Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը Ռ.Քոչարյանի գործով դատավոր Դավիթ Գրիգորյանի դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել: Այս մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:
Հաղորդման մեջ մասնավորապես նշված է.
«Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դ.Գրիգորյանը թիվ ԵԴ/0253/01/19 քրեական գործի շրջանակներում 2019 թվականի մայիսի 20-ին կայացրել է որոշում Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին: Դատավոր Դ.Գրիգորյանը, մասնավորապես, որոշել է մեղադրյալ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի և այլոց վերաբերյալ թիվ ԵԴ/0253/01/19 քրեական գործով դիմել ՀՀ Սահմանադրական դատարան՝ խնդրելով`
ա. քննարկել և պարզել կիրառման ենթակա ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասի և դրա հետ փոխկապակցված ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի (մինչև 2009 թվականի մարտի 20-ին ընդունված ՀՕ-53-Ն օրենքի ուժի մեջ գտնվելը գործող խմբագրությամբ) համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 72-րդ, 73-րդ և 79-րդ հոդվածների պահանջներին,
բ. Մեկնաբանել ՀՀ Սահմանադրության 56.1 և 57-րդ հոդվածները (2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 140-րդ և 141-րդ հոդվածները) ՀՀ Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածների համատեքստում:
Գտնում եմ, որ հիշյալ դատական ակտը ակնհայտ ապօրինի և անարդար է և կայացվել է դատավորի կողմից իր լիազորությունների ակնհայտ սահմանազանցմամբ: Պատճառաբանությունները հետևյալն են.
Քրեական դատավարության օրենսգրքի 31 հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ քրեական գործով վարույթը … դատարանի որոշմամբ կարող է կասեցվել, եթե դատարանը գտնում է, որ կիրառման ենթակա օրենքը կամ այլ իրավական ակտը հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Այս դեպքում դատարանն իրավունք ունի կասեցնել գործի վարույթը և դիմել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան:
Տվյալ դեպքում դատավոր Դ.Գրիգորյանը անցել է իր լիազորությունների սահմանը և դիմել է Սահմանադրական դատարանից մեկնաբանություններ ստանալու խնդրանքով, որի իրավունքը, Քրեական դատավարության օրենսգրքի 31 հոդվածի երկրորդ մասին համապատասխան և Սահմանադրության 6 հոդվածի համատեքստում, չուներ:
Ավելին, Դ.Գրիգորյանը ոչ միայն այդ իրավունքը չուներ, այլև Հայաստանի Հանրապետության սահմանադրության 168 հոդվածի (նախորդ խմբագրմամբ 100 հոդված) համաձայն՝ Դ.Գրիգորյանի խնդրանքը չի բխում նաև Սահմանադրական դատարանի լիազորություններից, ինչը Դ.Գրիգորյանը չիմանալ չէր կարող:
Հիշյալ որոշման կայացմամբ Դ.Գրիգորյանը խախտել է նաև դատական ակտ կայացնելու դատավարական կարգը և հիշյալ որոշումը կայացնելով կողմի միջնորդության հիման վրա, կոպիտ կերպով չի պահպանել միջնորդությունների քննարկման դատավարական ընթացակարգը:
Եթե հաշվի առնենք, որ խոսքը գնում է գործող օրենսդրությունից քաջատեղյակ սուբյեկտի մասին, հիշյալ խախտումները անզգուշության հետևանք լինել չեն կարող և միանշանակ վկայում են Դ.Գրիգորյանի կողմից հանուն Հայաստանի Հանրապետության արդարադատության իրականացումից հրաժարվելու և խուսափելու մասին:
Սահմանադրական դատարան դիմելու Դ.Գրիգորյանի արհեստական դատավարական հնարքների մասին է վկայում նաև այն, որ հիշյալ որոշման պատճառաբանական մասում գրելով «հիմնավոր կասկածներ ունեմ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերության սահմանադրականության վերաբերյալ» հիմնավորումը, Դ.Գրիգորյանը Սահմանադրական դատարան է դիմել բոլորովին այլ իրավանորմի սահմանադրականության հարցով:
Ուշագրավ է, որ հիշյալ դատական ակտը ամբողջությամբ կառուցված է Դ.Գրիգորյանի անձնական դրդումների վրա, ինչի մասին են վկայում վերջինիս անձնական, իր կարգավիճակից չբխող և իր կողմնակալության մասին ուղղակի վկայող բազմաթիվ ձևակերպումներ, որոնք են, օրինակ.
• Վերոհիշյալով պայմանավորված` լիովին կիսում եմ Վերաքննիչ դատարանի դիրքորոշումն,
• Վերոհիշյալ դիրքորոշումները համադրելով սույն գործի փաստերի նկատմամբ` գտնում եմ, որ Ռ.Քոչարյանին մեղսագրված արարքի նկարագրությունից ակնհայտորեն հետևում է, որ նրան վերագրված արարքները վերաբերում են որպես Նախագահ իր կարգավիճակին, այլ ոչ որպես մասնավոր անձ կատարած գործողություններին: Հետևաբար, սույն դեպքում Ռ.Քոչարյանն օգտվում է պաշտոնաթող նախագահի համար ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված գործառութային անձեռնմխելության երաշխիքից,
• Վճռաբեկ դատարանի ձևավորած դատողությունները համոզիչ չեն,
• Վճռաբեկ դատարանը հանգել է սխալ հետևության,
• Հանրապետության նախագահը անձեռնմխելի է, ինչը ենթադրում է, որ վերջինս չի կարող քրեական հետապնդման և պատասխանատվության ենթարկվել իր լիազորությունների իրականացման ժամկետում ինչպես իր կարգավիճակից բխող գործողությունների համար, այնպես էլ իր կարգավիճակի հետ չկապված գործողությունների կատարման համար,
Այսիպիսի դատողություներ և կարծիքներ ունեցող դատավորը պետք է առնվազն ինքնաբացարկ հայտներ, քանի որ ունի արդեն իսկ ձևավորված կարծիք, որն ի դեպ մարդկայնորեն հարգելի է, այլ ոչ թե շարունակեր դատավարական գործողությունների իրականացումը՝ այսպիսի որոշումներ կայացնելով:
Ավելին, հիշյալ և մի շարք այլ կասկածներ ունեցող դատավորը իր իսկ կայացրած որոշման տրամաբանությամբ մեղադրյալ Ռ.Քոչարյանի նկատմամբ պարտավոր էր ոչ թե խափանման միջոց ընտրել, այլ խափանման միջոցը պարզապես վերացնել:
Խնդրում եմ սույն նամակը համարել որպես հաղորդում հանցագործության մասին:
Ալեքսանդր Սիրունյան»,-նշված է հայտարարության մեջ: