ենթարկելու շքերթի։Նրա խոսքով  խնդիրներ կան ոստիկանության հետ․

«Ընդամենը երկու օր առաջ տեսանք, թե ինչպես են ոստիկանները երեխաների աչքի առաջ բռնություն կիրառում ու բերման ենթարկում նրանց հորը։ Մտահոգիչ իրավիճակ է կորոնավիրուսի համավարակի պատվաստման առումով, քանի որ իշխանությունը չի կարողանում իրականացնել բոլոր անհրաժեշտ քայլերը հանրության մոտ վստահություն ստեղծելու ու այդ խնդիրը կագավորելու համար։ Ըստ էության, մթնոլորտը դառնում է պայթունավտանգ, ու մենք կանգնած ենք լուրջ մարտահրավերների առջև»,-ասաց Էլինար Վարդանյանը։

Էլինար Վարդանյանի համոզմամբ երեկվա անքուն գիշերը փաստում է, որ առաջնայինը անվտանգության խնդիրն  է․

«Մենք մնում ենք մեր տեսակետին, որ պետք է ստեղծել պետական տեռորի դեմ  դիմադրության  համակարգեր ու պետք է գտնել  հանրության կոնսոլիդացիայի բանաձև»,-ասաց Էլինար Վարադանյանը։

 Հիշեցնենք, որ Այլընտրանքային նախագծեր խումբը կազմակերպել է պանելային քննարկում «Դեպի բռնապետություն․Հետընթաց իրավունքներից» թեմայով ։  

Քննարկմանը մասնակցում են իրավաբաններ, փաստաբաններ, միջազգային իրավունքի մասնագետներ, խորհրդարանական և հասարակական սեկտորի ներկայացուցիչներ, պատգամավորներ։