կարևոր
1036 դիտում, 1 շաբաթ առաջ - 2024-06-24 22:15
Հասարակություն

Լուսաձայնային նռնակի հետևանքով ձեռքի դաստակը կորցրած Եսայի Քարամյանի փաստաբանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել

Լուսաձայնային նռնակի հետևանքով ձեռքի դաստակը կորցրած Եսայի Քարամյանի փաստաբանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել

Հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանության կողմից լուսաձայնային նռնակներ կիրառելու հետևանքով ձեռքի դաստակը կորցրած Եսայի Քարամյանը պահանջում է առանձին քրեական վարույթ նախաձեռնել՝ ոստիկանության կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ։ Փաստաբան Մանուշ Եսայանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ նոր քրեական վարույթ նախաձեռնելու մասին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի հատկանիշներով։ Առ այս պահը փաստաբանը որոշում չի ստացել՝ ոչ հաղորդման հիման վրա քրեական վարույթ նախաձեռնելու, ոչ Եսայի Քարամյանին ՝ արդեն քննվող գործով տուժող ճանաչելու մասին։

Հիշեցնենք, որ հունիսի 12-ին ոստիկանության գործողությունների՝ բռնության և լուսաձայնային նռնակների կիրառման հետևանքով տուժել է ավելի քան 101 քաղաքացի, այդ թվում՝ լրագրողներ, սակայն իրավապահներն առ այս պահը գնահատականներ չեն տվել ոստիկանության ծառայողների գործողություններին, իսկ վերջիններիս գործողություններից տուժած քաղաքացիների՝ տարբեր աստիճանների վնասվածքներ ստանալու հանգամանքները քննարկվում են, այսպես կոչված, «Զանգվածային անկարգության» գործով, որով ձերբակալությունների մասին ՔԿ-ն ջանասիրաբար հայտնում է։

Նախաքննական մարմինը, սակայն, առ այս պահը լռում է՝ տուժած քաղաքացիների մասին։

Աղբյուր` Փաստինֆո