Լրագրող, փորձագետ Նաիրի Հոխիկյանն արձագանքել է Դանիել Իոաննիսյանի վերջին աղմկահարույց գրառմանը, որում անդրադարձ է կատարվում 1 տարի առաջ այս օրերին Հադրութի շրջանի հանձնմանը թշնամուն: Ստորև ներկայացնում ենք փորձագետի անդրադարձը, որը նաև հանցագործության մասին հաղորդում է.
Մինչ Հայաստանի հարավային հարևանությամբ ռազմական լարվածությունը հասնում է գագաթնակետին, ՔՊ-ն իր խոսափողների միջոցով փորձում է վերջնական կոտրել հայկական բանակի ողնաշարը։
Կասկածելի արտասահմանյան փողերով սնվող ինչ-որ կազմակերպության կասկածելի կենսագրություն ունեցող ոմն Դանիել Իոաննիսյան հրապարակումներ է անում' հետևողականորեն վարկաբեկելով բանակի սպայական անձնակազմին։
Նիկոլ Փաշինյանի բոլոր կեղտոտ գործարքները և արարքները արդարացնող այդ տղան հրապարակում է, թե ինքը 2020-ի հոկտեմբերին մասնակցել է Հադրութի մարտերի հետախուզությանը, և ինքը համոզված է, որ Հադրութի անկման պատճառը հայ սպաների վատ ծառայությունն էր։
Եթե ՀՀ-ի ԱԱԾ-ն իրականում ազգային անվտանգության մասին մտահոգված լինի, ապա Իոաննիսյանի այդ հայտարարության համար պետք է քրեական գործ հարուցի' պարզելու.
- Ինչպե՞ս է զինված ուժերի հետ կապ չունեցող, արտաքին փողերով սնվող քաղաքացիական անձը հասանելիություն ունեցել ռազմական հետախուզությանը։ Ո՞վ է թույլ տվել, որ Իոաննիսյանը մասնակցի ռազմական գաղտնիք պարունակող հետախուզության տվյալների քննարկմանը։ Եթե այդ տղան ճիշտ է ասում, ապա քրեորեն պետք է պատժվեն և Իոաննիսյանը, և այն սպան, որը թույլ է տվել նրա մասնակցությունը հետախուզությանը։
- Եթե Իոաննիսյանը ստում է (իսկ ես կարծում եմ, որ նա ստում է), ապա կրկին պետք է պատասխանատվության ենթարկվի զրպարտության և հայկական բանակի վարկաբեկման համար։
Իրավապահ մարմինները իմ այս հրապարակումը կարող են ընդունել որպես հանցագործության մասին հաղորդում։
Միաժամանակ ցավով արձանագրում եմ, որ նախկինում ևս այդ տղան թույլ է տվել արարքներ, որոնք պատշաճ արձագանք չեն ստացել անվտանգային կառույցների կողմից։ Չմոռանանք, որ 2020թ. հոկտեմբերին նույն Իոաննիսյանի քրոջը Ստեփանակերտում մեր ջոկատը մեկուսացրեց կասկածելի պահվածքի, ռազմավարական օբյեկտների նկարահանումների համար։ Այդ մասին իմ հրապարակումներից հետո դատախազությունը ընթացք տվեց, բայց տևական ժամանակ անց հայտարարեց, թե աղջիկն այդ նկարահանումներն անելիս չի գիտակցել, թե ինչ է անում։
Վարդենիսի ու Երասխի վրա ադրբեջանական ագրեսիայի ժամանակ նույն Իոաննիսյանը զարմանալիորեն հայտնվում էր այնտեղ ու անում գործողություններ, որոնք արգելված են քաղաքացիական անձանց։ Համենայն դեպս այդպես նա գրում էր։ Չեմ բացառում, որ ստել է։
Հասկանում ենք, չէ՞, թե արտաքին փողերով աշխատող սույն տղան ինչ վտանգ է մեր պետականության համար, և ինչպես է ԱԱԾ-ն ամենավերևից թելադրանքով աչք փակում այդ ամենի վրա։
Հաջորդիվ կանդրադառնամ Իոաննիսյանի կատարմամբ Փաշինյանի հանձնարարած այլ ավելի կոնկրետ սադրանքների' ընդդեմ հայոց պետականության և հայկական բանակի։