Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց, որ ԱԱԾ վերջին հաղորդագրության մեջ հիշատակվող 2011 թ. մատակարարված, բայց անպիտան հրթիռներն իր պաշտոնավարման ժամանակ պաշտպանության նախարարության կողմից չեն գնվել, դրա դիմաց չի վճարվել, այն միայն ի պահ է տրվել պահեստներում՝ մատակարար ընկերության խնդրանքով՝ հետագայում այլ երկիր տեղափոխելու նպատակով:
«Խնդիրն այն է, որ ԱԱԾ հայտարարության մեջ որոշակի փաստերի, տեղեկատվության խեղաթյուրում կա: 2011 թվականին մատակարարող կազմակերպությունը ՀՀ ԶՈւ-ին մատակարարել է ավիացիոն ռազմամթերք, որի 30 տոկոսն ընդունվել էր զինված ուժերի համապատասխան վարչության՝ Գլխավոր շտաբի կողմից և ՊՆ-ն վճարել է դրա դիմաց: 30 տոկոսը պիտանի է եղել, մնացած 70 տոկոսը քանի որ եղել է անպիտան, ՊՆ-ն չի ընդունել, բայց քանի որ դա ռազմամթերք է՝ բավական մեծ չափեր ունեցող եւ պայթյունավտանգ, հրդեհավտանգ է, մատակարարող կազմակերպությունը, համապատասխան տեղ չունենալով, խնդրել է մեզ, մենք էլ ի պահ վերցրել ենք ԶՈւ-ի համապատասխան հրթիռա-հրետանային սպառազինության պահեստներում՝ այն պայմանով, որ մատակարարող կազմակերպությունը ձեռք կբերի թույլտվություն՝ լիցենզիա տարանցիկ փոխադրման, կամ այլ երկիր մատակարարելու, վաճառելու համար: Իմ ժամանակ մենք դա չենք ընդունել եւ դրա դիմաց գումար չենք վճարել: Քանի որ նախաքննություն է ընթանում, կարող եմ միայն ավելացնել, որ հետագայում այն գնվել է 2018 թ-ին:մնացած հարցերը կարող եք ուղղել նախաքննությունը վարող մարմնին ու ՊՆ-ին: ԱԱԾ-ի հաղորդագրությունից կարող է թվալ, թե այդ անսարք սպառազինությունն ընդունվել է ՊՆ հենց իմ պաշտոնավարման օրոք, ինչը չի համապատասխանում իրականությանը»,- նշեց նա:
Սեյրան Օհանյանը հայտնեց, որ ինքն ամիսներ առաջ քննվող քրեական գործի շրջանակում հարցաքննվել է վկայի կարգավիճակով:
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն սեպտեմբերի 25-ին հայտնել էր, որ ՀՀ զինված ուժերի ավիացիայի նախկին պետը ձերբակալված է նյութական ծանր հետևանքների առաջացմամբ իշխանությունը չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու կասկածանքով։ Ըստ հաղորդագրության` նա ի պաշտոնե տեղյակ է եղել, որ դեռևս 2011 թվականին զենք և ռազմամթերք մատակարարող կազմակերպություններից մեկը ՀՀ է ներմուծել 1985-1991 թվականների արտադրության հրթիռներ։
Մատակարարումից որոշ ժամանակ անց հրթիռների մի մասը չեն կրակվել և դուրս են հանվել հաշվեկշռից, իսկ մնացածն ընդհանրապես չեն կիրառվել, այդ թվում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմի ժամանակ: